Vahe Hovhannisyan
609 subscribers
3 photos
6 videos
14 links
Founder of Alternative Projects Group, Armenia
Այլընտրանքային նախագծեր խմբի հիմնադիր
Download Telegram

Շարժման ելքը. առանց «եթե»-ների
 
Շարժման ընթացքը, փուլայնությունը, ակտիվությունը, քայլերը, ժամկետները և այլ բաներ կարող են փոփոխվել։ Սա լրիվ բնական պրոցես է։ Բայց շարժման ելքը չի կարող «եթե» ունենալ։
Ուղղակի պետք է գիտակցել, թե ինչ ասել է պարտություն։ Սա նշանակում է Ալիևի հաղթարշավ, անդառնալի զիջումներ և անասնական մթնոլորտ Հայաստանում։
Հայաստանում առաջանում է համակեցության սուր պրոբլեմ. սա ամենավտանգավորն է, հազար անգամ ավելի վտանգավոր, քան Ալիևի պահանջները։ Հարյուր հազարավոր մարդկանց համար անհնար է դառնում ապրել մի երկրում, որտեղ վերջին հարյուրամյակի ամենախոշոր կորուստներից ու պատմական աղետից հետո այդ աղետի հեղինակ իշխանությունը ուժով և մանիպուլյացիաներով պահում է իր իշխանությունը, որտեղ նվիրական բոլոր երազանքները զրոյացվում են, որտեղ Արցախից բռնի տեղահանված քաղաքապետերի են կալանավորում, որտեղ բերետավորները ոհմակով հարձակվում են ընդվզող մարդկանց վրա, որտեղ Վեհափառի մուտքը կարող են ինչ-որ «միլիցեք» փակել, ու քաղաքական ու գերատեսչական ղեկավարությունն արդարացնի դա,  որտեղ պաշտոնյաները կարող են դոշ տալ ու «մեծարգո»-ով դիմել այն վարչապետին, որի օրոք անհաշվելի կորուստներ ենք ունեցել և ունենում։ Իմ ընկեր, դեսպան Վ. Մելիքյանի ձևակերպմամբ՝ Հայաստանը կարող է վերածվել հարևանների ֆուռերը սպասարկող քարվանսարայի՝ աներազանք, անիմաստ։
Հարյուր հազարավոր մեր քաղաքացիներ չեն համակերպվելու այս սցենարի հետ, ու սա լինելու է մեր ժողովրդի պատմության մեջ խոշորագույն ու ողբերգական մի գաղթ։
Նիկոլին սա ձեռնտու է, չէ՞ որ պետությունը, նրա պատկերացմամբ, միայն լավ ապրելու համար է։ Ինքը լավ կապրի, մի փոքր խումբ լավ կապրի, մնացածը կդառնան քարվանսարայի աշխատողներ։
Հարյուր հազարավոր մարդիկ չեն կարողանալու ապրել մի երկրում, որտեղ պետության և «լավ ապրելու» նշաձողը իջեցված է շատ ուտելու մակարդակին։
Այս տրամաբանությամբ մարդկության պատմության մեջ զրկանքների գնով արված բոլոր գյուտերը, հայտնագործությունները, արվեստի ստեղծագործությունները, համաշխարհային արժեքների ստեղծումն անիմաստ էին, որովհետև Ջորդանո Բրունոյից սկսած բոլորը պետք է մտածեին միայն լավ ապրելու մասին։ Իսկ Վան Գոգը սոված գլուխգործոցներ ստեղծելու փոխարեն պետք է լավ ռոճիկով մալյար աշխատեր հարևանի տանը՝ ըստ Նիկոլի։
Գործող իշխանության աշխարհընկալումը ռեստորանի մենյուի շրջանակներում է։ Նրանց Աստվածաշունչը և Սահմանադրությունը երկրի մենյուն է։
Հարյուր հազարավոր մեր քաղաքացիների ընտանիքների համար «մեծարգո»-ի աշխարհընկալումը և նրան մահակով, մանդատով կամ գրչով պաշտպանող զանգվածը դառնում է օրգանապես անընդունելի։ «Եթե»-ն իրոք շատ հստակ է։ Շարժման հաղթանակը երկրում նոր բարքերի ու նոր մթնոլորտի հաղթանակն է՝ ներքին հաշտության մեծ հնարավորությամբ։ Հակառակ պարագայում պարզապես չենք կարողանալու այստեղ ապրել։
Այնպես որ, այս պայքարը իշխանության համար չէ, այլ՝ Հայաստանում ապրելու հնարավորության։ Սա նշանակում է, որ Շարժումը «եթե» իսկապես չի կարող ունենալ։ Պատրաստվեք համառ ու գրագետ պայքարի՝ անհատապես բոլորիս անմիջական մասնակցությամբ։
 
Վահե Հովհաննիսյան
Այլընտրանքային նախագծեր խումբ
 
 
 
 
 
 
 

Շարժման ընթացքը. որտեղ ենք, և ինչից է պետք խուսափել
 
Որտեղ ենք.
 
1.     Իշխանությունը գնում է մարման. սա հուշում է  հավաքական փորձառությունը և շարժման ընթացքը։
2.     Ամենադժվար փուլը հաջողել է. ստեղծվել է զգալի կայուն կորիզ։ Հայաստանում ձևավորվել է նոր խոշոր ընտրազանգված,  որի պահանջը խորքային փոփոխությունն է։
3.     Շարժումը մի քանի ճշգրիտ ձևակերպումների շնորհիվ արտաքին աշխարհի համար սկսել է ընկալվել որպես Հայաստանի ներքին գործ, որը սպառնալիք չէ տարածաշրջանի համար։
4.     Շարժումը թակել է ամենամեծ ընտրազանգվածի՝ մշտական դիտորդների, տատանվողների դուռը։ Եվ այդ դռները սկսում են բացվել։
 
Այսպիսով՝ ունենք դրական ալիքի վրա ընթացող շարժում, որն ունի թափ հավաքելու մեծ պոտենցիալ։ Եվ եթե չանենք կոպիտ սխալներ, հենց այդպես էլ լինելու է։
 
Ինչ անում իշխանությունը. փորձում է պահել իր իշխանությունը։ Ինչպե՞ս.
 
a.     Հակաքարոզչություն(Արվում է առավելագույնը, արդյունքը խիստ սահմանափակ է)
b.     Բիրտ ուժ, ռեպրեսիաներ (արվում է և արվելու է, բայց սա ունի իր հակաթույնը, որի մասին՝ հաջորդ անգամ)։
c.     Սպասում է Շարժման սեփական սխալներին (ամենավտանգավորը սա է, եթե չլինեն այդ սխալները կամ հասցվեն հնարավոր մինիմումին, իշխանության դիմադրելու ռեսուրսները մաշվելու-վերջանալու են)։
 
Շարժման պարտությունն ամբողջ հասարակության պարտությունն է, հետևաբար այն պետք է հաղթի
 
1.     Թրենդը պետք է մնա նույնը. դրական ալիքն ունի աճելու զգալի պոտենցիալ։ Պետք է գնալ հենց այդ ուղղությամբ։
2.     Շարժումը չպետք է վերածվի ԸՆԴԴԻՄՈՒԹՅԱՆ։ Համաժողովրդական շարժումն իր հանդարտությամբ, համառությամբ, հաշտության հաստատակամությամբ, իր բովանդակությամբ, կադրերով, ծրագրերով, ապագայի տեսլականով, պատրաստվածությամբ, հանրային ահռելի ճնշման ալիքով պետք է վերածվի իշխանության։ Սա հանրային առողջացման պրոցես է, ոչ թե քաղաքական պայքար։ Այստեղ «եթե» չկա, շարժման պարտությունը հերթական ընդդիմության պարտությունը չէ, այն ամբողջ հասարակության ու մեր հեռանկարի պարտությունն է։
3.     Պետք է ընդունենք նաև, որ հասարակության մեջ կան կարևոր հարցեր, որոնց շարժումը դեռ չի անդրադարձել (սոցիալական թեմաներ, սոցիալական արդարության հարցեր, համակեցության խնդիրներ և այլն, որոնք կան հանրային հավաքական մտքում և սրանք պատասխանների են սպասում)։ Դրանք այն հարցերն են, որոնք կարող են շարժման շուրջ մարդկային և հանրային համախմբման նոր ռեսուրս ստեղծել։ Իսկ սա արդեն ֆիզիկա է, ոչ թե քաղաքագիտություն։ Նման ճնշմանը ոչ մի իշխանություն չի դիմանա։
4.     Իշխանության ամենագործուն լծակը բերետավորն է։ Շարժումը պետք է ամեն կերպ զրկի իշխանությանն այդ գործիքը կիրառելու հնարավորությունից։ Նախորդ շաբաթներին Սրբազանն ունենում էր բազմաթիվ կարևոր հանդիպումներ սոցիալական և մասնագիտական շրջանակների հետ, խոսում էր կարևորագույն թեմաներից և տալիս էր կարևոր ուղերձներ՝ հասարակությանը և արտաքին աշխարհին։ Նիկոլ, ըստ էության, Երևանում և երկրում չկար, դա էր ընթացքը, և դա էր շարժման թափ հավաքելու պատճառը։ ՄԵԿ հոգին զրկված էր իր սիրած գործիքը՝ բերետավորին օգտագործելու հնարավորությունից։ Իշխանական հակաթեզերն արհեստական էին  ու չաշխատեցին։ ՄԵԿ հոգին դա ֆիքսեց։ Իշխանությունը մոտ տասը օր չգիտեր՝ ինչ աներ։ Այս պայմաններում իշխանությունը երազում է, որ դու ստեղծես հնարավորություն, թույլ տաս, որ նա կիրառի իր միակ զենքը՝ բերետավորին։ Շարժման խնդիրն է՝ այս պահին սա թույլ չտալ։
 
Վահե Հովհաննիսյան
Այլընտրանքային նախագծեր խումբ

Կրիտիկական զանգված ապահովում են առանցքային թեմաները
 
Առանցքային հանրահավաքը ավելի լավ ձևակերպում է, քան՝ 20-25 տարի գերիշխած «կրիտիկական զանգվածով» հանրահավաքը։ Հանրահավաքը կլինի առանցքային այն դեպքում, եթե նոր առանցքային թեմաներ սկսեն կարևորել, որոնք ենթադրում են նոր մասնագիտական խմբերի ներգրավում և նոր սոցիալական խմբերի ուշադրություն։
Մեր քաղաքական միտքն իսկապես կարծում էր, որ եթե մի օր մի հանրահավաքի դուրս գա «կրիտիկական զանգված», վերջ, իշխանությունը կփոխվի, ու այդպես՝ երկար տարիներ, անկախ նրանից, թե ով էր իշխանությունը և ով՝ փոխողը։ Բնականաբար ոչինչ չէր ստացվում։
Ես ուզում եմ հավատալ, որ առանցքայինն իր բովանդակությամբ պետք է տարբերվի կրիտիկականից, թեև «առանցքայինի» ընկալումներն էլ կարող են տարբեր լինել։ Շարժման այս պահի նպատակը լայն կրիտիկական համախմբում ստանալն է, իսկ դա հնարավոր է լինում, եթե բարձրացվում են լայն և տարբեր շերտերի հետաքրքրության, կենսական թեմաներ։ Պարզ ասած՝ կրիտիկական զանգված ապահովում են առանցքային թեմաները։
Շարժումը շատ կարևոր ու դժվար փուլ հաղթահարել է՝ ձևավորել է կայուն նոր ընտրազանգված, ջարդել է իշխանական հակաքարոզչության ամենամեծ ալիքը, թակել է մշտական դիտորդ-զգուշավոր-տատանվող շերտերի դուռը։ Որպեսզի այդ դռները բացվեն, շարժումը այս պահից էապես կարևորի նոր թեմաներ.
 
1.     Սոցիալական արդարություն
2.     Վիճահարույց ճանապարհներով հարստացած նախկին և ներկա պաշտոնյաների հանրային փոխհատուցման քաղաքակիրթ, ապաքրեական մեխանիզմներ։ Հավաքական գիտակցության մեջ այս թեման կա, և այն շրջանցել հնարավոր չէ։
3.     Աշխատողների իրավունքների պաշտպանություն. թե´ պետական համակարգում, թե´ մասնավորում տոտալ խախտումների և ճնշումների խնդիրը պետք է լուծվի։
4.     Բիզնես միջավայր, շրջհարկի փոփոխություններ. այս իշխանությունը գնում է բիզնես դաշտի էական վատացման ուղղությամբ։ Բիզնեսին պետք է տալ ծանրակշիռ երաշխիք, որ երբևէ չեն կրկնվելու նախկին հարկային-մաքսային բարքերը, պետք է սկսել բաց երկխոսություն բիզնեսի հետ, և բիզնեսը կկանգնի շարժման, այն է՝ Հայաստանում խորքային փոփոխությունների կողքին։
5.     Վարկային գերություն։ Կան տարբերակներ, որոնք  առաջարկում են ամենևին ոչ պոպուլիստական մեխանիզմներ, որով հնարավոր է վերանայել շատերի անարդար վարկային պարտավորությունները, օգնել քաղաքացուն՝ դուրս գալ վարկային ստրկությունից։
6.     Թանկություն. Հայաստանում կյանքն ակնհայտ արհեստականորեն թանկ է։
7.     Բարոյական տոտալ հանրային ճնշում է պետք իրենց անասունի նման պահող որոշ պաշտոնյաների, քարոզիչների վրա, որոնք չեն պահում մարդկային որևէ սահման։
8.     Եվ այլ բազմաթիվ զգայուն թեմաներ
 
Տատանվողներին, «ես քաղաքականությամբ չեմ զբաղվում», «վախենում եմ ակտիվ լինել, «ի՞նձ ինչ» ասող խավին կարճաժամկետ փուլում հնարավոր չէ համոզել «զբաղվել քաղաքականությամբ» ։ Բայց հնարավոր է և պետք է նրան հետաքրքրել՝ զբաղվել սեփական խնդիրներով, ու դա կբերի բնական ուժեղ կոնսոլիդացիայի։
 
Վահե Վովհաննիսյան
Այլընտրանքային նախագծեր խումբ
Երբ ես ասում եմ, որ մենք մտնում ենք շատ ավելի խոր ճգնաժամի մեջ, քան քաղաքականն է, նկատի ունեմ համակեցության ճգնաժամը։ Մասնավորապես. ուշ երեկոյան երկրում տեղի է ունենում լուրջ պայթյուն, մարդիկ են ծանր վիրավորվում։ Երկրի մեկ երրորդը ջրհեղեղից հետո աղետալի վիճակում է։ Նախորդ ցերեկը Ալիևը նոր, թարմ ու շատ կոշտ պահանջներ է դնում, որոնք թերևս անհաղթահարելի են։ Մեծ հաշվով նա բանակցային դաշտում ստեղծում է նոր բարդ իրավիճակ, որի լուծումն այս պահին չի երևում։
Հայաստանի իշխանության ներկայացուցիչների օրը հաջորդ առավոտյան բացվում է ինքնափիառ-հեծանվավազքով։
Բոլոր ադեկվատ, մտածող մարդիկ մտահոգ են, անքուն գիշեր են անցկացրել, փորձում են մարսել տեղի ունեցածը։
Մենք ընդհուպ մոտեցել ենք համակեցության անհամատեղելիության կետին. կամ մտածող, ադեկվատ մարդիկ այլևս չեն կարող ապրել մեր երկրում, կամ էս մարդիկ այլևս չպիտի լինեն իշխանության։

Երեկվա ամենակարևորի մասին
 
Երեկ տեղի ունեցան դեպքեր, որոնք էական կարևորություն ունեն հետագա զարգացումների համար.
 
1.     Ե՞րբ սկսվեց հարձակումը խաղաղ մարդկանց վրա. Սրբազանը դիմեց իրեն ուղիղ եթերով հետևող իշխանությանը՝ ասելով «բացեք դարպասները, ՄԵՆԱԿՍ գալիս եմ ձեզ հետ հանդիպելու»։ Սա անարյուն, քաղաքակիրթ-քաղաքական ճանապարհի ամենապարզ տարբերակն էր։ Ի պատասխան՝ իշխանությունը նռնակներ նետեց խաղաղ մարդկանց վրա։ Հարթակից հնչած՝ հանդիպման առաջարկը խախտեց իշխանության սցենարը, և այն չգտավ այլ լուծում, բացի մարդկանց վրա հարձակվելուց։ Սա պետք է  հստակ արձանագրել։
2.     ՄԵԿ հոգու հայտարարությունը, թե՝ իր ձախողումն է եղել, որ դեռևս 2018-ին չի հայտարարել, որ Արցախը պատկանում է Ադրբեջանին, շատ լուրջ հանգրվան է։ Իմիջիայլոց ասել, թե՝ մի թեթև սխալվեցի, «Արցախը Ադրբեջան  է, և վերջ» ասելու փոխարեն ասացի «Արցախը Հայաստան է, և վերջ», ու այդ «թեթև սխալի» արդյունքում հրահրեցի պատերազմ, տվեցի 5  հազար զոհ, հայաթափեցի Արցախը... Թեթև սխալ է, բա ոնց։ Ու սրան մի 60-70 ծափահարում են։ Սա ինքն իր դեմ տված ամենածանր ցուցմունքներից է։
3.     Լուսաձայնային նռնակներ նետվել են խաղաղ մարդկանց վրա, այգու մոտ, որտեղ կային մայրեր, երեխաներ, հղի կանայք, տարեցներ։ Նետվել է լրագրողական խմբի վրա։ Հատուկ միջոցները կիրառվել են առանց նախազգուշացման, մարդկանց խիտ խմբերի վրա։ Եվ սա պաշտպանողները, արդարացնողները կիսում են հրաման տվողների, հրաման կատարողների, նրանց արդարացնողների հետ հավասար պատասխանատվություն։
4.     Փողոցում կանգնած են եղել հազարավոր խաղաղ մարդիկ, մեր երեխաները, մեր ընտանիքները, մեր ընկերները, նրանց ընտանիքները, և այս ենիչերիական հարձակումը էապես փոխում է ամբողջ մթնոլորտը։
5.     Անհատական մակարդակում շատ կարևոր է դիրքորոշումների հստակեցումը։ Երբ նռնակներ են նետվում խաղաղ մարդկանց վրա, քո ու ընկերներիդ ընտանիքների վրա, հղի կանանց ու խաղաղ իրենց բողոքն արտահայտող մարդկանց վրա,  ու ամեն ինչ լավ հասկացող այլոք լռում են, մենք այլևս պետք է հստակ ասենք, որ Նիկոլը մենակ չէ, ու էն խավը, որ օրվա առաջին կեսը քո մոտ հայրենիքի դարդն է անում, իսկ օրվա մյուս մասը այլ միջավայրում լավ էլ նիկոլական է, ու օգտվում է բոլոր բարիքներից, Նիկոլի ամենակեղտոտ պաշտպաններն են ու այս ողբերգության համահեղինակներից։ Եվ եթե այս մթնոլորտը շարունակվի,  անվանական, անհատական պատասխանատվության  հարցեր են առաջանալու, և Սրբազանի հարթակը ստիպված պետք է անվանական խոսի դրանց մասին։ Սա լինելու է փողոցի և պայքարող հանրության օբյեկտիվ պահանջը։ Հերիք եղավ։
6.     Ինստիտուցիոնալ մակարդակում «եթե չես դատապարտում, ապա սատարում ես» բանաձևն է։ Այն քաղաքական և հանրային միավորները, որոնք  հստակ տեսակետ չեն հայտնի, չեն դատապարտի, ուրեմն սատարում են խաղաղ մարդկանց վրա նռնակներ նետելը։
7.     ՄԵԿ հոգին կորցնում է կառավարման թելը, և նրան ծափ տվողները դա անում են վախից։
8.     Նռնակներ նետելուց, բազմաթիվ վիրավորներ, արյուն տեսնելուց հետո, հատուկ ուժերի բորենիական հարձակումից հետո խաղաղ ցուցարները չեն ցրվել, սա բացառիկ դեպք է աշխարհում։ Փոխարենը՝ մեկ ժամ հետո խաղաղ ցուցարարների քանակը քառապատկվեց. մինչև ուշ գիշեր մարդիկ իրենց արժանապատվությունն ու կամքն էին ցույց տալիս, ու նրանց մեջ մեծ թիվ էին կազմում կանայք, երիտասարդ աղջիկներն ու տղաները։ Եվ վայրագություններ անողները, հրաման տվողները և նրանց արդարացողները սա պետք է լավ հասկանան, հետո չասեն «բա մենք ի՞նչ ենք արել, մենք ի՞նչ կապ ունեինք»։
9.     Մարդկանց չցրվելը և արագ շատանալը վկայում է, որ լուրջ տեղաշարժեր կան հանրային գիտակցության մեջ, ստեղծվել է նոր ընտրազանգված։ Երեկվա օրը ցույց տվեց, որ ՄԵԿ հոգին վերջացած է, նա պիտի գնա, ուրիշ ճանապարհ չկա։ 10 հազար հոգու էլ բռնի, 200 նռնակ էլ գցի, ստիպի, որ իրեն ծափ տալու փոխարեն խմբակցությունընաև երգի-պարի՝ միևնույն է, Հայաստանում պետք է փոխվի իշխանությունը։
10.  Շարժումը պետք է րոպե առաջ կառուցվածքային-աշխատանքային միավորներ ստեղծի՝ իշխանական տոքսիկ քարոզչությունը չեզոքացնելու և ավելի մեծ կոնսոլիդացիա ապահովելու համար։ Շարժման հաջողության գրավականը ոչ միայն ճշմարիտ խոսքն է, մարդկանց ազնիվ մղումները, այլև՝արդյունավետ աշխատանքային մեքենայի ստեղծումը։
 
Վահե Հովհաննիսյան
Այլընտրանքային նախագծեր խումբ
 

Շարժման իրական «զենքը»
 
Հասկանում եմ , որ էմոցիաները շատ են՝ հունիսի 12-ից  հետո և շարժման ապագայի շուրջ, և դա բնական է, բայց առաջ պետք է գնալ ռացիոնալ փաստարկների վրա հենվելով։
 
- Հայաստանում ձևավորվել է ինքնատիպ իշխանություն. դա պետությա´ն իշխանություն չէ, դա պետության անկման մի փուլում հայկական ռեզերվացիայի կառավարման մարմինն է։ Սուտը, բերետը և նրանց արդարացնողներն են իշխող էլիտան։ Պայքարը սրա դեմ պետք է լինի։
- Պարագլուխը հայտարարում է «ուժեղ իշխանության» վճռականության մասին։
 
«Ուժեղ իշխանության» տակ հասկացվում է. ամեն ինչի պատրաստ կարմիր բերետավորներ, Կարեն Քոչարյանի դիպուկ գնահատմամբ՝ բարեփոխված գեստապո, «ուժեղ» քննչական կոմիտե և դատարաններ, որոնք պատրաստ են ցանկացածի վրա քրեական գործ հարուցել ու կալանավորել։
 
Այս իշխանությունն ունի երկու ֆունկցիա՝ պահել իշխանություն և բավարարել հարևանների ու միջնորդների ազգային շահերը։ Իշխանության զենքերն են սուտը, բերետը և իրենց արդարացնողները։ Հենց այս կոնստրուկցիան պետք է կարողանանք քանդել։ Հակազենքը պետք է ճիշտ գտնել։
 
Սուտը
 
Հաննա Արենդտն ասում էր. «Ֆաշիստները երբեք չեն բավարարվում սովորական ստով. նրանք իրենց սուտը վերածում են մի նոր իրականության և ստիպում, որ մարդիկ հավատան իրենց ստեղծած այդ «անիրականությանը»։ Եվ հենց մարդիկ դրան հավատան, նրանց կարելի է համոզել անել ՑԱՆԿԱՑԱԾ բան»։
Մենք գտնվում ենք հենց այս վիճակում, և պարտությունը որպես հաղթանակ ներկայացնելն ու որոշակի քանակի մարդկանց համոզել կարողանալը հենց այս տրամաբանության մեջ է։
 
Բերետը
 
Ես ունեմ խոր մտավախություն հետևյալի շուրջ. ինչպես Երևանը հանգիստ վերաբերվեց քաղաքի կենտրոնում օրը ցերեկով 25 լուսաձայնային նռնակի կիրառմանը, այնպես էլ մի օր հանգիստ վերաբերվելու է թուրքական բայրաքթարների կիրառմանը Երևանի այս կամ այն հատվածում։ Սա  էպատաժային ձևակերպում չէ։ Մենք աստիճանաբար կորցնում ենք միասնական Երևանի, միասնական հասարակության ընկալումը։ Պաղեստինցիների փախստականների մի ճամբարը կարող է ռմբակոծվել, կողքինը՝ դեռ խաղաղ ապրել։ Փաստ է, որ ամբողջական Երևանը չվիրավորվեց, Երևանը չընդվզեց, որ իր կենտրոնում խաղաղ մարդկանց վրա ՄԵԿ-ի ցուցումով զենք կիրառեցին։ Ուրեմն ինչո՞ւ պիտի Երևանն ընդվզի, եթե այդ զենքը կիրառի ա´յլ պետության ՄԵԿ հոգին։ Մենք սկսել ենք չընդվզել։
 
Արդարացնողները
 
Այս իշխանության նեղ խմբի լեգիտիմության ամենամեծ աղբյուրը նրանց արդարացնողներն են։ Հաջորդիվ այս իշխանությանը «լեգիտիմություն» տալիս են երկերեսանիները, ովքեր մի միջավայրում խոսում են սրանց հեռացման անհրաժեշտության մասին ու իբր մտահոգ են տեղի ունեցող պատմական ողբերգություններով, բայց այլ միջավայրերում, պարզվում է, լավ էլ «նիկոլական» են ու օգտվում են հնարավոր բոլոր բարիքներից։ Սրանք անհատներ չեն, սա արդեն սոցիալական շերտ է։
Նրանք մենթալ խոպանի մեջ են. լինել կուշտ, հնարավորինս անվտանգ, ու անկարծիք։ Մենք պետք է սա, իհարկե ցավով, ընդունենք, որպեսզի ճիշտ կազմակերպենք մեր անելիքը։
 
Շարժման շարունակությունը
 
Սկզբնական փուլում այս շարժումը ստացավ կարևոր բնորոշում՝ ճշմարտության շարժում։ Եվ դրա շնորհիվ այն թափ հավաքեց։ Բայց հավաքեց կիսաթափ, որովհետև ասվում էր կիսաճշմարտությունը (տարբեր պատճառներով)։
Ավելի մեծ թափի համար, ավելի լայն համախմբման համար ավելի շատ ճշմարտություն է պետք։ Ուրիշ ճանապարհ չկա։ Այս անասնական իրավիճակի դեմ կենսական հակաթույնը ճշմարտությունն է։
Ինձ չմեղադրեք տեսական դաշտ մտնելու մեջ. ես շատ ռացիոնալ պայքարի կողմնակիցն եմ և մասնակիցը։ Պարզապես ճշմարտության շարժումը իմ կարծիքով ամենազորեղ զենքն է երկրում էական փոփոխություններ անելու համար։ Մենք պետք է այս շարժման բովանդակությունը վերափոխենք ճշմարտության և արդարության շարժման։
 
 
Վահե Հովհաննիսյան
Այլընտրանքային նախագծեր խումբ

Պետությունը մարում է, ուրեմն՝ շարժումը պետք է ուժեղացնել
 
Մի օր Էրդողանի հետ հեռախոսազրույցից հետո կանգնելու է ԱԺ ամբիոնին ու ասի. «Եթե մենք մի փոքր էլ իջեցնենք մեր նշաձողը, մեզ խոսք են տալիս անվտանգության միջազգային երաշխիքներ և կուշտ փոր»։
Թատերականացված պոռթկման ժամանակ ասելու է, թե 1991-ից անկախությունը որպես թոկ են մեր դեմ կիրառել՝ Ռուսաստանից կախված լինելու համար, իսկ հիմա մենք ունենք ինքնիշխանություն ձեռք բերելու հնարավորություն, և որ իր քաղաքական թիմն ունի մանդատ՝ ժողովրդին տանելու իրական ինքնիշխանության(Թուրքիայի տիրապետության տակ)։
Դահլիճի 60-քանիսը ծափ են տալու, Հ1-ի հայտնի տաղավարը սկսելու է քննարկումները՝ «կեղծ պետականությո՞ւն, թե՞ իրական ինքնիշխանություն» խորագրով, նախարարները, փոխնախարարները շարունակելու են դիմել «ՄԵԾԱՐԳՈ»-ով։ Հասարակության զգալի մասը լռելու է՝ այդպես էլ չհասկանալով, թե ինչ է կատարվեց։ Իսկ հետո լինելու է Արցախի սցենարը՝ մասշտաբի փոփոխությամբ. 2 օրվա փոխարեն երկիրը կարող է դատարկվել 2 տարում։ Նախկին, ներկա փողատերերը սահուն գաղթելու են իրենց Դուբայներ, Հունաստաններ, Լոսեր և այլն։ Գրին քարտ ունեցողները՝ նույնը։ Մենթալ խոպանչու մեր գենը բուռն ռեալիզացվելու է։ Իսկ գիտե՞ք, թե Վրաստանի տարածքում ժամանակին պապ-տատ ունեցող քանիսն են այս ընթացքում հիշել իրենց «ծագումը» ու արագացված կարգով Վրաստանի քաղաքացիություն են ուզում ստանալ։ Դոշակի տակից քանի՞ տասնյակ հազար ընտանիք է հանելու ռուսական անձնագիրը։
Երկրում մնալու են անճարները և մինչև վերջին վայրկյանը երկիրը փրկելու պատրաստ մարդիկ։ Սա է ռեալ սցենարը, ոչ թե մի քանի գյուղի կամ նախկին-ներկա որոճվող թեման։
Այս իրատեսական սցենարը թույլ չտալու համար, պետք է շարժումը ուժեղացնել։ Բագրատ Սրբազանի ձևակերպումն իր պարզությամբ ու ազնվությամբ սպառիչ է. «Շարժումը բաղկացած է քեզնից. եթե դու մարել ես, ուրեմն շարժումն էլ մարելու է»։
Բանաձևը փոխվում է. նրանք մարում են պետությունը, մենք պետք է ուժեղացնենք շարժումը։ Բայց շարժումը ուժեղացնելու համար այն պետք է դառնա ավելի գրագետ՝ քաղաքական։ Միայն քաղաքական բովանդակությունն ուժեղացնելու դեպքում է հնարավոր մեծացնել մեր ընտրազանգվածը, և հասկանալի դառնալ արտաքին խոշոր խաղացողների համար։ Ադրբեջանը քաղաքական ծրագրով գնում է Հայաստանի ոչնչացմանը, մենք պետք է քաղաքական մեր ծրագրով խափանենք դա։ Մնացածը չորրորդական է։ Սրա չգիտակցումը կբերի պատմական խոշորագույն ողբերգության, ու այնքան արագ, որ չենք էլ հասկանա, թե ինչպես կատարվեց։
Արցախը ամենավառ օրինակն էր. Հայաստանի քաղաքական միտքը և հասարակությունը 9-10 ամիս չհասկացան, թե ինչ է տեղի ունենում և ինչով է ավարտվելու։
Հիմա նույնը Հայաստանի մասին է։ Այն տարբերությամբ, որ եթե Արցախի ժամանակ մենք չէինք պատկերացնում, թե ինչով է դա ավարտվում, հիմա պատկերացնում ենք։
Հերիք է պատմական դեբիլությամբ զբաղվել՝ Ամերիկան չի թողնի, Իրանը չի թողնի, Ալիևը ռիսկ չի անի։ Ամեն ինչ էլ կանեն, եթե մենք շարունակենք ապաքաղաքական զանգված մնալ։
Այս իմաստով շարժումը չի կարող մարել. այն պետք է վերափոխվի։ Կարող է փոխվել շարժման հարթակը, հրապարակի ծավալը, ձևակերպումների առաջնահերթությունները, միջոցառումների ինտենսիվությունը և այլ շատ բաներ կարող են փոխվել։ Ու դա նորմալ է։ Բայց շարժման իդեան չի կարող ո´չ փոխվել, ո´չ մարել, եթե այն հստակ նպատակ ունի՝  պահել Հայաստանը։ Սրան պետք է հաջորդի նպատակի քաղաքական ճանապարհային քարտեզը։
Վրաստանի կառավարությունը պատմական դասագրքային օրինակ է՝ ինչպես պահել պետական շահը և չընկրկել պսևդոեվրոպական հակապետականության առաջ։
Իսկ մերն ընդհանրապես ավելի բարդ պատմություն է. մեզ Եվրոպայում ոչ սպասում են ոչ՝ հրավիրում։ Մեզ սպասում է միայն Ադրբեջանը, սպասում է մեր վերջին 1-2 սխալին, որ մեր պետականության թեման փակի։ Այս հենց սա´ չի հասկանում լայն հասարակությունը, նրա վերնախավերը, քաղաքական գործիչների զգալի մասը։ Շարժումը պետք է հենց սա հասկացնի՝ ընդ որում՝ շատ արագ։
 
Վահե Հովհաննիսյան
Այլընտրանքային նախագծեր խումբ
Ինչպես դադարեցնել ներքին ենիչերիների վերարտադրությունը
 
Աշոտ Մինասյանի (Աշոտ Երկաթի)պատմությունը սահմռկեցուցիչ է։ Նկարագրածը (ապրածը) «սովորական միտինգային» դրվագ չէ, դա այսօրվա «նոր Հայաստանի» կենսափիլիսոփայությունն է։
Աշոտ Մինասյանը և կարմիրբերետավորները, նույնիսկ եթե եղել են մի գազելում, որպես փակ համակարգ, այնուհանդերձ՝ այլ մոլորակում չեն եղել։ Եվ սա մեկ հոգու պատմություն չէ, այլ՝ շատ շատերինը։
Այս դրվագի և հունիսի 12-ի բոլոր ապօրինությունների բացարձակ պատասխանատուն և մեղավորը իշխանություններն են,
բայց պիտի հասկանանք նաև, թե ինչ մեխանիզմների «շնորհիվ» է իշխանությունը ռիսկ անում նման այլանդակ գործողությունների.
 
1.     Կարմիր բերետավորներին այդպիսին լինելու և պետության հանդեպ բացառիկ վաստակ ունեցող մարդու վրա (կամ ցանկացած մարդու) հարձակվելու իրավունք տվել են.
a.     680 հազար ՀՀ քաղաքացիները, ովքեր, պատմական աղետից հետո վերընտրելով այս իշխանությանը, այսօր չեն շտապում շտկել իրենց քվեն՝ այսքան ավերից հետո։
b.     Ոստիկանության ղեկավար կազմը, որից որևէ  մեկը հրաժարական չտվեց՝ այս և այլ ահավոր պատմություններից հետո։ Չի գտնվում մեկը, որի համար անտանելի կլինի նման միջավայրում աշխատելը։
c.     «Բարեփոխիչները», միջազգային կառույցները, արևմտյան դեսպանատները, որոնք ձայն չեն հանում որևէ վայրագության դեպքում։
d.     Իբր կրթված, իբր մտավորական, իբր հումանիստ մասնագիտական էլիտաները, որոնք «քաղաքականությամբ չեն զբաղվում» ու երկրում կատարվողի մասին կարծիք չունեն։
 
2.     Անհավանական է թվում, որ անձամբ իրեն պսակադրած Սրբազանին բերետավորը կարող է հայհոյել, բայց նա դա անում է, որովհետև այս երկիրն արդեն 6 տարի է՝ անվերջ հայհոյանք է լսում ու չունի որևէ «ՉԻ կարելի»։ Որտե՞ղ են ձևավորվել այս մարդիկ, ո՞ր միջավայրում, ո՞ր դպրոցում, ո՞ր հասարակությունում։ Ինչքա՞ն կարևոր բաներ ենք տապալել պետականության 30 տարում։
3.     Այս ամենը հնարավոր դարձավ, որովհետև մեր պետության քաղաքացիները զանգվածաբար օտարացավ մեր պետությունից։ Ինչպե՞ս է հնարավոր, որ էն ժողովուրդը, որի համար Աշոտն ամեն կռվի պատրաստ է եղել իր կյանքը դնել, մասսայաբար ապրի գրին քարտի կամ օտարահպատակության երազանքով։ Բա ո՞ւմ համար էր պետությունը, բա էլ ի՞նչ հայրենիք։
4.     Ո՞նց բաց թողեցինք, շուրջ երկու տասնամյակ «արևմտյանմեդրեսեներում» նոր հայի ձևավորումը՝ իբր բարեփոխիչ, իբր լիբերալ, իբր՝ իրավապաշտպան, բայց իրականում՝ հակահայաստանյան ենիչերիների կրթման ու վերապատրաստման պրոցեսը։ Աչքներիս առաջ էին ախր նրանք ուժեղանում, կազմավորվում, մեդիաներ ստանում-ստեղծում, քարոզում, ԱԺ մտնում, որ մի օր էլ նրանց հավաքական ձայնը ասի՝ «Ղարաբաղը մեզ հետ ի՞նչ կապ ունի»։
5.     Աշոտ Մինասյանը խաղաղ ժամանակ զբաղեցրել է պաշտոն, որը շատ ուրիշները կօգտագործեին կարողություն դիզելու համար։ Նա միշտ ապրել է զուսպ ու համեստ՝ չգողանալով իր երկրից։ Աշոտի պես մարտիկներն իրենց մեջ տարիներով պահել են հարցը՝ ինչո՞ւ հաղթած, հերոս, պետություն կառուցած մարդիկ թույլ տվեցին այլանդակ բարքեր, փողի մոլուցք։ Անգամ կարգին, հայրենիքի առաջ վաստակ ունեցող մարդիկ ինչպե՞ս դարձան փողի ու ահռելի հարստության տեր՝ մեր փոքր, աղքատ, Արցախի խնդիր ունեցող երկրում։ Մայրցամաքից մայրցամաք ահռելի- անծայրածիր հարստության ու գույքերի տեր։ Ո՞նց, ինչպե՞ս, ո՞ր իրավունքով։ Ի վերջո, նրանք գերի դարձան այդ հարստությանը, սակայն դրա գերին դարձանք նաև մենք բոլորս, Հայաստանը, Արցախը։
6.     Եթե մենք էս հարցերին չպատասխանենք, չենք հասկանա, թե ինչպես ձևավորվեց այսօրվա անասնական մթնոլորտը, և թե ինչպես փողոցից եկավ գաղափարապես հստակ վարժեցված մի ուժ, որը թքած ունի Արցախի վրա էլ, Հայաստանի վրա էլ։
7.     Փառահեղ հաղթանակով ձևավորված պետությունը ո՞նց կարող էր էսքան անարդար բարքերով զարգանալ։ Ո՞նց։ Վերջում պարզվելու է, որ միակ «ապօրինի գույքը» մեր հայրենիքն էր։
8.     Աշոտի պատմությունից հասարակությունը պիտի պոռթկար։ Հակառակը նորմալ չէ։ Բայց նույն հասարակությունը պատերազմից շաբաթներ անց աղմկոտ քեֆեր էր անում, Արցախի կորստին հանգիստ նայեց։ Ինչո՞ւ պիտի Աշոտի հետ կատարվածից սարսռա, երբ շատերը Ռուբեն Վարդանյանի, Բակո Սահակյանի և մեր մյուս հայրենակիցների գերեվարվելուց ուրախացել էին։
 
Կարմիրբերետավորը և նրան հրաման տվող իշխանությունները պետք է փոխվեն, բայց պիտի փոխվի նաև նրանց ձևավորող միջավայրը։ Մենք պիտի կարմիր գծեր և ճիշտ ուղենիշներ ունենանք, որ դադարեցնենք ինքնաոչնչացումը։

Անհանգստության իրական աղբյուրը
 
Շատերը մտահոգ են (գուցե՝ ոչ անհիմն)Իրանում Փեզեշքիանի հաղթանակով՝ համարելով ադրբեջանցի։ Մինչ այդ մտահոգ էինք Բայդենի հնարավոր պարտությամբ (գուցե՝ ոչ անհիմն), ավելի վաղ մտահոգ էինք Մակրոնի պարտությամբ, Լուկաշենկոն վաղուց «ադրբեջանամետ» է, իսկ Պուտինը՝ «Էրդողանի դաշնակիցը»։ Գուցե այս բոլոր մտահոգությունները տեղին են, բայց ճիշտ եզրահանգման մենք չենք գալիս՝ արդեն մի քանի տարի շարունակ.
 
1.     Եթե նույնիսկ Թեհրանում, Վաշինգտոնում, Մոսկվայում, Թբիլիսիում, Անկարայում միաժամանակ իշխանության գան պրոադրբեջանական ուժեր, բայց Հայաստանում լինի իրական պետական մտածողությամբ հայկական իշխանություն, Հայաստանը գրագետ քաղաքականությամբ և գրագետ քայլերով կկարողանա պաշտպանել իր շահերը՝ ձեռք բերելով դաշնակիցներ հենց այդ երկրներից։
2.     Եթե Թեհրանում, Վաշինգտոնում, Մոսկվայում, Թբիլիսիում, Անկարայում միաժամանակ իշխանության գան պրոհայկական ուժեր, իսկական հայամետներ, բայց Հայաստանում լինի այսօրվա պես աղետաբեր իշխանությունը, մեզ ոչինչ չի փրկի կորուստներից ու ողբերգությունից, միշտ կլինենք «թույլ և մենակ»՝ առանց դաշնակից։
 
Հետևաբար՝ կենտրոնանալ է պետք է սեփական իշխանության որակի վրա։ Մնացածը կառավարելի իրավիճակներ են։
 
Վահե Հովհաննիսյան
Այլընտրանքային նախագծեր խումբ

Պատերազմը չդադարեցրած իշխանությունը կարո՞ղ է խաղաղություն բերել
 
Իրանի նախկին արտգործնախարար Զարիֆի հուշերից մի հատվածի հրապարակայնացումը, ըստ որի՝ Հայաստանը մերժել է պատերազմը պատվաբեր եղանակով և մեզ ավելի ձեռնտու փուլում կանգնեցնելու իրանական առաջարկը, Հայաստանի ներքին մթնոլորտը փոխելու հսկայական պոտենցիալ ունի։ Մինչ այդ գիտեինք, որ Հայաստանը 44 օրյայի ժամանակ երկու անգամ էլ մերժել է ռուսական կողմի՝ պատերազմը դադարեցնելու առաջարկը։
Ստացվում է.
 
1.     Հայաստանի իշխանությունները պատերազմի ընթացքում մի քանի անգամ մերժել են պատերազմը կանգնեցնելու հնարավորությունը՝ իրենց վրա վերցնելով հազարավոր զոհերի, վիրավորների ու տարածքային կորուստների աննկարագրելի  բեռը։
2.     Այս թեզը դառնում է Հայաստանի ցանկացած քաղաքական ուժի և անհատի ընտրության առանցքային կետը։ Շրջանցել այս հարցադրումը պետք է դարձնել անհնար։ Անհնար է հանգիստ շարունակել քաղաքական և սովորական կյանքը, երբ տիրապետում ես նման ինֆորմացիայի։
 
Սա այն հարցն է, որը չունի վաղեմության ժամկետ, և սա պետք է դառնա ազգային օրակարգի առանցքային հարցերից մեկը՝ ինչո՞ւ են մերժվել պատերազմը դադարեցնելու առաջարկները։
 
Այս հարցը ծնում է նոր հարցեր՝ իսկ գուցե մեկ այլ ուժ թույլ չի՞ տվել պատերազմը շուտ դադարեցնել, իսկ գուցե եղել են ա՞յլ դրդապատճառներ։ Վերջապես, այս հարցը չի կարող սահմանափակվել մեկ հոգու պատասխանատվությամբ։ Կա անձանց մի շրջանակ, որը պատասխաններ պետք է տա։ Այդ շրջանակը ներառում է այդ ժամանակվա գործող արտգործնախարարին, այդ ժամանակվա ՀՀ նախագահին, որը հետագայում փախավ Հայաստանից (գուցե հենց ա՞յդ պատճառով), Անվտանգության Խորհրդի անդամները։ Ո՞վ էր տեղյակ առաջարկներին, ո՞վ ձայն չհանեց, երբ մերժվում էին առաջարկները։ Ո՞վ գիտեր, թե ինչ է կատարվում ու չդիմեց ժողովրդին՝ կասեցնելու համար աղետը։
 
Մենք չենք կարող ձևացնել, թե ոչինչ տեղի չի ունեցել, շարունակել թաքնվել մասնավոր հորինված ստի մեջ՝ ում ինչպես հարմար է։ Պատերազմի արագ դադարեցման (մերժման) առեղծվածը  կարմիր գիծ է։ 
 
Սա նոր օրակարգ է նաև Բագրատ Սրբազանի համար։ Բարոյականության կենսական քարոզով պայքար տանող Սրբազանը վստահաբար պետք է այս թեման դարձնի առանցքային։ Ու սա կլինի հենց պրոցեսի քաղաքականացման իրական ուղերձ։
Պատերազմը վաղաժամ և պատվաբեր պայմաններով չդադարեցնելը և´ բարոյական հարց է, և´ ծայրահեղ քաղաքական։ Դրա գինը աննկարագրելի թանկ էր։ Սրբազանի «ներքին հաշտության» առանցքային ուղերձը նաև այս հարցի վրա պետք է խարսխվի։ Մեր ներքին հաշտությունը պետք է պահանջի ճշմարտության բացահայտում։ Ճշմարտություն՝ մեր նորագույն պատմության աղետալի էջի մասին։ Ի վերջո, սա բերում է նաև շատ կոնկրետ ու կարևոր մեկ այլ հարց՝ արդյոք պատերազմը չդադարեցրած իշխանությունը կարո՞ղ է խաղաղություն բերել։ Մեր երկրի, մեր հասարակության, անհատապես մեր բոլորի ընթացիկ կյանքում մի հրեշավոր պատմություն կա, ու ձև անել, թե այն չկա, և շարունակել ապրել՝ կեղծ նորմալության հորինելով, չի ստացվելու։
 
Վահե Հովհաննիսյան
Այլընտրանքային նախագծեր խումբ
 
 
 
 

Ովքեր և ինչպես պիտի երկիրը նորից կառավարելի դարձնեն
 
Քաղաքի մի մասը լույս չունի, մյուս մասը՝ ջուր, փողոցները քարուքանդ, ամենաբանուկ խաչմերուկներում ժամերով առանց որևէ կարգավորման։ Երկիրը մեծ հաշվով չի կառավարվում։
Ադրբեջանը կոշտ պահանջներ է դնում, ԱՄՆ-ն ասում է պետք է ծանր փոխզիջումներ լինեն(պարզ է, թե ով պիտի զիջի)։ Այս պայմաններում իշխանությունը գնում է անհոգ արձակուրդի՝ մի ամսով, մի քանի շաբաթով։ Միակ աշխատանքային գործունեությունը հեծանիվն է։
Իրավիճակը ամբողջականանում է ամեն ինչին հարմարվող անմռունչ հասարակության գործոնով։ Ի դեպ, 2020-ին նույն պատկերն էր, երբ օդում կախված էր պատերազմի հոտը, ու մտածելու ունակ մարդիկ հասկանում էին, որ պատերազմն արդեն դռան հետևում է, երկրի նախագահ, վարչապետ, ԱԺ նախագահ և մնացյալ պաշտոնյաներն արձակուրդների էին գնում։ Հասարակությունը՝ նույնպես։ Հիշենք նաև, որ երկիրը նախագահ էլ ունի։ Հիշենք նաև, որ բազմաթիվ ընդդիմադիր լիդերներ էլ ունի, որոնց «արձակուրդաունակությունը» պակաս չէ, և ովքեր ակտիվանում են միայն ուրիշների պրոցեսների ժամանակ՝ քվոտա կամ մասնաբաժին ստանալու համար։
Մյուս կողմից ակնհայտ է, որ ձևավորվել և ձևավորվում է հանրային գործիչների ու հանրային ակտիվի մի համայնք (բավականին պատկառելի), որը գնալու է ինքնակազմակերպման ճանապարհով, և որը պետք է կազմակերպի պետության կազմաքանդման դիմադրությունն ու պատմության գիրկն ուղարկի այս վիճակին հասցրած իշխանությանը (և ընդհանրապես բոլոր նրանց, ովքեր խանգարում են երկրի առողջացմանը)։
Այսօր հրապարակում Բագրատ Սրբազանն է, որի գործոնն ունի միաժամանակ կոնսոլիդացման և դաշտի մաքրման մեծ պոտենցիալ։ Մարդը, որը չունի նյութական ակնկալիքներ և շարժմանը միացողներից պահանջում է անել նույնը, կարող է հասնել դաշտի առողջացմանը՝ համախմբելով գաղափարական տարբեր դաշտերում գործող, բայց երկրի հանդեպ սեփական պատասխանատվությունը գիտակցող լայն շրջանակների։ Նոր հանրային դաշտն իրական այլընտրանք պիտի դառնա գործող իշխանություններին, որոնց ապաշնորհության (կամ՝ պայմանավորվածությունների) հետևանքով պետությունը ներսից ու դրսից անկառավարելի է դարձել։
Հանրությանը պիտի ներկայացվի իրավիճակը շտկելու և երկրի կառավարելիությունը վերադարձնելու հստակ, հասկանալի տեսլական։ Հակառակ դեպքում ստացվում է, որ մեր երկրին համ դրսից են հոշոտում, համ մենք մեր վարքագծով՝ ներսից։
 
 

Չեն լինում անլեզու կամ անմիտ պետություններ
 
Հայաստանը հիմա լուռ է և իրեն առաջադրվող պահանջներին ու ճնշումներին՝ բացարձակ անպատրաստ։
Բոլորը մեր մասով կամ մեր մասին խոսում են, իրենց շահերը պարտադրում։ Մենք լուռ ենք։ Չեղած տեղից, զրոյից մեր մասին նոր այլանդակ օրակարգ է ձևավորվում՝ միջին միջանցք, հարյուր հազարավոր ադրբեջանցիների վերադարձ Հայաստան, Սահմանադրության փոփոխություն և այլն, մենք չենք կարողանում կամ չենք ուզում չեզոքացնել այդ օրակարգը։
Ի՞նչ փախստականների մասին է խոսքը, երբ 120 հազար արցախցիների տները դեռ տաք են, դպրոցների գրատախտակներին դեռ հայերեն կա գրված։ Բայց դա պետք է կարողանաս ձևակերպել աշխարհի համար որպես օրակարգ։
Ի՞նչ միջանցք, ի՞նչ նոր Սահմանադրություն։ Բայց այդ պահանջներին եթե գրագետ չես պատասխանում, դրանք դառնում են օրակարգ, ընդ որում՝ միջազգային հանրության համար ընկալելի։ Սրա ռիսկը հայ ժողովրդին ոչ ոք չի բացատրում։ Մեզ ծաղրում են՝ լռում ենք, մեր գերիներին դատում են ու պահում Բաքվում՝ լռում ենք, մեր տարածքում միջանցքներ են մոգոնում՝ լռում ենք ... և մյուս բոլոր կարևոր դեպքերում։
 
Հայաստանի ներկա քաղաքական-հանրային վերնախավը մի մեծ, հավաքական Բայդեն է, որը պետք է հեռանա։ Իրական ռիսկերը չի հասկանում և չի արձագանքում։ Ներքին կյանքով չի ապրում։
Հայաստանի ներքին կառավարելիությունը սրընթաց կորում է։ Դարձել ենք արտակարգ իրավիճակների պետություն, որտեղ սահմռկեցուցիչ վթարները, սպանությունները, ռազբորկաները, քանդված փողոցները,  կոմունալ ծառայությունների անվերջանալի վթարները, չգործող պետական ծառայությունները դարձել են սովորական երևույթ։
Պետական վերնախավը ցուցադրական արձակուրդի մեջ է։ Իսկ մենք որտե՞ղ ենք։ Եվս մի փուլ՝ հորինված քաղաքական դաշտի ու լիդերների, ու Հայաստանը գրելու է նոր խոշորագույն աղետի պատմությունը։
Էլ ո՞նց ասենք, ո՞նց բացատրենք մի 2-3 տասնյակ հոգով, որ գնում ենք աննկարագրելի աղետի՝ հեծանվորդի գլխավորությամբ, հանրային անտարբերությամբ ու էլիտաների պարզունակ մերկանտիլիզմի պատճառով։
Շատ պարզ պետք է ժողովրդին ասել, որ հեծանվորդի այս ընթացքը տանում է նոր աղետի։ Նա Արևմուտքից խնդրում է (կամ տալիս են) շա´տ ավելի վատ լուծումներ, քան հնարավոր էր ստանալ ռուսական միջնորդությամբ։ Ու նույնքան պարզ պետք է ասել, որ ընդդիմադիր շատ լիդերներ ձայն չեն հանելու, որովհետև արևմուտքում ունեն գույք, բիզնեսներ, կապիտալ, գրին քարտեր։ Գոնե հանուն մեր երեխաների մի օր պետք է սկսենք բաց խոսել։
Նույնքան պարզ պետք է ասել, որ ռեսուրսների տիրապետող շատերը ձայն չեն հանում մեռնող հայրենիքի մասին՝ «քանի մեզ Մոսկվայից բան չեն ասել, չենք կարող» ձևակերպմամբ։
Դրա համար էլ աղետի քշվող Հայաստանը լուռ է. մեկին Մոսկվայից են արգելում խոսել, մյուսին՝ Վաշինգտոնից, երրորդին՝ Անկարայից ու Բաքվից, չորրորդին արգելում է իր դիզած կապիտալը և այսպես շարունակ։ Այդպես մի տարի առաջ հայաթափվեց Արցախը։ Այսօր այս վիճակը տանում է Հայաստանի հայաթափման։
Այսօր պաշտոնական իշխանության և պաշտոնական ընդդիմության փոխարեն Հայաստանի կողմից աշխարհին և Ալիևին պատասխանում է Բագրատ Սրբազանը։ Արձագանքում են 1-2 քաղաքական միավոր և 1-2 տասնյակ հանրային գործիչներ՝ ստեղծելով  դիմադրող օջախը։ Բայց դա ակնհայտ քիչ է։
Ունենք ռեսուրս՝ գրագետ գործիչների լավ անվանացանկ։  «Բոլոր ունակների իշխանությունը» կարևոր գաղափար է, բայց այն պետք է ստանա շարունակություն՝ ձևաչափի (ձևաչափերի) և բովանդակության տեսքով։ Մեր երկրում կա մարդկանց անվանացանկ, ովքեր կարող են ստեղծել հակաճգնաժամային կառավարման համակարգ։ Պետք է պրոցեսը տանել այդ ուղղությամբ։
 
Վահե Հովհաննիսյան
Այլընտրանքային  նախագծեր խումբ
 
 
Բայդենի հեռացումով աշխարհում շատ բան է փոխվելու՝ շատ պետությունների, ժողովուրդների և հակամարտությունների ընթացքներ։ Նույնիսկ եթե հաղթի դեմոկրատ Ք. Հարիսը։ Թրամփի հաղթանակի դեպքում փոփոխությունները լինելու են ավելի սրընթաց։
Ուկրաինան սա արագ հասկացավ, և Կիևի հռետորաբանությունն օրերի ընթացքում անճանաչելիորեն փոխվեց։ Կիևը հիմա ավելի է հակված բանակցությունների ու պատերազմի արագ դադարեցմանը։ Սա ճկուն քաղաքականություն է, ինչը միանշանակ ճիշտ է։ Այլ հարց է, որ դա պետք էր հասկանալ շատ ավելի վաղ նախքան անմեղսունակ քաղաքականության հետևանքով երկիրն ավերելը։
 
Նույն խնդրի առաջ կանգնած ենք մենք՝ Հայաստանն ու Ադրբեջանը։ Մինչ ոմն հեծանվորդ փչացրեց Երևանի հարաբերությունները Մոսկվայի հետ և տեղավորվեց Արևմուտքի նժարում, Ադրբեջանն ընդունեց արևմտյան միջնորդությունը, բայց այդ ընթացքում էապես բարելավեց իր հարաբերությունները Ռուսաստանի և Չինաստանի հետ, մեղմեց լարվածությունն Իրանի հետ։
Մինչ հայ հանրությունն աշխարհի ու քաղաքականության մասին իր գավառական պատկերացումներն էր խորացնում՝ իշխանութունների և Հ1-երի օգնությամբ գոռալով «սաղ ռուսներն են մեղավոր», հակառակորդն իր շահերի բալանսավորումը հասցրեց կատարել առավելագույն արդյունավետությամբ։
 
ԱՄՆ փոփոխվող վարչակարգի և միջնորդների անհատական կազմի փոփոխման պայմաններում, Հայաստանը պետք է լինի ճկուն, եթե կուզեք՝ առանց ամոթի զգացման ճկուն։ Հնարավո՞ր է դա անել այսօր գործող բանակցողի և գործող կառավարության պայմաններում։ Գուցե ինչ-որ մասով հնարավոր է, սակայն
դժվար պատկերացնելի, եթե հաշվի առնենք այսօրվա իշխանությունների անկանխատեսելիությունն ու հնարավոր կուլիսային պայմանավորվածությունները։
Ճիշտ պահին նոր բանակցողի և նոր կառավարության ի հայտ գալը կարող էր ուղղակիորեն հնարավորությունների նոր էջ բացել Հայաստանի և անգամ Արցախի համար։ Շատ պետություններ են իրենց պատմության մեջ արել նման քայլեր և շահել պատմական կտրվածքում (ներառյալ` մեր բոլոր 4 հարևանները)։
Կա կարծիք, որ ճիշտ կլիներ, որ դա արվեր պալատական պրոցեսների արդյունքում։ Գուցե ճիշտ է, բայց պալատական պրոցեսների համար նախ և առաջ պալատ է պետք ունենալ։ Մեզ մոտ այն վերածվել է պատահականությունների գավառական կայարանի։
Նոր և ճկուն պաշտոնական Երևանի պատմական անհրաժեշտությունը սուր խնդիր է, որը պետք է դառնա առաջիկա պրոցեսների առանցքը։
 
Վահե Հովհաննիսյան
Այլընտրանքային նախագծեր խումբ

                 Անել նոր որակի քայլեր, որոնք շրջանցում են «հեծանվորդի» գործոնը
 
Վ. Օսկանյանը երեկ կարևոր խնդիր դրեց. պետք է ՀՀ իշխանություններին ստիպել՝ օրակարգ բերել արցախցիների վերադարձի խնդիրը։ Ակնհայտ է, որ իշխանությունը դա չի անելու։ Պահանջենք-չանի ու ցրվենք տներո՞վ։ Սա կնշանակի, որ հեծանվին զուգահեռ կյանք չկա. ուրեմն ստացվում է՝ կեցցե հեծանի՞վը։
Ոչ։ Կա այլ ճանապարհ.
 
1.     Նախ պետք է հստակեցնել, թե ո´վ է պահանջողը։ Տրամաբանորեն դա պետք է անի Սրբազան շարժումը, որպես այսօրվա ամենամասնակցային հանրային պրոցես։ Շարժումն արցախցիների վերադարձի հարցը պետք է դարձնի իր հիմնական պահանջներից մեկը, որն ընկալելի է ինչպես ներսում, այնպես էլ դրսում։ Դա և´ պատմական օրակարգ է, և´ներքին, և´  ընթացիկ բանակցային, որովհետև դա թույլ է տալու մեղմել մեր դեմ առաջ քաշվող ադրբեջանական ստորացուցիչ պահանջները։
2.     Արցախի նախագահի հրամանագրով պետք է ստեղծել «Վերադարձի նախարարություն» (գուցե՝ գործակալություն), որը լուրջ միավոր պետք է դառնա, այդ թվում՝ աշխատելով Օսկանյանի հանձնախմբի և միջազգային հումանիտար կենտրոնների հետ։ Սրա տակ պետք է դրվի փող և լուրջ ծրագիր։ Կարո՞ղ ենք դա համահայկական լոբբինգով դարձնել լուրջ միավոր. եթե աշխատենք՝ կարող ենք։
3.     Սեպտեմբեր 28-29 տեղի է ունենալու Մայր տաճարի վերաօծման և Մյուռոնօրհնության արարողությունը։ Այս հրաշալի միջոցառմանն անկասկած ներկա են լինելու աշխարհի ազդեցիկ հայերը, և ուշագրավ է, որ այդ արարողությունը տեղի է ունենալու Արցախի հայաթափման միամյակին։ Կարևոր է այս բոլոր ազդեցիկ հայերին ներգրավել մի տրամաբանության մեջ՝ միավորելով երեք հստակ ուղերձի շուրջ.
 
ա. Հայության օրակարգում պետք է ամրագրել արցախցիների՝ իրենց բնօրրան վերադարձի խնդիրը՝ միջազգային իրավունքի պաշտպանության ներքո։
բ. Անվերապահ աջակցություն Հայ առաքելական եկեղեցուն և Ամենայն Հայոց Կաթողիկոսին։
գ. Սփյուռքի և Հայաստանի միջև միասնական նպատակների ձևակերպում և սփյուռքի դերի վերարժևորում (ի հակադրություն մեր հակառակորդների ցանկությունների և գործող իշխանության տեսլականի)։
 
Կա՞ արդյոք կյանք հեծանվից զատ
 
Այս հարցն իրականում ունի մի քանի կարևոր մոդիֆիկացիա. կա՞ արդյոք կյանք հեծանվից հետո, հեծանվի վրա և հեծանվին զուգահեռ։
Ցավոք, մեր պետության վիճակը և քաղաքական մտքի պարզունակությունը անկախության 33 տարում այս հարցի վրա է։  
Ամենակարևորը երրորդ հարցն է՝ կա՞ արդյոք կյանք հեծանվին զուգահեռ. եթե այո, ապա առաջին հարցի պատասխանը միանշանակ այո է, իսկ երկրորդ հարցը դառնում է անհետաքրքիր։
Լավ, ի՞նչ անենք։ Հայաստանի շուրջ մեծ պատերազմի նախերգանքն է, Հայաստանի մասին սպառնալիքներ, պահանջներ և առաջարկներ՝ բոլոր կողմերից, մեր իշխանությունը գռեհիկ անհոգությամբ արձակուրդ է ցուցադրում։ Սրանց ինչո՞վ ենք դիմագրավում։ Հրապարակում՝ մի քանի տասնյակ հանրային   դեմքեր, մի քանի հազար՝ նույն քաղաքացիները, չընկրկող, չհանձնվող Սրբազանը։
Խնդիրն ամենևին բարոյահոգեբանական չէ, դրա հավեսը վաղուց չկա։
Որպեսզի մենք հեծանվից հետո ունենանք կյանք, պետք է հեծանվին զուգահեռ ձևավորենք լուրջ քաղաքական միտք և դրան ուղղված գործունեություն։
Պետք է ինքնակազմակերպվել և գրագետ քայլերով մինիմալիզացնել հեծանվորդի իմաստը։
Վերևում մեկ օրինակի վրա ցանկացա  ցույց տալ, որ մտածված և գրագետ աշխատելու դեպքում իրավիճակը կարելի է էապես փոխել։ Հարցերը կարելի է որակապես այլ նշաձողի բարձրացնել՝ արցախցիների վերադարձն ամրագրելով որպես հայության օրակարգ, հեծանվորդին դնելով որակապես նոր մեկուսացման մեջ, և Հայ առաքելական եկեղեցու համահայկական աջակցության շուրջ լրիվ նոր մթնոլորտ ստեղծելով։
 
Որպեսզի աշնանն ակնկալվող՝ հանրային զանգվածային ակտիվությունը չվերածվի հերթական սեզոնային սրացման, փոխել է պետք խաղի կանոնը։ Բոլորիս հայտնի են ծուղակները, որոնցով իշխանությունը հաղթում է։ Իշխանությանը պետք է դնել գաղափարական մեկուսացման մեջ, պրոցեսի հիմքում պետք է դնել գաղափարներ՝ չվախենալով, չխուսափելով ցավոտ հարցադրումներից, ոչ թե պարզապես ներկայացնել միջոցառումների աշխույժ (անգամ եթե պատկառելի) ցանկ։
 
Վահե Հովհաննիսյան
Այլընտրանքային նախագծեր խումբ
 

Ինչ ստվերային պայմանավորվածություններ կան Ադրբեջանի հետ
 
Հայաստանյան կիսամեռած կյանքում որոշակի իրարանցում առաջացրեցին  Ադրբեջանի նախագահի ներկայացուցիչ Էլչին Ամիրբեկովի ձևակերպումները։
Բացառապես որոշ զլմ-ների, հանրային-քաղաքական գործիչների, փորձագետների մի փոքր անվանացանկի շնորհիվ Հայաստանը թեթև կենդանության նշաններ ցույց տվեց՝ իր ճակատագրի մասին արված ձևակերպումների ֆոնին։
Ակնհայտ է, որ եղել են հայ-ադրբեջանական ստվերային շփումներ՝ Արևմուտքի զգալի միջնորդությամբ, և կարծես, թե ձեռք են բերվել որոշակի պայմանավորվածություններ։
Ունեմ հիմնավոր վարկած, որ իսկապես ձեռք է բերվել ստրատեգիական պայմանավորվածություն. Ալիևն օգնելու է այս իշխանությանը՝ վերարտադրվել։ Գինը Հայաստանն է։
Ալիևը սեպտեմբերին ավարտում է իր ընտրական ցիկլերը և բանակցել է Ադրբեջանի շահերի համար։ Արևմուտքը բանակցել է իր ստրատեգիական շահերի, իսկ Հայաստանը բանակցել է հանուն Նիկոլի իշխանության։ Բանակցությունների հենց այս սկզբունքային նրբությունն էլ հնարավորություն է տվել՝ հասնել պայմանավորվածությունների։
Դրա տեխնոլոգիական ընթացքը կարող է լինել այսպիսին. մինչև Հայաստանի խորհրդարանական ընտրությունները Ադրբեջանը Նիկոլին տալիս է հայ հասարակության վրա խաղաղության էմոցիաներ ծախելու հնարավորություն, գուցե՝ ինչ-որ նախաստորագրված թղթի կտոր, մեղմված հռետորաբանություն, Հայաստանի հետ վերջնական խաղաղություն ունենալու հրապարակային խոստումներ և այլն։ Գուցե պրոքսի գործիչներով սպառնալիքներ՝ Նիկոլ մերժելու դեպքում ինչ կլինի և այլն։
Այս ամենի դիմաց Ալիևն ամենայն հավանականությամբ ստացել է իր ուզածը՝ Հայաստանյան ընտրություններից հետո, այս իշխանության վերարտադրումից հետո՝ իր ստրատեգիական պահանջների բավարարում՝ միջանցք, փախստականների վերադարձ, անկլավներ և այլն։ Չի բացառվում, որ պայմանավորվածությունները կարող են այլ որակի լինել։
Պետականության և անվտանգության թեմաներով գուշակություններ չեն անում և չեն ապավինում «գուցե պլստանք» ամենակործանարար հույսին։
Այս և այլ հրեշավոր սցենարներին դիմակայելու համար Հայաստանը պետք է դուրս գա իր անմիտ վիճակից ու քաղաքական բովանդակություն տա իր ներկային ու ապագային։ Փախստականների մեծ՝ 2.5 մլն-անոց ճամբար հիշեցնող մեր վիճակից պետք է անցնել պետություն ունեցող և պահելու որոշմամբ հասարակություն։ Իսկ սա հնարավոր է միայն նոր քաղաքական-հանրային միավորների, ձևաչափերի ստեղծմամբ, որոնք հասարակությանը կունենան ասելու և առաջարկելու բան։
Մենք չենք ուզում ընդունել, և իսկապես շատ ցավոտ է ընդունել, որ Հայաստանն այսօր արտադրում է միայն էմոցիաներ ու պարզունակ պատկերացումներ։ Ունենք ամեն ինչ՝ ռուսին, ամերիկացուն թշնամի համարող շերտեր, Իրանին ամենափրկիչ տեսնողներ, Նիկոլ անիծողներ և նախկիններին ատողներ... Էմոցիաների ամբողջ սպեկտրն ունենք։ Իսկ իրականության սթափ ընկալում ունեցող և լուծումներ տեսնող միավորների ու անհատների թիվը չափազանց  փոքր է։
Ալիև-Նիկոլ պայմանավորվածությունները, որոշակի զարգացումների դեպքում, Ադրբեջանը խախտելու է. դրան էլ պետք է պատրաստ լինել։ Եթե Մերձավոր Արևելքում լարվածությունը կտրուկ մեծանա՝ Իրանի ներգրավվածությամբ, կամ ռուս-ուկրաինական պատերազմի ծավալները մեծանան, ապա Ալիևը թքած է ունենալու թե´ COP-29-ի, թե´ ինչ-ինչ ստվերային պայմանավորվածությունների, թե´ Արևմուտքին տված ինչ-ինչ հավաստիացումնեդրի վրա, և օգտվելու է իրավիճակից։
Առաջիկա փուլի մեր խորքային խնդիրը անմիտ Հայաստանից (լավագույն դեպքում՝ էմոցիոնալ) քաղաքական Հայաստանի վերածվելն է։
 
Վահե Հովհաննիսյան
Այլընտրանքային նախագծեր խումբ
 
Алиев поможет данной власти воспроизвестись, цена — Армения

Заявления представителя президента Азербайджана Эльчина Амирбекова вызвали определенный переполох в полумертвой жизни Армении.
Очевидно, что имели место теневые армяно-азербайджанские контакты, при значительном посредничестве Запада, и, кажется, достигнуты определенные договоренности.

У меня есть обоснованная версия о том, что, действительно, достигнута стратегическая договоренность. Алиев поможет данной власти воспроизвестись. Цена — Армения.

Алиев в сентябре завершает свои избирательные циклы и переговоры во имя интересов Азербайджана. Запад провел переговоры во имя своих стратегических интересов, а Армения провела переговоры во имя власти Никола. Именно эта принципиальная тонкость переговоров позволила достичь договоренностей.

Этот технологический процесс может быть таким: до парламентских выборов в Армении Азербайджан дает Николу возможность продать армянскому обществу эмоции мира, возможно, какой-нибудь листок бумаги, смягченная риторика, публичные обещания по части обзаведения окончательным миром с Арменией и т. д.

В обмен на все это Алиев скорее всего получил то, что хотел — после выборов в Армении, после воспроизводства данной власти, после удовлетворения своих стратегических требований: коридор, возвращение беженцев, анклавы и т.д. Договоренности могут быть и иного качества.

Для противостояния этому и другим чудовищным сценариям Армения должна выйти из своего бессмысленного состояния и наполнить свое настоящее и будущее политическим содержанием. А это возможно лишь при создании новых политико-общественных единиц, форматов, которым будет что сказать и предложить обществу.

В случае определенного развития событий Азербайджан нарушит договоренности Алиев-Никол. И к этому надо быть готовыми. Если напряженность на Ближнем Востоке резко возрастет — с вовлеченностью Ирана или возрастут масштабы российско-украинской войны, то Алиеву будет плевать на COP-29, на какие-то теневые договоренности, заверения, данные Западу, он просто воспользуется ситуацией.

Наша задача на предстоящем этапе - превращение неразумной Армении (в лучшем случае, эмоциональной) в политическую Армению.

Ваге Оганнисян
Группа Альтернативные Проекты

Մեր ստրատեգիական պրիմիտիվիզմն է մեր բոլոր աղետների հիմքում
 
 
Ինչո՞վ ենք մենք հակադարձում Մերձավոր Արևելքում ու մեր անմիջական տարածաշրջանում նոր լարվածության և պայթյունի վտանգին, բոլոր հարևանների ու հակառակորդների ակտիվ շփումներին, նրանց անդադար բաց ու ստվերային բանակցություններին, Պուտինի այցին Բաքու. հեծանվով, խաշլամայի և բանաստեղծության ֆեստիվալով, արձակուրդից դանդաղ հետ եկող (կամ չեկող) ընդդիմությամբ, և ընդհանրապես անելիքի տոտալ չիմացությամբ։
Հարավային Կովկասի անիմաստ ու անհեռանկար կույրաղիքի մեր դերին արդեն  ընտելանում ենք։ Դա, սակայն, կոպիտ մոլորություն է, որովհետև այս տարածաշրջանում մենք ոչ մեկից ավելի անհույս ու անհեռանկար չենք, եթե խելքով կառավարենք մեր երկիրը, եթե կանգնեցնենք հասարակության բարոյալքումը։
Մեծ հաշվով, մեր այսօրվա հավաքական վիճակը կարելի է կոչել ազգ-խաշլամա։
Մեր ստրատեգիական պրիմիտիվիզմն է մեր բոլոր աղետների հիմքում՝ մեր մի շարք որակներով համեմված։ Ադրբեջանը ԲՐԻԿՍԻ հայտ է ներկայացնում, մենք ոտանավոր ենք արտասանում կամ ձեռ առնում արտասանողին։ Ուղիղ չորս տարի առաջ՝ 2020-ի կռվից առաջ, բառացիորեն նույն անլուրջ վիճակն էր։
 Ունի՞ մեր ժողովուրդը պոտենցիալ՝ այս վիճակը հաղթահարելու. ունի։ Մեր մեծագույն ողբերգությունն են մեր պարզունակ էլիտաները, որոնք ուղղակի պատասխանատվություն են կրում այս վիճակի համար։ Ժողովուրդներին ո´չ փոխում են, ո´չ վռնդում, իսկ այ էլիտաներին՝ շատ հաճախ։ Մեզնից շատ ավելի վատ վիճակում գտնվող այլ հասարակություններ դա արել են ու հասել հաջողությունների։
 
Վահե Հովհաննիսյան
Այլընտրանքային նախագծեր խումբ

 
Нашей величайшей трагедией являются наши примитивные элиты
 
Чем мы отвечаем на угрозу новой напряженности и возможного взрыва на Ближнем Востоке и в непосредственно нашем регионе, на активную коммуникацию всех наших соседей и противников, их бесперебойным открытым и теневым переговорам, визиту Путина в Баку и так далее? Наш ответ – велосипед, хашлама, фестиваль стишков, неспешно возвращающаяся (или пока нет) из отпусков оппозиция, и тотальное непонимание шагов, которые нужно предпринять.
Мы уже мало-помалу привыкаем к своей роли бессмысленного и бесперспективного аппендикса нашего региона. Но это грубое заблуждение, ведь мы ничем не безнадежнее или бесперспективнее других стран региона, вот бы нам только смочь умом управлять страной и остановить деморализацию общества.
В основе всех наших катастроф лежит наш стратегический примитивизм, в купе с несколькими нашими специфическими качествами. Ударим хашламой и поэзией по БРИКС и по созревающей войне
Азербайджан претендует на членство в БРИКС, а мы в ответ читаем стишки или высмеиваем чтеца. Ровно четыре года тому назад, перед войной 2020г. был ровно такой же неадекват с нашей стороны.
Имеет ли наш народ достаточный потенциал для преодоления этой ситуации? Имеет. Нашей величайшей трагедией являются наши примитивные элиты, которые несут прямую ответственность за сегодняшнюю ситуацию.
Невозможно поменять или выдворить народ страны, а вот с элитами это случается сплошь и рядом. Есть огромное множество примеров обществ, которые находились в еще более плачевных ситуациях, чем мы, и все же достигли успехов.
 
Ваге Оганнисян
Группа Альтернативные Проекты