Սուրեն Սուրենյանց/ Դեմոկրատական այլընտրանք
918 subscribers
298 photos
30 videos
1.16K links
Քաղաքական գործիչ, Քաղաքագետ
Download Telegram
Ժամանակին իմ շրջապատում մի ինքնագոհ տխմար կար, ով բոլոր բարդ հարցերի համար ուներ պատրաստի պրիմիտիվ լուծումներ: Այդ մարդու մասին երեկ ակամայից հիշեցի, երբ լսեցի ԱԽ քարտուղար Արմեն Գրիգորյանի հարցազրույցը: Թեմային ավելի լուրջ առաջիկայում կանդրադառնամ:
«Մենք ոչ թե հրաժարվել ենք, այլ որոշում կայացրել տարբեր պատճառներով կոնկրետ այդ միջոցառումներին ներկա չգտնվել»,- ՀԱՊԿ գագաթնաժողովին չմասնակցելու մասին ասել է Փաշինյանը:
Հիմա հայոց լեզվին քաջածանոթ որևէ մեկը թող բացատրի՝ ո՞րն է տարբերությունը «նիստին ներկա չգտվելու» և «նիստին մասնակցելուց հրաժարվելու» միջև, եթե երկուսի մոտիվացիան ու արդյունքը նույնն են: Հենց նման «կռուտիտային» հիմքով էլ արտաքին քաղաքականություն է կառուցվում:
Հայաստանի աշխարհաքաղաքական կողմնորոշման ուղեցույցը ԱԺ.դահլիճում պատգամավոր Նվարդ Վարդանյանի նստելու տեղն է. Նիկոլ Իջևանցի, «Նվարդը՝ գեոպոլիտիկ ուղեցույց» իմաստասիրական աշխատություն, գլուխ 6-րդ, էջ 2023
Հաստատուն տպավորություն է, որ Հայաստանը ոչ թե արտաքին քաղաքականության փոխլրացմամբ կամ դիվերսիֆիկացիայով է զբաղված, այլ ճամբարափոխությամբ: Media Post Factum-ի անդրադարձը:
Հայաստանի համար նոր ծուղակներ եմ տեսնում. ո՞րն է ելքը

Մինչ շատերը ոգևորված են արևմտյան մայրաքաղաքներից հնչող ականջահաճո հայտարարություններով, ես Հայաստանի համար նոր ծուղակներ եմ տեսնում, մանավանդ, որ երկիրն այս պահին չունի իրական դաշնակիցներ:
Իհարկե, գիտակցում եմ, որ ռեալիստական միտքն այս պահին ճգնաժամ է ապրում, տարբեր կալիբրի պոպուլիստները դարձել են մերօրյա «հերոսները», բայց ես չեմ դադարի ասել այն, ինչը համարում եմ ռեալպոլիտիկ:
Սկզբունքորեն պետք է դուրս գանք «փրկիչներ» գտնելու կոմպլեքսից(երեկ դա Ռուսաստանն էր, այսօր՝ Արևմուտքը) ու սովորենք կարդալ տեքստերը խորությամբ՝ գիտակցելով, որ աշխարհաքաղաքական ցանկացած կենտրոն հետապնդում է իր շահերը, որոնց հետ կարող ենք ունենալ հատման և հակադրության կետեր:
Հիմա՝ ծուղակների մասին:
Մի քանի օր առաջ ԵՄ անանուն աղբյուրն «Ազատությանն» ասել էր, որ դեկտեմբերին Բրյուսելում հնարավոր է Միշել- Փաշինյան- Ալիև եռակողմ հանդիպում ու հատուկ նշել էր, թե դրա ընթացքում քննարկվելու է նաև Ադրբեջանը Նախիջևանի հետ կապող տրանսպորտային հաղորդակցության հարցը:
Այս արտահոսքը մի քանի միֆեր հերքեց:
Առաջինն այն է, թե իբրև Ալիևը վախենում կամ խուսափում է բրյուսելյան հարթակից:
Չկա նման բան, բացարձակապես ու այս փաստարկը ծիծաղելի է թվում հատկապես այն պատճառով, որ հենց բրյուսելյան գործընթացում է Ալիևը ստացել Արցախը «կլանելու» հնարավորություն՝ անկախ այն հանգամանքից, որ այդ հարցում Ալիևին աջակցել է նաև ռուսների, մեղմ ասած, անգործությունը:
Եվ այսպես, Ալիևը Բրյուսելից ոչ թե փախչում է, այլ ամեն ինչ անում է, որպեսզի այնտեղ գնա իր օրակարգով՝ դա համարելով նախապայման:
ԵՄ-ի արտահոսքն անուղղակիորեն հաստատում է այս վարկածը ու, թերևս, Երևանին համոզելու համատեքստում պետք է դիտարկել Բորելի ականջահաճո հայտարարությունները:
Եթե «Ազատության» լուրն արժանահավատ է, ստացվում է՝ Փաշինյանը դեկտեմբերին գուցե Բրյուսել գնա այն օրակարգով, ինչի պատճառով հրաժարվել է մեկնել Մոսկվա:
«Ցանկացած միջանցք պետք է ստեղծվի միայն Հայաստանի համաձայնությամբ»,- ժամեր առաջ Կոնգրեսի լսումներում ասել է ԱՄՆ պետքարտուղարի օգնական Ջեյմս Օ'Բրայենը:
Ձևակերպումը խիստ ուշագրավ է:
Ամերիկացի դիվանագետն ինքնին չի բացառում միջանցքի ստեղծումը, ինչն արդեն մասնակիորեն նշանակում է՝ ընդունել Բաքվի օրակարգը, այլ ընդամեն արձանագրում է, որ դա անթույլատրելի է բացել պատերազմի միջոցով ու շեշտը դնում է Հայաստանին համոզելու վրա:
Այս առիթով մի քանի անգամ հայտնել եմ իմ կարծիքը:
Գերտերությունների վեճի առարկան ամենևին էլ չի եղել ԼՂ-ը կամ նրա ժողովրդի ճակատագիրը, Հայաստանի ինքնիշխանությունը կամ Ադրբեջանի մաքսիմալիզմը. նրանք դաժան պայքարի մեջ են՝ խաղաղության մոդեռատորության(ինչը ենթադրում է տարածաշրջանային գերիշխանություն) և կոմունիկացիաների վերահսկողության հարցերում:
Նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարությունը ենթադրում էր Ադրբեջանի և Նախիջևանի տրանսպորտային հաղորդակցություն՝ ռուսական վերահսկողությամբ, որովհետև այդ փուլում Ռուսաստանն էր տարածաշրջանի անվտանգության հիմնական սպոնսորը ու այդ հավակնություններից չի հրաժարվել մինչև այս պահը՝ թեև ուկրաինական պատերազմն ազդել է նրա ազդեցության ու հեղինակության վրա:
Խորապես համոզված եմ, որ «միջանցքից ցածր, ճանսպարհից ավելի» կարգավորումով այս հաղորդակցությունը ցանկացած պարագայում ունենալու է արտաքին վերահսկողության ինչ-որ մեխանիզմ՝ նայած այն հանգամանքին, թե ով է լինելու Հարավային Կովկասը «նայողը»:
Ըստ այդմ, անկեղծ չեն Փաշինյանի «ինքնիշխանականության» հայտարարությունները, նա ընդամենը պայքարում է հնարավոր ռուսական վերահսկողության դեմ՝ ամենևին էլ դեմ չլինելով վերահսկողության միջազգային այլ մեխանիզմների:
Իհարկե, այս խաղը Փաշինյանն, ինչպես միշտ, վարում է առանց հաշվարկների, ինչի հետևանքը կարող են լինել Հայաստանի տարածքային կորուստներն ու պետականության ճգնաժամը:
Հայաստանը պատերազմում պարտված կողմ է ու պարտիան վերախաղարկելու ռեսուրսներ գրեթե չունի. մենք արդեն անվերադարձ կորցրել ենք Արցախը, բայց կարող ենք խույս տալ նոր ծուղակներից:
Բայց դրա համար պետք է հրաժարվել արկածախնդրությունից, ուկրաինական/վրացական սցենարները կրկնելու գայթակղությունից:
Հայաստանը պարտավոր է իրապես դիվերսիֆիկացնել իր արտաքին քաղաքականությունը, անվտանգային համակարգը՝ ճամբարափոխության փոխարեն: Համաշխարհային տուրբուլենտության պայմաններում ճամբարափոխությունն առհասարակ արկածախնդրություն է, որը Հայաստանը կարող է կանգնեցնել Ալեքսանդրապոլ-2-ի առջև:
Եվ վերջապես, աշխարհը գնում է ռեգիոնալացման ու պետք է գիտակցել, որ Հայաստանի պետության գոյությունը և անվտանգությունը մեծապես պայմանավորված են հայ-ռուսական և հայ-թուրքական հարաբերությունների որակից:
Իմ այս գրառումը որևէ առնչություն չունի արտաքին քաղաքական համակրությունների կամ հակակրանքի հետ, որովհետև սկզբունքորեն մերժում եմ «մետությունը» կամ «հակամետությունը»:
Ես ռեալիստական դիրքերից շարադրել եմ իմ մոտեցումները:
ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը «իրական առաջընթաց» է արձանագրել իր և Չինաստանի նախագահ Սի Ցզինպինի բանակցություններում: «Գոյություն ունեն կարևորագույն գլոբալ պրոբլեմներ, որոնք պահանջում են մեր համատեղ լիդերությունը»,- գրել է Բայդենը:
Բայդենը ֆանտաստիկ է ու շարունակում է զարմացնել:
Ամիսներ շարունակ Վաշինգտոնը մեծ ջանքեր գործադրեց՝ ԱՄՆ և Չինաստանի նախագահների հանդիպումը կազմակերպելու համար, որի ավարտին Սպիտակ տան ղեկավարն արձանագրեց «իրական առաջընթացի» մասին, որ ընդամենը դրանից ժամեր անց Բայդենի շուրթերով Սին դարձյալ «դիկտատոր» անվանվի:
Անդադար կարելի է իդեալականացնել ԱՄՆ-ին, միևնույն է՝ էլիտան շատ արագ կարող է ի չիք դարձնել այդ միֆերը:
Հիմա Վաշինգտոնը Պեկինի հետ համագործակցությո՞ւն, թե առճակատում է ուզում:
Թուրքիան նոյեմբերի 17-ից մեկ տարով կերկարաձգի Ադրբեջանում տեղակայված իր զինվորականների մանդատը․ Թուրքիայի Ազգային մեծ ժողովն է երեկ հավանություն տվել Թուրքիայի նախագահ Ռեջեփ Էրդողանի նոյեմբերի 13-ին ներկայացրած օրինագծին։
Ընդ որում, հղում է արվում Նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարությանը, ինչը փաստացի նշանակում է՝ ռուսական խաղաղապահ առաքելությունը ևս դեռ մեկ տարի մնալու է ԼՂ-ում:
Ի՞նչ տողատակեր կան Մոսկվայի, Բաքվի և Անկարայի նման պայմանավորվածություններում՝ դժվար է ճշգրտությամբ կանխատեսել:
Փաշինյսնի ցինիզմը. արձագանք վարչապետի ելույթին

Որ առանց ԼՂ խնդրի լուծման ու հայ- թուրքական հարաբերությունների կարգավորման հնարավոր չէ երաշխավորել Հայաստանի զարգացումը, նույնիսկ՝ պետականությունը, դա ակնհայտ ճշմարտություն է:
Դա «կարմիր թելի» նման անցնում է Առաջին նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանի 1997-ի հայտնի հոդվածում: Ի դեպ, այս թեզերը Տեր-Պետրոսյանը շարունակ կրկնել է նաև 2008թ-ի գործընթացի բազմաթիվ դրվագներում, երբ նրա հարթակում կանգնած էր նաև Նիկոլ Փաշինյանը, ով, ինչպես երևում է, այն օրերին չի հասկացել Առաջին նախագահի ուղերձները, այսօր էլ՝ զբաղված է ռեալիստական որոշ թեզերի անբարեխիղճ շահագործմամբ՝ ստեղծված վիճակի համար պատասխանատվությունից խուսափելու նպատակով:
«Ծույլ, կամակոր աշակերտի» կոմպլեքսով տառապող Փաշինյանն այսօր տեսական դատողություններ է արել այս հարցերի շուրջ:
Եթե անգամ ընդունենք, որ նրա որոշ տեսական դատողություններ ճիշտ են, ապա միանգամայն սխալ է նրա այն ելակետը, թե «1996-ից(Լիսաբոնի գագաթաժողովից հետո) ԼՂ հարց գոյություն չի ունեցել»:
Հայաստանի իշխանության արդյունավետ դիվանագիտության շնորհիվ՝ 1-1,5 տարվա ընթացքում, հաջողվել է հաղթահարել Լիսաբոնի անբարենպաստ դիվանագիտական համատեքստը(Ադրբեջանի տարածքային ամբողջականության ճանաչման իմպերատիվը) ու 1997-ի Փուլային տարբերակը լիովին երաշխավորում էր ԼՂ խնդրի արժանապատիվ, Առաջին պատերազմի հաղթանակն ամրագրող լուծում՝ ԼՂ փաստացի անկախության, Արցախի հայկականության իրական մեխանիզմներով:
1998-ի պետական հեղաշրջումն է վիժեցրել նման փայլուն հետանկարը:
1998-2020թթ-ին առաջարկվել են ԼՂ խնդրի կարգավորման տարբերակներ, որոնցից յուրաքանչյուրը ուղղակի բաղձալի մի երազանք է թվում այն ավերի համեմատ, ինչին հանգեցրեց Փաշինյանի քաղաքականությունը:
Ավելին, եթե Փաշինյանը 2019-ին ընդուներ համանախագահների կոնսոլիդացված առաջարկությունը, ԼՂ խնդիրն ունենալու էր արժանապատիվ լուծում, գլխավորը՝ երաշխավորված էր լինելու Արցախի հայկականությունը:
Վարել մի արկածախնդիր քաղաքականություն, Հայաստանի և Արցախի գլխին բերել համազգային աղետ, փակել Արցախի հայկականության էջը ու խորհրդարանի ամբիոնից հայտարարել, թե «1996-ից ԼՂ հարց գոյություն չի ունեցել»՝ ավելին է, քան սովորական ցինիզմը:
Սա Արցախի կործանման պատասխանատվությունից խուսափելու անփառունակ փորձ է՝ պատմության և փաստերի նենգ խեղաթյուրման, պատմական իրադարձությունների ընտրողական ու ոչ բարեխիղճ մատուցման միջոցով:
Բաքվի դեմարշը

ԱՄՆ պետքարտուղարի՝ Եվրոպայի և Եվրասիայի հարցերով օգնական Ջեյմս Օ՛Բրայանի երեկվա հայտարարություններից հետո, Ադրբեջանը չեղարկել է 2023 թվականի նոյեմբերի 20-ին Վաշինգտոնում Ադրբեջանի և Հայաստանի արտգործնախարարների մակարդակով հանդիպմանն իր մասնակցությունը:
Այն իրավիճակն է, ինչի մասին մի քանի անգամ զգուշացրել եմ վերջին շրջանի իմ հարցազրույցներում:
ԱՄՆ-ն, անշուշտ, մնում է թիվ մեկ գերտերությունը, սակայն աշխարհում ուժերի հարաբերակցություն է փոխվում, ինչի հետևանքով, մի կողմից, Սպիտակ տունը չի կարողանում(կամ չի ուզում) գործուն աջակցություն ցուցաբերել Երևանին, մյուս կողմից՝ հստակ գործիքակազմ չունի, որի միջոցով ճնշում գործադրի Բաքվի վրա:
Խոսքը հատկապես վերաբերում է Բայդենի վարչակազմին, որը քաղաքական և բարոյական առումով մաշված է:
Հենց այս իրավիճակի համար եմ ասում, որ խիստ վտանգավոր է Հայաստանի միակողմանի խաղն Արևմուտքի հետ:
Համաշխարհային տուրբուլենտության պայմաններում ճամբարափոխությունն առհասարակ արկածախնդրություն է, որը Հայաստանը կարող է կանգնեցնել Ալեքսանդրապոլ-2-ի առջև: Media Post Factum-ի անդրադարձը:
Շատ դժվար է, երբ բոլոր ընդդիմախոսներդ նույն գծի մեջ են՝ առանց առարկայական փաստարկների: Այնուամենայնիվ, ես ցանկացած ֆորմատում մնալու եմ իմ դիրքորոշումներին հավատարիմ՝ այն համոզվածությամբ, որ ամիսներ հետ իմ կանխատեսումներն իրականություն են դառնալու: Դիտեք իմ բանավեճը Factor TV-ի եթերում:
Վարել մի արկածախնդիր քաղաքականություն, Հայաստանի և Արցախի գլխին բերել համազգային աղետ, փակել Արցախի հայկականության էջը ու խորհրդարանի ամբիոնից հայտարարել, թե «1996-ից ԼՂ հարց գոյություն չի ունեցել»՝ ավելին է, քան սովորական ցինիզմը: Media Post Factum-ի անդրադարձը:
Ֆուտբոլի Եվրոպայի առաջնության եզրափակիչ փուլի ուղեգիր Հայաստանը կարող է ձեռք բերել միայն տեսականորեն: Դրա համար մեր տղաները նախ այսօր պետք է հաղթեն Ուելսի հավաքականին, ապա մի քանի օրից, մրցակցի հարկի տակ, երկու գնդակի առաքելությամբ պետք է առավելության հասնեն խորվաթների նկատմամբ: Գրեթե անլուծելի խնդիր է, սրանով հանդերձ՝ շատ կարևոր է, որ Հայաստանի հավաքականը այսօր հաղթի Ուելսին: Սա կարող է իրական հնարավորություն ստեղծել՝ խմբում գոնե երրորդ տեղը զբաղեցնելու համար:
Լավ խաղ, բայց...

Հայաստանի հավաքականը, հատկապես երկրորդ խաղակեսում, ուներ բացահայտ առավելություն և կարող էր հաղթել Ուելսի թիմին: Ցավոք, խաղն ավարտվեց ոչ-ոքի 1:1 հաշվով:
Հայաստանը գործնականում կորցրեց եզրափակչի ուղեգիր նվաճելու հնարավորությունը. նման հրաշք կարող է տեղի ունենալ եթե այսօր Խորվաթիայի հավաքականը միավորներ կորցնի Ռիգայում, եթե դրանից հետո Հայաստանի հավաքականը հյուրընկալվելիս պարտադիր հաղթի Խորվաթիային ու եթե Ուելսի հավաքականը վերջին տուրում, սեփական հարկի տակ, պարտադիր պարտվի Թուրքիայի ընտրանուն:
Ինչպես տեսնում եք, «եթե»-ները չափազանց շատ են ու Հայաստանի հավաքականն, ըստ ամենայնի, նույնիսկ 3-րդ հորիզոնականում չի հանգրվանի՝ բավարարվելով խմբային նախավերջին տեղով:
Դե, ֆուտբոլում էլ հրաշքներ չեն լինում. խորվաթները հաղթեցին լատվիացիներին՝ մեր հավաքականին զրկելով ուղեգիր նվաճելու անգամ տեսական հնարավորություններից: