Vardan Voskanyan's Channel
4.8K subscribers
308 photos
52 videos
1 file
210 links
Opinion and analysis
Կարծիք և վերլուծություն
Мнение и анализ
Download Telegram
Հընթացս վերլուծելով Ճշմարտության երթը և Սրբազան պայքարի վերջին երկու օրը, կարծում եմ՝ պետք է արձանագրել, որ գրանցվել են և՛ հաջողություններ, և՛ անհաջողություններ, որոնցից կթվարկեմ մեկական բաղադրիչ։

Ակնհայտ հաջողություն է, որ Բագրատ Սրբազանը այլևս դարձել է ոչ թե միայն Տավուշի, այլ ամբողջ Հայաստանի խարիզմատիկ հոգևոր-հանրային դեմք, որը կարող է հավաքել և կառավարել տասնյակ հազարավոր մարդկանցով լեցուն հրապարակ և որի խոսքն ու գործն այս օրերին համահայաստանյան հանրային ամենապահանջված օրակարգերը կերտողն են։

Այս առումով 2018 թվականին նրա նետած մարտահրավերը պսակվել է լիակատար հաջողությամբ կամ, պատկերավոր ասած, դրա «դարաշրջանի» ավարտն այլևս փաստ է՝ անկախ այն բանից, այդ հանգամանքը կբարձրաձայնվի դերակատարներից որևէ մեկի կողմից, թե ոչ։

Մայիսի 9-ի բարձրակետից հետո Սրբազան պայքարի երկրորդ օրվա որոշակի նահանջն, անշուշտ, անհաջողություն է, բայց ամենևին ոչ հուսահատեցնող վերջնարդյունք կամ, որ ավելի վատ է, իբր, դատավճիռ։

Պայքարի հաջորդ փուլերում հատկապես դրա քաղաքական բաղադրիչի հստակեցումը՝ նաև ներքին և արտաքին լսարաններին տրվող ուղերձների մակարդակում, քաղաքական գործընթացին բնորոշ ջենտլմենական պայմանավորվածությունների ձեռքբերումը ներհայաստանյան մակարդակում և այլ հստակորեն ծրագրված քաղաքական քայլեր ոչ միայն կարող են կոմպենսացնել նահանջը, այլ նաև դուռ բացել հետագա հաջողությունների համար։

Այս ամենը սակայն պետք է մշակի և իրականացնի Սրբազան պայքարի քաղաքական և փորձագիտական թիմը՝ Բագրատ Սրբազանին թողնելով հիմնականում հրապարակի հետ հաղորդակցման և դրա ոգին ու գործողությունները կառավարելու գործառույթը, որն, ի դեպ, նա անում է շատերի համար նույնիսկ անսպասելի անթերի հաջողությամբ և անսահման անկեղծությամբ։

#հավերժականՀայաստանը

🆔 @vardan_voskanyan
Այս օրերին արձանագրվել է նաև շատ հետաքրքրական լեզվաբանական մի փաստ։

Շնորհիվ Բագրատ Սրբազանի և նրա առաջնորդած պայքարի, հայերեն «Սրբազան» տիտղոսն այլևս մուտք է գործել ադրբեջաներեն՝ համալրելով այս լեզվում հայերենից փոխառությունների առանց այն էլ շոշափելի շերտը։

#հավերժականՀայաստանը

🆔 @vardan_voskanyan
Հուսահատվելը կամ հուսալքվելը շատ մարդկային է և նորմալ։ Ի վերջո, մարդը զգացմունքային էակ է, բայց միևնույն ժամանակ՝ բանական։

Իսկ բանականությունը պնդում է, որ հուսալքությամբ ոչինչ չես փոխում և ոչնչի չես հասնում նույնիսկ սովորական կյանքում։

Այս լուսանկարը հենց չհուսալքվելու և պայքարով, ի վերջո, տասնյակ հազարավոր մարդկանց մեջ բանականությունն արթնացնելու մասին է։

#հավերժականՀայաստանը

🆔 @vardan_voskanyan
Սրբազան պայքարի՝ տասնյակ հազարավոր մարդկանցով երեկվա հրապարակը կոտրել է կարևոր հոգեբանական կարծրատիպ երկրորդ անգամ հրապարակը լցնելու, իբր, անհնարինության մասին։

Փաստն այն է, որ դա հաջողվել է, ընդ որում՝ դրան նախորդած տեսանելի նահանջից հետո, որի մասին գրել եմ։

Երկրորդ հաջողությունն այն է, որ նույն հանրահավաքում ամբողջովին կոտրվել է նաև արհեստականորեն ուռճացվող՝ հրապարակի առաջնորդության ծրագիր չունենալու մասին դրույթը։

Ներկայացված ծրագրային դրույթները կարելի է համարել կարևոր, անթերի, ընդունելի, վիճելի, առարկելի, խոցելի, անընդունելի և այլն, սակայն «ծրագիր չունեն» թեզն այլևս զրկվել է բանական որևէ հիմնավորումից։

#հավերժականՀայաստանը

🆔 @vardan_voskanyan
Սրբազան պայքարի առաջնորդ Բագրատ Սրբազանը րոպեներ առաջ հստակորեն ցույց տվեց, որ ոչ միայն ունակ է խաղաղ կառավարելու բազմահազար մարդկանց, այլ նաև անզիջում, բայց հաջողությամբ բանակցելու ոստիկանական ուժերի հետ։

Առաջնորդության նման որակները նրան, անշուշտ, դարձնում են կարևորագույն հանրային դերակատար ոչ միայն ներհայաստանյան ակնդրի աչքերում, այլ նաև, որ շատ կարևոր է, արտաքին լսարանների առջև։

Այս հանգամանքը ոչ միայն կարևոր է Սրբազան պայքարի առումով, այլ նաև արտաքին աշխարհում սնանկ է դարձնում այն ընկալումը, թե Հայաստանում առաջնորդության այլընտրանք չկա։

#հավերժականՀայաստանը

🆔 @vardan_voskanyan
Դատելով ամեն ինչից, այս պահի դրությամբ Սրբազան պայքարը չունի աջակցություն որևէ օտարերկրյա պետական միավորից կամ անդրազգայյին ցանցային կառույցից։

Սա նկատելիորեն նվազեցնում է պայքարի արդյունավետությունը, որովհետև իշխանության վրա, դիցուք, երևացող ու չերևացող արտաքին ճնշումներ չկան, և ստիպում պայքարի առաջնորդությանը փնտրել այս հանգամանքը կոմպենսացնելու հավելյալ գործիքակազմեր։

Որպես այդպիսին կարող է լինել պայքարին գերկազմակերպված կառուցակարգային բնույթ հաղորդելը, այսինքն արտաքին աջակցության բացը ներքին համախմբման և ռեսուրսների կենտրոնացման ու ճիշտ կառավարման միջոցով լրացնելը։

Սա, անշուշտ, պահանջելու է զգալի լրացուցիչ ջանքեր և աշխատանք, սակայն հաջողության պարագայում Հայաստանում ձևավորվելիք նոր իշխանությանը դարձնելու է իրապես անկախ և ամբողջովին հայաստանակենտրոն, ինչը միանշանակորեն ամրապնդելու է մեր պետության դիրքերը միջազգային ասպարեզում։

#հավերժականՀայաստանը

🆔 @vardan_voskanyan
Հա՛, ի դեպ, Մեծ Հայքի Պապ թագավորի կարծիքով և սպարապետ Մուշեղ Մամիկոնյանի ջանքով Հայաստանի արևելյան սահմանն այսպիսին էր (տե՛ս Փավստոս Բուզանդ, «Պատմություն Հայոց»)՝

#հավերժականՀայաստանը

🆔 @vardan_voskanyan
Ոչ մի կասկած չկա, որ Սրբազան պայքարի՝ մայիսի 26-ին նախանշված հանրահավաքը լինելու է մարդաշատ։

Դրա համար կան գրեթե բոլոր օբյեկտիվ նախադրյալները, որոնցից կարևոր է ոչ միայն պայքարի խարիզմատիկ առաջնորդի առկայությունը, ինչն ակնհայտ ձեռքբերում է նման գործընթացների համար, այլ նաև իշխանության վարած հատկապես անվտանգային քաղաքականությունից հայաստանցիների խոշոր և ակտիվ հատվածի անթաքույց դժգոհությունը։

Այս առումով Սրբազան պայքարի՝ մայիսի 26-ին բազմամարդ հրապարակ ունենալն, ըստ էության, այլևս գերխնդիր չի լինելու, ուստի՝ որպես հիմնական խնդիր, պետք է ձևակերպվի հրապարակի ներուժի քաղաքական կապիտալացումը։

#հավերժականՀայաստանը

🆔 @vardan_voskanyan
«Հայրենիքը սկսվում ա ընտեղ, որտեղ պապս տոմբի (բրբռ.՝ «այգու ցանկապատի սյուն») ա տնկել», - երեկ այսպիսի բանաձևում տվեց կիրանցեցի տղամարդը հայտնի բանավեճի ընթացքում։

Խորքային իմաստով սա հենց իրական ինքնիշխանության հայկական ժողովրդական բանաձև է, որովհետև տասնվեց տարեկանից թշնամու հետ կռիվ տված և պատվո նշանների արժանացած այս տղամարդը մեր հայրենիքի ինքնիշխան տարածքի սահմանը պատկերացնում է ոչ թե բոլշևիկների գծած քարտեզով և Բաքվի բռնապետի անսանձ պահանջներով , այլ իր իսկ պապի տնկած այգով։

Հենց այս, թող թույլ տրվի ասել, ինքնիշխան այգին է, որը խորթ է եղել տափաստանային վաչկատուն տարերքին, այգին, որի տոմբին է իրական սահմանասյունը, այլ ոչ թե խոտերի մեջ կորած, հիշողությունից ու ժառանգականությունից զուրկ «սահմանային ստոլբեն», որը դարձվում է կեղծ պաշտամունքի առարկա։

#հավերժականՀայաստանը

🆔 @vardan_voskanyan
Համառոտակի վերլուծելով Սրբազան պայքարի նախորդ փուլը և հատկապես վերջին երկու օրերը, պետք է արձանագրել, որ այն կարողացել է հասնել լուրջ հաջողության հանրության լայն շերտերին և քաղաքական ուժերին համախմբելու գործում։

Սկսելով զրոյական կամ նույնիսկ զրոյից ներքև կետից, Սրբազան շարժմանը և նրա առաջնորդին հաջողվել է այս պահին հաստատել առնվազն պարիտետային իրավիճակ, որտեղ առաջիկա օրերին կողմերից յուրաքանչյուրի հաջողության հասնելու շանսերը հավասարվել են։

Անշուշտ իշխանական համակարգը փողոցում ունի կոշտ ուժի կիրառության լայն գործիքակազմ, սակայն սրան զուգահեռ Սրբազան շարժումն ապացուցել է, որ կարող է մայրաքաղաքի սրտում՝ մեկ վայրում կենտրոնացնել խաղաղ ցուցարարների այնպիսի հսկա քանակ, որը թույլ չի տալիս ուժային լծակների կիրառություն՝ դրանց անարդյունավետության բարձր ռիսկի պայմաններում։

Փողոցում Սրբազան շարժման հիմնական խնդիրն ապակենտրոն պայքարի տարբեր վայրերում խաղաղ անհնազանդության իրենց իրավունքն իրականացնող մարդկանց ակնհայտ պակասն է և թույլ կազմակերպված բնույթը, ինչը հնարավորություն է տալիս ուժային կառույցներին թեև ռեսուրսների որոշակի լարումով, բայց, այսուհանդերձ, չեզոքացնել ռիսկերը։

Այս պայամաներում փողոցում Սրբազան պայքարի մարտավարությունը ցանկացած պահի կարող է փոխվել ապակենտրոնությունից դեպի կենտրոնացվածություն, իսկ մինչ այդ կողմերը դեռևս «շոշափում են» միմյանց հնարավորությունները։

#հավերժականՀայաստանը

🆔 @vardan_voskanyan
1918թ.-ի մայիսի 28-ն անժխտելի ապացույցն է այն բանի, որ պատմական Հայաստանը կարող է դառնալ հենց իրական Հայաստան պետություն, եթե որպես ելակետ առկա է կամք ոչ ձեռնտու իրողությունները փոխելու, այլ ոչ թե դրանց հետ հաշտվելու և հանձնվելու։

Հայաստանի Հանրապետության գոյությունն իսկ պատմականն իրական դարձնելու մասին ասք է, անհաշտ և առանց հանձնվելու պայքարով իրողությունները փոխելու պատմություն։

#հավերժականՀայաստանը

🆔 @vardan_voskanyan
Մեր տարածաշրջանի մի քանի լեզուներում «հայ» էթնիկական նշանակյալն իմաստի ընդլայնման արդյունքում ստացել է նաև «քրիստոնյա» նշանակություն ընդհանրապես։

Այդպես է պարսկերենում՝ ارمنی [արմանի] «հայ; քրիստոնյա», քրդերենում՝ file [ֆըլա] «հայ; քրիստոնյա», ադրբեջաներենում՝ erməni [էրմանի] «հայ; քրիստոնյա» և այլն։

Սա ցույց է տալիս նաև, թե ինչպիսի դեր ու նշանակություն ունենք հայերս հին արևելյան քրիստոնեական աշխարհում, և դա նաև մեր հինավուրց եկեղեցու վաստակն է։

#հավերժականՀայաստանը

🆔 @vardan_voskanyan
Հայաստանում վերջին տասնամյակներում տեղի է ունեցել մի չափազանց կարևոր տրանսֆորմացիա, որն, ըստ էության, աննկատ է մնացել այս տարիների ընթացքում, սակայն այժմ դարձել է կարևորագույն գործոն։

Դա հայկական քրիստոնեության և եկեղեցու վերածնունդն է հետաթեիստական Հայաստանում, որը հանգեցրել է նաև Հայաստանյայց Առաքելական Սուրբ Եկեղեցու ծոցում գրագետ, պատրաստված և հարգանք վայելող հոգևորականների նկատելի փաղանգի ձևավորմանը։

2018թ.-ից ի վեր եկեղեցու դեմ պարբերական հարձակումներն ի հայտ են բերել հետանկախության շրջանի Հայաստանի համար բոլորովին նոր մի միտում՝ քաղաքական քրիստոնեության սաղմերի ձևավորում և առաքելական մեր դավանանքի հիմնական պատվար եկեղեցու քաղաքականացում, որն այլևս անհերքելի հանգամանք է։

Թե ի՞նչ ուղղությամբ կընթանա այս միտումը, առայժմ հստակ կանխատեսելն անշնորհակալ գործ է։

Փաստ է սակայն, որ եկեղեցին՝ որպես 1700-ամյա անընդմեջ տևականության ավանդույթ ունեցող միակ հայկական ազգային կառուցակարգ, հստակորեն գիտակցել է, որ քաղաքականությամբ չզբաղվելն անհնար է, որովհետև քաղաքականությունն արդեն իսկ զբաղվում է եկեղեցով։

#հավերժականՀայաստանը

🆔 @vardan_voskanyan
Ամեն ինչ լսել էի, բայց «separatçı professor» («անջատողական պրոֆեսոր») արտահայտությունը նորություն էր։

Բաքվի բարբարոսսկան վարչախմբի ամեն ինչն է արհեստածին՝ նույնիսկ պիտակավորումները։

#հավերժականՀայաստանը

🆔 @vardan_voskanyan
Հայաստանում այլևս չի կարող լինել այն իրավիճակը, որն առկա էր այսօրվա վայրագ ոստիկանական գործողությունից առաջ։

Հայաստանը 2020թ.-ից ի վեր վայրիվերող ներքաղաքական ճգնաժամերի մեջ է, որի հիմնական պատճառն արտաքին անվտանգային մարտահրավերն են և դրանց կառավարումն ու չեզոքացումը պարբերաբար տապալող իշխանությունները։

Հայաստանն այլևս հոգնել է թշնամու կողմից նվաստացումներից, կտոր առ կտոր բզկտվելուց, տեղահանություններից և ապագայի անորոշ հեռանկարից։

Նման իրավիճակը չի կարող երկար շարունակվել, և փոփոխությունների հրամայականն ուղղակի կախված է օդում։

#հավերժականՀայաստանը

🆔 @vardan_voskanyan
Հայաստանում, անտարակույս, առկա է խորը ներքաղաքական ճգնաժամ։

Սա չնկատելու տալն առնվազն «ջայլամային քաղաքականություն» է, իսկ ոստիկանական գործողություններով և առավել ևս վայրագություններով ճգնաժամերը, որպես կանոն, ոչ թե հաղթահարվում, այլ ավելի են խորանում։

Մեր երկրում հասարակական տրամադրություներում լրջագույն փոփոխություններ են տեղի ունեցել, քանի որ մեր հասարակության նկատելի հատվածն այլևս չի ցանկանում ապրել թշնամու կողմից նվաստացման մշտական օրակարգի և դրա անխուսափելիությունը պարբերաբար արդարացնող իշխանության պայմաններում։

Հայաստանին անհրաժեշտ են շրջադարձային փոփոխություններ, որոնք կփակեն մեր պատմության այս ամոթալի անկման էջը և վերածննդի իրական հույս ու հնարավորություն կպարգևեն։

#հավերժականՀայաստանը

🆔 @vardan_voskanyan
🇦🇲 Նրանք, որոնք պարբերաբար մաշեցնում են «ինքնիշխանություն» բառը, պետք է նաև հստակ արձանագրեն, որ Հայաստանի ոչ միայն ինքնիշխանության, այլ նաև գոյության իսկ թիվ մեկ մշտական մարտահրավերը և վտանգը բխում է արհեստածին Ադրբեջանից։

Ըստ այդմ, եթե ինչ-որ մեկն իրոք ձգտում է Հայաստանի ինքնիշխանությանը կամ դրա ամրապնդմանը, ապա չի կարող չխոսել այս գոյութենական մարտահրավերի և վտանգի չեզոքացման կամ ոչնչացման մասին։

Չի կարող ինչ-որ մեկը հանդես գալ Հայաստանի ինքնիշխանության դիրքերից և անել ամեն ինչ, որպեսզի այդ մարտահրավերի ու վտանգի աղբյուր քաղցկեղային գոյացությունն էլ ավելի ամրապնդվի և հզորանա։

Հետևաբար, բանաձևը բավականին պարզ է՝ Հայաստսնի ինքնիշխանության և անկախության համար պայքարն առաջին հերթին ենթադրում է պայքար հենց արհեստածին Ադրբեջանի դեմ, այլ ոչ թե արհեստածին Ադրբեջանին հանձնվել։

#հավերժականՀայաստանը

🆔 @vardan_voskanyan
🇦🇲 Հայաստանի պատմական վայրերում աներևույթ հոգևոր կապի անընդհատ զգացումը քո նախնիների հետ ապահովում է պատասխանատվության գիտակցություն նաև այժմյան Հայաստանի համար, քանի որ սկսում ես անվերապահորեն հասկանալ, որ ականատեսն ես քո նախնիների քաղաքակրթական հսկայական ճիգի, որը Հայաստանը դարձրել է մշակութային հզոր ավանդույթի սրբազան տարածք։

Քաղաքակրթական Հայաստանի ողջ տարածքն, անկախ այն բանից, գտնվում է հայկական տիրապետության տակ, թե բռնազավթված է թշնամու կողմից, ապրում և շնչում է բացառապես մեկ մշակութային էությամբ՝ և դա հայկականն է։

Հետևաբար, քաղաքակրթական Հայաստանի ուրացումը կամ դրա հակադրումը քաղաքական Հայաստանին հայկականի և հայկականության աններելի և անմիտ ուրացում է՝ մեր իսկ նախնիների քաղաքակրթական ջանքի ուրացում։

Լուսանկարը՝ Գեղասարի վիմափոր բնակավայրի տարածքում։

#հավերժականՀայաստանը

🆔 @vardan_voskanyan
Քանի որ նաև Բաքվի բարբարոսսկան վարչախմբի քարոզչամեքենայի ազդեցության տակ մեզանում տարածվել է «կարծիք», թե Իրանում նախագահ ընտրված Մասուդ Փեզեշքիանն, իբր, «ադրբեջանցի» է, առաջարկում եմ լսել այս հարցազրույցի առաջին հատվածը, որտեղ մանրամասն անդրադարձ կա խնդրին։

Այստեղ նշեմ միայն, որ Իրանի նոր նախագահը բնականաբար իրանցի է, որը սերում է Ատրպատականից։

Հարցազրույցում նաև անդրադարձ կա մեր խնդիրներին և մի շարք այլ հարցերի։

#հավերժականՀայաստանը

🆔 @vardan_voskanyan
🇦🇲 Քանի դեռ մեր համազգային մտայնության մեջ մեկընդմիշտ չի ամրագրվել այն փաստը, որ Ադրբեջան հորջորջվող արհեստածին կազմավորումն իր ամբողջ էությամբ և բնույթով 1918թ.-ին օսմանցիների կողմից առաջ մղված հակահայկական ծրագիր է, որի բռնապետական վաչախումբը 2020թ. պատերազմից հետո փաստացիորեն վերածվել է քաղցկեղային գոյացության՝ փորձելով ամենուր տարածել իր մահաբեր շոշափուկները, մեզանում չի վերանալու արդեն իսկ կործանարար բնույթ ստացած պատրանքը, թե դրա հետ հնարավոր է խաղաղություն։

Քաղցկեղի հետ ուղղակի անհնար է հասնել խաղաղության, դա մանկամիտ պատրանք է՝ տարրական անմտություն, հետևաբար քաղցկեղի դեմ պետք է պայքարել և հաղթել՝ պայքարել ու հաղթել հնարավոր և անհնարին բոլոր միջոցներով, ուժերի ու ռեսուրսների գերլարումով, անխտիր ամեն ինչ բխեցնելով այդ պայքարի տրամաբանությունից և ամեն ինչ ծառայեցնելով այդ պայքարում անվերապահ հաղթանակի հասնելու բաղձալի ու պատվաբեր տեսլականին։

#հավերժականՀայաստանը

🆔 @vardan_voskanyan