Երրորդ Հանրապետության Օրագիրը
41 subscribers
1 photo
20 videos
43 links
Download Telegram
Սուտ 4. Մենք հարգում ենք ցեղասպանության ողբերգությունը

Օսմանյան Թուրքիայում տեղի ունեցած ցեղասպանությունը երկար ժամանակ ընկած է եղել աշխարհի հայության մեծ մասի ազգային ինքնության հիմքում: 1915-1923 թվականների իրադարձությունների արդյունքում առաջացած դասական համայնքներում դա միշտ ավելի ցայտուն է արտահայտված եղել, քան Խորհրդային Հայաստանում։ Հետագայում առաջացավ անկախ Երրորդ Հանրապետությունը (1991թ.), և տեղի ունեցավ պատմական Հայաստանի ռազմավարական հատվածներից մեկի՝ Արցախի ազատագրումը (1994թ.): Այս երկու առանցքային ուղենիշները պետք է դառնային նորացված համազգային ինքնության հիմքը: Ցավոք, հայության մի զգալի մասն այդպես էլ չգիտակցեց, որ ինքնին հայկական պետության կազմավորման փաստը և պատերազմում տարած հաղթանակն արժեզրկել են ցեղասպանությունը։ Ինչպե՞ս: Ամեն ինչ շատ պարզ է՝ թուրքական կողմի առաքելությունը միշտ եղել է Հայաստանի՝ որպես պետության վերածնունդը թույլ չտալը, որի շուրջ կկառուցվեր ցանցային քաղաքական ազգը։ Թուրքական վերնախավերի համար պարզ էր, որ առանձին համայնքներն, առանց հզոր կոորդինացիոն կենտրոնի՝ ի դեմս մայր պետության, չեն կարող ռազմավարական սպառնալիք դառնալ։ Ինչո՞ւ։

Խոսքն այլ երկրների քաղաքացի դարձած հայերի մասին էր, և դա ինքնին արդեն բազմաթիվ խոչընդոտներ է ստեղծում։ Առանձին էթնիկ համայնքը կարող է սպառնալիք հանդիսանալ մեկ այլ պետության համար միայն այն դեպքում, եթե այն միջազգային կազմակերպված սուբյեկտ է, որն ազդում է քաղաքական որոշումների մշակման և ընդունման վրա: Բայց անգամ նման սցենարի դեպքում ազդեցությունը խիստ սահմանափակ է, հատկապես, երբ խոսքը վերաբերում է համայնքների ազդեցությանը գերտերությունների քաղաքականության վրա։ Հայկական համայնքը վերոնշյալ սուբյեկտը չդարձավ։ Մինչ օրս աշխարհի հայությունը պահպանվել է համայնքային վիճակում, որտեղ առանձին կազմակերպությունների ղեկավարությունն ապրում է իր կյանքով, իսկ համայնքային մեծամասնությունն՝ իր։ Գոյություն չունի անգամ մեկ կառույց, որը կարողանար գոնե համայնքային փոքրամասնությանը համախմբել մեկ միջազգային սփյուռքյան ցանցի մեջ։ Այն էթնիկ խմբերը, որոնք այսօր ունակ են ազդելու իրենց մայր պետությունների օգտին որոշումների կայացման վրա (իսրայելցիներ, իռլանդացիներ, լեհեր), ունեն խիստ կազմակերպված կառույցներ, որոնք կարող են ճիշտ և արդյունավետ կերպով օգտագործել առկա հեղինակությունը, մարդկային և նյութական ռեսուրսները:
Համաշխարհային հայությունը դեռևս ազդեցության օբյեկտ է: Հետևաբար, ցեղասպանության հարցը դարձել է ոչ այլ ինչ, քան գործիք առանձին երկրների ձեռքում։ Նրանք օգտագործում են այն, երբ անհրաժեշտություն է առաջանում, և ծրարում սնդուկն են դնում, երբ առաջադրված խնդիրները լուծվում են: Այլ կերպ ասած՝ մենք անգամ չենք էլ վերահսկում 1,5 միլիոն սպանված նախնիների, կորցրած հողերի ու հազարամյա ժառանգության հիշատակի սուրբ հարցը։ Մենք չկարողացանք համախմբել համայնքները միասնական Սփյուռքի մեջ, չկարողացանք ըստ արժանվույն գնահատել հզոր անկախ պետություն կառուցելու պատմական հնարավորությունը, չկարողացանք Սփյուռքը սինխրոնիզացնել պետության հետ, չկարողացանք պահպանել ցեղասպանության սարսափներից հետո միակ լուրջ ձեռքբերումը՝ Արցախի ազատագրումը:

100 տարի անց
թշնամին նորից հայկական հողի վրա սպանում է հայերին, հայկական հողի վրա քանդում հայկական եկեղեցիները, հողին հավասարեցնում հայերի գերեզմանները և զգուշացնում, որ ամեն ինչ դեռ նոր է սկսվում։ Ուրեմն, ինչպե՞ս ենք մենք հարգում ցեղասպանության զոհերի հիշատակը։ Ի՞նչ ենք անում, որպեսզի դա չկրկնվի։ Երկխոսությու՞ն ենք կառուցում այն երկրների հետ, որոնք բացահայտորեն խոսում են հայկական հարցի մոտալուտ փակման մասին։ Փորձում ենք բարեկամանա՞լ այն երկրների հետ, որոնք դեռևս մեկ տարի առաջ հրաման են տվել սպանել երիտասարդ հայ զինվորներին, կտրել ծերերի կոկորդը և ոչնչացնել Արցախի հայկական ժառանգությունը։ Թե՞ ակնկալում ենք, որ դա թույլ չեն տա նրանք, ովքեր բանաձևեր են ընդունում, որտեղ պետք է օգտագործվի ցեղասպանություն բառը։ Ակնհայտ է մեկ բան՝ նման մակերեսային վերաբերմունքը և նման անպատասխանատու քաղաքականությունը հանգեցնում է միայն մեկ արդյունքի՝ համայնքների ու հայկական պետության վերացման։ Այսինքն՝ այն էլիտաների վաղեմի երազանքի իրագործմանը, որոնք կանգնած էին հայկական հարցը մեկընդմիշտ փակել ձգտող երկրների հիմքերի մոտ։

In Russian
In English
Սուտ 5. Մենք հավակնոտ, ռացիոնալ և պրագմատիկ ազգ ենք

Հավակնոտությունը, ռացիոնալիզմը և պրագմատիզմը այն երեք հիմնասյուներն են, որոնց վրա հենվում են հաջողակ ազգերն ու պետությունները: Հաճախ կարելի է լսել, որ այս հատկանիշները լավագույնս բնութագրում են հայ ժողովրդին։ Արդյո՞ք այդպես է։ Եթե խոսենք պատմական առումով աննշան նպատակներին հասնելու ունակության մասին, հնարավոր է։ Նորին Մեծություն պատմությունը բազմաթիվ օրինակներով ցույց է տալիս, որ անձնական հավակնոտությունը, ռացիոնալիզմը և պրագմատիզմը, որոնք կտրված են կոլեկտիվ առաքելության հասնելու գաղափարից, դրական ազդեցություն են ունենում կարճաժամկետ հեռանկարում, ամբողջությամբ կորցնում են իրենց օգտակար հատկությունները միջնաժամկետ կտրվածքով և դառնում բոլորովին անօգուտ, երբ խոսքը գնում է երկարաժամկետ ռազմավարության մասին:

Ասվածի օրինակը մի չափազանց հավակնոտ, գերռացիոնալ և անթույլատրելիի չափ պրագմատիկ հայի՝ Գալուստ Գյուլբենկյանի գործունեությունն է։ Առաջին համաշխարհային պատերազմից հետո նա մոլորակի ամենահարուստ մարդկանց թվում էր և ապահովում էր եվրոպական խոշորագույն հսկաների (ներառյալ «Բրիթիշ Փեթրոլիումի», «Ռոյալ Դատչ Շելի», «Դոյչե Բանկի») մուտքը մերձավորարևելյան նավթային շուկա։ Խոսքը զուտ կոմերցիոն նախագծերի մասին չէր, այլ աշխարհաքաղաքական մեծ խաղի, որում Գյուլբենկյանը կարևոր դերակատարը էր: Բավական է նշել, որ ԱՄՆ կառավարությունն ու Ռոքֆելլերների կլանը բազմաթիվ փորձեր են արել նրա միջոցով մտնելու այս խաղի մեջ։ Դատելով նրա հնարավորություններից, ազդեցությունից ու ռեսուրսներից՝ Գալուստն ուներ մի ամբողջ պետության հզորություն:

Նա այնքան հարուստ էր, որ կարող էր պարտքով գումար տալ Ռոտշիլդների կլանին: Ընդգծենք, որ խոսքը միայն մեկ հայի մասին է։ Նրա նմաններն այն ժամանակ քիչ չէին՝ Մանթաշովները, Արամյանցները և այլոք։ Այս ընտանիքների հզորության գագաթնակետը, ինչքան էլ որ պարադոքսալ թվա, համընկավ հավաքական հայության անկման ապոգեյի հետ։ Ցեղասպանություն և վտարում պատմական հողերից, պատասխանատվություն ստանձնելու անպատրաստակամություն, և որպես հետևանք՝ հայկական պետականության նախագծի տապալում։

Կարո՞ղ էին արդյոք Գյուլբենկյանը և մյուս հայ ընտանիքներն օգտագործել իրենց ազդեցությունը ոչ միայն անձնական, այլև ազգային շահերի լոբբինգի համար: Իհարկե։ Ի վերջո, Լիոնել Ռոտշիլդը, ով ավելի քիչ քաղաքական ազդեցություն ուներ, քան իր հայ «գործընկեր» Գալուստը, կարողացավ գնել Պաղեստինի մանդատը և սկսել Սուրբ Երկրում հրեական պետության վերականգնման երկարաժամկետ գործընթաց։ Կարողացան չէ՞ Քենեդի և Բլյուիտ ընտանիքները ստանալ Վաշինգտոնի կառավարության աջակցությունն արնաքամ և աղքատ Իռլանդիայի համար, որն անկախության համար պատերազմ էր մղում Բրիտանական կայսրության դեմ:

Հրեական և իռլանդական կլանները կյանքի կոչեցին իրենց հավակնությունները, դրսևորեցին ռացիոնալիզմ և պրագմատիզմ՝ աջակցելով իրենց ժողովուրդների համար պետությունների կառուցմանը: Այսօր Իռլանդիան և Իսրայելը աղքատ ու շարքային փոքր երկրներ չեն, այլ լուրջ խաղացողներ, ովքեր հիշում և հարգում են նրանց, ովքեր օգնել են իրենց այդ դժվարին ճանապարհին։ Եվ օգնող մարդկանց ժառանգները լավ գիտեն, որ այս փխրուն աշխարհում ունեն իրենց հզոր ու անկախ օջախը, որտեղ գոնե կարելի է սպասել մինչև «վատ եղանակը» կանցնի: Հայկական կլանները գերադասեցին միջոցները ներդնել ոչ թե իրենց պետության ու ժողովրդի մեջ, այլ Եվրոպայի ու Ամերիկայի պատկերասրահներում, շքեղ առանձնատներում ու վիլլաներում։ Նրանք օգնեցին այլ երկրների ենթակառուցվածքների զարգացմանը։ Իսկ Հայաստանի ու հայերի համար՝ մի երկու եկեղեցի, վերանորոգում ու մի քանի դրամաշնորհ։ Տպավորի՜չ է: Արտասովոր «հավակնոտ»:

Որտե՞ղ են հիմա այդ երբեմնի հզոր, ռացիոնալ ու պրագմատիկ հայերը։ Մոռացության մեջ: Բայց նույնիսկ աչքի առջև ունենալով այս օրինակները՝ մեզ հաջողվում է կրկնել նույն սխալները։ Մեր հավակնությունները նախկինի նման ծառայում են անձնական շահերին և կյանքի կոչվում ոչ թե ի շահ հայկական պետականության, այլ նրա շահերի հաշվին։ Երբեմն դրա պատճառը թյուրըմբռնումն է, քանի որ համազգային թափառումի գործընթաց է տեղի ունենում մեր իսկ ստեղծած առանց պատերի սև սենյակում: Բայց ավելի հաճախ այդ վնասը հասցվում է միտումնավոր: Արդյո՞ք դա ռացիոնալ է: Պրագմատի՞կ է։ Պատասխաններն ակնհայտ են, բայց դրանք ինչ-որ բան կփոխե՞ն նույն Գյուլբենկյանին մեծարող ու նրա «ձեռքբերումներով» հպարտացող հավաքական օրգանիզմի համար։

In Russian
In English
This media is not supported in your browser
VIEW IN TELEGRAM
«Բա´վ է թուրքին նայել Էյֆելյան աշտարակի բարձրությունից, և ծաղրել նրա մինարեթի բարձրությունը։ Էյֆելը ֆրանսիական է, իսկ մենք պետք է թուրքական մինարեթին նայենք մեր խարխլված եկեղեցու գմբեթից, որպեսզի հասկանանք, որ այս բարձրությունն էլ բավ է մահացու անկման համար»։

Շահան Նաթալի՝ փիլիսոփա, «Նեմեսիս» գործողության գաղափարախոսներից և կազմակերպիչներից մեկը

In Russian
In English
Սուտ 6․ Մենք հայրենասեր ենք

Մինչ օրս քննարկումներ են ընթանում, թե ինչ է հայրենասիրությունը և ում պետք է հայրենասեր համարել։ Հարյուրավոր մեջբերումներ և մտորումներ կարելի է գտնել՝ սկսած նրանից, որ հայրենասիրությունը բարձրագույն բարիք է, մինչև այն, որ սրիկաների վերջին ապաստանն է։ Սակայն երկու դեպքում էլ հայրենասիրության դրսևորման երկու սկզբունքային մոտեցումներն անփոփոխ են՝ կիրառական և պոպուլիստական։ Կիրառական հայրենասիրությունն անձնականը հանուն ընդհանուրի զոհաբերելու գիտակցված ցանկությունն է: Այն կարող է արտահայտվել անգամ պարզ հարցերում, օրինակ՝ աղբը փողոցում չթափելու կամ հասարակական վայրերում չհայհոյելու մեջ։

Կան նաև ավելի բարձր ցուցիչներ՝ ապրել օրենքներով և սերմանել դա սեփական երեխաների մեջ, վճարել հարկերը, մասնակցել սեփական համայնքի, քաղաքի, երկրի կյանքին։ Յուրաքանչյուրի նման ապրելակերպը ձևավորում է հիմնարար հասարակական արժեքներ, որոնք կողմնորոշիչներ են դառնում սերունդների համար: Դրանք նաև քաղաքական վերնախավերի ձևավորման հիմքն են։ Ըստ դասականների իրավացի դիտարկման՝ «քաղաքական վերնախավերը հասարակության իրական վիճակի արտացոլումն են»:

Իսկ ի՞նչ ենք տեսնում իրականում։ Հայաստանի մասին զբոսաշրջային ակնարկների մեծ մասն ուշադրությունը հրավիրում է հնագույն և մշակութային երկրում աղբի հետ կապված սարսափելի իրավիճակի վրա։ Բնակելի շենքերի պատշգամբներից փաթեթները բառացիորեն ցած են թռչում, էլ չխոսենք տեղի բնության մասին։ Համատարած կոռուպցիայի մեղադրանքներ են հնչում ցանկացած ապրիորի «անխիղճ իշխանության» հասցեին, մինչդեռ կաշառք տալն ավտոմատացման աստիճանի է հասցված, եթե դա պահանջում են սեփական շահերը՝ որպեսզի սիրելի երեխաները դիպլոմ ստանան, կամ կաշառք՝ ապագա կաշառքի գինը նվազեցնելու համար։

Բավական է հիշել քաղաքացիների մակերեսային վերաբերմունքը Սահմանադրության փոփոխություններին։ Եթե հասարակությունը թքած ունի, թե ինչպիսին կլինի սեփական երկրի հիմնական օրենքը, ապա էլ ի՞նչ կիրառական հայրենասիրության մասին է խոսքը։

Էլ չխոսենք այնպիսի «մանրուքների» մասին, ինչպիսիք են հանգիստը Թուրքիայում, թուրքական ապրանքներ գնելը և այլն։ Եթե ապրիլի 24-ին արցունքն աչքերին ցեղասպանության զոհերի հուշահամալիր գնալը և Անթալիայի ծովափնյա հանգիստը որևէ հակասություն չեն առաջացնում, ապա ...

Փոխարենը Հայաստանում և Սփյուռքում ծաղկում է պոպուլիստական հայրենասիրությունը: Մենք իրավամբ հպարտանում ենք Հայաստանի հզորացման և Արցախյան պատերազմում հաղթանակի գործում համայնքների բազմաթիվ հայերի ունեցած ներդրմամբ։

Մոնթե Մելքոնյանն ասում էր, որ համայնքների հայերի մասնակցությունը Հայաստանի համար մղվող պայքարին բնական է, զարմանալին այն է, թե ինչու՞ են իրական պայքարին Սփյուռքից այդքան փոքրաթիվ հայրենասերներ մասնակցում։ Եվ դա ճիշտ էր, քանի որ մեծամասնությունը նախընտրեց պարզապես հետևել մարտերին և հպարտանալ՝ դրոշը կախելով Գլենդելում կամ Մարսելում իրենց տների պատշգամբներից: Կամ ուղղակի հետևել ու քննադատել նրանց, ովքեր լավ չեն կռվել ու չեն հասել Բաքու և Անկարա։

Ափսոսանքով պետք է նշենք, որ Մոնթե Մելքոնյանի կամ Կարո Քահքեջյանի նման հայկական աշխարհի գաղափարական զինվորների գործերն այսօր վերածվել են դրոշներով ավտոերթերի, Թուրքիայի և Ադրբեջանի դրոշներն այրելու ակցիաների, պատմական հողեր վերադառնալու մասին հայրենասիրական երգերի և անսահման հավատի, որ Աստված միշտ Հայաստանի ու հայերի կողքին է։ Պատասխանատվությունը Տիրոջ, Ռուսաստանի, ԱՄՆ-ի, Եվրոպայի և մյուսների վրա գցելու համար չէին պայքարում նրանք, ում իսկապես կարելի է համազգային վերնախավ համարել։ Կալիֆորնիայում Հայաստանի համար պայքարելը և Մարսելից Ադրբեջանի դեմ մարտնչելն այն չէ, ինչ նրանք ակնկալում էին գիտակցված մահվան գնալիս։

Վերջերս Մարսելի մարզադաշտում հայերը դրոշներով վանկարկում էին «Արցախը Հայաստան է»։ Մի ողբերգությունն այն է, որ սա բղավում էին այն ժամանակ, երբ Արցախի զգալի մասը նորից թշնամու ձեռքում է։ Մեկ այլ ողբերգություն է, որ նրանք դա վանկարկում էին ՈՒԵՖԱ-ի խաղի ժամանակ, որում խաղում էր ադրբեջանական «Ղարաբաղ» ակումբը։

Միթե՞ 25 տարում հայկական աշխարհն «Արցախ» ֆուտբոլային ակումբ ստեղծելու և զարգացնելու հնարավորություն չունեցավ, որի խաղով կհպարտանայինք, իսկ թշնամիները դրոշներով կկանգնեին և կվանկարկեին սրտների ուզածը։ Օրինակը պարզեցված է, բայց լավագույնս է արտահայտում տարբերությունը կիրառական և պոպուլիստական հայրենասիրությունների միջև։

In Russian
In English
Ռուսաստանը և Ադրբեջանը ստորագրեցին «Դաշնակցային փոխգործակցության մասին» հռչակագիր։ Հատկանշական է, որ այս տարի լրանում է Մոսկվայի և Բաքվի միջև դիվանագիտական հարաբերությունների հաստատման 30 տարին։ Բավականին հետաքրքիր է ընտրվել նաև ֆոնը՝ Կրեմլի կողմից Դոնեցկի և Լուգանսկի ժողովրդական հանրապետությունների անկախության ճանաչումը։ Ինչո՞ւ հիմա։ Ի՞նչ է սա նշանակում տարածաշրջանի համար և ի՞նչ հետևանքներ կարող է ունենալ Հայաստանի համար։

Այսպիսով, առաջին հարցի պատասխանը հետևյալն է՝ եկել է վճռական և նույնիսկ ռիսկային գործողությունների փուլը։ Դրանք պետք է Ռուսաստանի համար ամրագրեն այնպիսի խաղացողի կարգավիճակ, առանց որի հնարավոր չէ ձևավորել հետմիաբևեռ համակարգի ապագա կառուցվածքը։ Կասկած չկա, որ այն հիմնված է լինելու G-2 կառուցվածքի վրա (ԱՄՆ և Չինաստան), և հարցը միայն այն է, թե ով կլինի առաջինը, ով՝ երկրորդը։ Միևնույն ժամանակ, միանգամայն պարզ է, որ համաշխարհային քաղաքականության առկա պայմաններում երկրորդ թիվ լինել չի կարող։ Հետևաբար, խաղադրույքները բացարձակ են, իսկ ելքը մեկը՝ հաղթողը վերցնում է ամեն ինչ: Մոսկվան իր առջև խնդիր է դրել խուսափել մի երկրի կարգավիճակից, որը, ինչպես և մնացածը, պետք է վերջնական ընտրություն կատարի նեոատլանտյան և չինակենտրոն աշխարհների միջև։ Միևնույն ժամանակ, կա ռացիոնալ ըմբռնում, որ Ռուսաստանը դեռ պատրաստ չէ առաջարկել ապագայի իր բացառիկ տեսլականը։ Այդ տեսլականը ստեղծելու և այն ակտիվորեն զանգվածներին հասցնելու ռեսուրսներ էլ չկան։ Այսինքն՝ նպատակ չկա G-2-ն ընդլայնել G-3-ի։ Այնուամենայնիվ, կա իրական հնարավորություն ամրապնդելու հատուկ գերտերության կարգավիճակ, որը չի ցանկանում ստանձնել գլոբալ պատասխանատվություն, բայց միևնույն ժամանակ անհնար կլինի անտեսել նրա կարծիքը տարբեր հարցերի վերաբերյալ (ոչ թե G-3, այլ՝ G-2 +1):

Ինչպե՞ս հասնել դրան: Վերականգնել վերահսկողությունը «հարթլենդի» կարևոր հատվածների նկատմամբ (հատկապես կարևոր են Ուկրաինան, Բելառուսը, Ղազախստանը և Անդրկովկասը), որոնք դարեր շարունակ եղել են Ռուսական կայսրության, իսկ ավելի ուշ՝ Խորհրդային Միության մաս։ Այդ տարածքների վրա ազդեցության ուղղահայացը շատ ավելի կոշտ կլինի, և խաղադրույքը կարվի սկզբունքորեն այլ բնույթի դաշինքների ձևավորման վրա: Ադրբեջանը 30 տարիների ընթացքում իրեն դրսևորել է որպես սուբյեկտ, որը կարող է կոշտ «ոչ» ասել ցանկացած խաղացողի, այդ թվում՝ Ռուսաստանին և ԱՄՆ-ին։ Եվ դրա դրսևորումները բազմաթիվ են, այդ թվում՝ Գաբալայից ռուսական ՌՏԿ բազայի ցուցադրական վտարումը։ Անգամ հիմա, երբ Ալիևը մի ձեռքով ստորագրում է Ռուսաստանի հետ դաշինքի մասին հռչակագիր, Երևանում նրա պատվիրակությունը (սա ունի իր առանձնահատուկ պատմական և քաղաքական հմայքը) Եվրանեսթ խորհրդարանական վեհաժողովի նիստում քվեարկում է ծայրահեղ ագրեսիվ հակառուսական բանաձևի օգտին։ Ո՞րն է տրամաբանությունը։ Այն շատ պարզ է՝ Կրեմլին պետք են ոչ թե թույլ հավատարիմ դաշնակիցներ, այլ ուժեղ խաղացողներ, ովքեր վերահսկում են կարևոր հատվածները և ունակ են ինչ-որ բան առաջարկել։ Թուրքիայի հետ հարաբերությունները բխում են նույն տրամաբանությունից։

Ուզենք, թե ոչ, միջնաժամկետ հեռանկարում Անդրկովկասի ճարտարապետությունը կձևավորվի կատաղի մրցակցող, բայց միևնույն ժամանակ միմյանց հավասարակշռող Շուշիի (Թուրքիա և Ադրբեջան) և Մոսկվայի (Ռուսաստան և Ադրբեջան) հռչակագրերի հիման վրա՝ դրանից բխող բոլոր հետևանքներով։

Ի՞նչ է սպասվում Հայաստանին: Երևանն օբյեկտիվորեն զրկվել է «քվեարկող» խաղացողի կարգավիճակից ոչ միայն եվրասիական, այլև անդրկովկասյան մրցուղու վրա։ Վերնախավերը Անկարայի և Բաքվի հետ մերձեցման կուրս են վերցրել և հանուն «խաղաղության, բարիդրացիականության և կուշտ ապագայի» մտացածին քաղաքականության պատրաստ են ավարտին հասցնել տոտալ ապասուվերենացման և ապազգայնացման գործընթացը, որը տարբեր տեմպերով և ձևաչափերով ընթանում է 1994թ․ սկսած։ Հայկական կողմը չի ցանկանում խաղալ մեծ աշխարհաքաղաքականությունում և իր վրա վերցնել որևէ գործառույթ կամ իրավասություն։ Անգամ ապագա սահմանների սահմանազատման և ներկա սահմանների պաշտպանության հարցերը նա ջանասիրաբար պատվիրակում է երրորդ կողմերին: Գերմանիայի կանցլեր Բիսմարկն ասել է՝ քաղաքականությունը հնարավորի արվեստ է։ Ըստ ամենայնի, ժամանակակից Հայաստանը պատրաստ չէ աշխարհն ընկալելու իր ալգորիթմում ներառել անգամ «հնարավորի» կատեգորիան։ Առայժմ ամեն ինչ ավելի պարզ է թվում՝ աչքից հեռու, սրտից հեռու։

In Russian
In English
Արդյո՞ք պատերազմ է

Միջազգային հարաբերությունների հիմքում շարունակում է մնալ ուժի սկզբունքը։ Դրա կիրառման շարժառիթները շատ տարբեր են: Ռեալպոլիտիկի տեսանկյունից Ռուսաստանի շարժառիթները կոնկրետ տվյալ դեպքում լրիվ արդարացի են։ Այսօրվա Ուկրաինան նույնպիսի արհեստական կազմավորում է, ինչ հետխորհրդային հանրապետությունների մեծ մասը, այդ թվում՝ Ադրբեջանը։ Խոսքն այն մասին չէ, որ այդ արհեստականությունը կյանքի և անկախության իրավունք չի տալիս։ Դարձյալ ռեալպոլիտիկի տեսանկյունից բոլոր պատմական կառուցվածքներն էլ որևէ կերպ արհեստական բնույթ ունեն։ «Ով է ավելի մեծ», «ով է ավելի իմաստուն» և «ով է ավելիին արժանի» կատեգորիաներն անօգուտ են, եթե ամրապնդված չեն «ես կարող եմ» և «ես կանեմ»-ով: Ուկրաինան ուներ 30 տարի՝ ապացուցելու իր սուվերեն գոյության իրավունքը։ Սակայն ԽՍՀՄ-ից մնացած մարդկային, գիտական և արդյունաբերական ներուժի հենքի վրա սեփական պետականությունը ձևավորելու փոխարեն, Կիևն ընտրեց ավելի պարզ ճանապարհ՝ ինքնություն՝ հիմնված Ռուսաստանին հակադրվելու վրա: «Ես տիտղոսակիր ուղղափառ ուկրաինացի եմ, ոչ թե ուղղափառ ռուս» ձևը հասկանալի է: Շատերն օգտվեցին նման տեխնոլոգիաներից, սակայն տեղի «էլիտաները» այն չլցրեցին իրական բովանդակությամբ։

Եվրատլանտյան զարգացման ուղին ընտրելը ձև է, որում նույնպես բովանդակություն չկար։ Ինչո՞ւ։ Անհնար է դառնալ այդ վերազգային ինքնության մաս՝ շրջանցելով սեփական ինքնության ձևավորման փուլը։ Չես կարող մտնել ինքնաբավ ամերիկացիների և եվրոպացիների տուն՝ առանց հասկանալու, թե ով ես և ինչ կարող ես տալ այդ ընտանիքին: Ակնհայտ է, որ նրանք քեզ թույլ չեն տա լինել իրենց միջուկի մաս, բայց ուրախությամբ կօգտագործեն սեփական հավատարմությունն ապացուցելու քո անձնասպան ձգտումը: Խնդիրն այն չէ, որ Ուկրաինան ձգտում էր դեպի ԵՄ և ՆԱՏՕ, այլ այն, որ ցանկանում էր դա անել ամեն գնով: Այդ գինն ի սկզբանե պարզ էր՝ զսպել Ռուսաստանին և լինել նրա համար մշտական սպառնալիք և գրգռիչ: Ցավոք, Կիևում իշխանության գլուխ կանգնած էին ոչ թե պետական գործիչներ, այլ մանիպուլյատոր-կոմպրադորներ, ովքեր լուծում էին երկու խնդիր՝ պահպանել իշխանությունը և ավելի շատ ազգային հարստություն տանել իրենց մառան։

Արդյո՞ք Մոսկվան պետք է դրա հետ համակերպվեր ռեալիզմի դպրոցի տեսակետից։ Ո´չ։ Ինչպես և ԱՄՆ-ն չպետք է համակերպվեր Կուբայում խորհրդային հրթիռների տեղակայման հետ: 2000 թ․-ից Մոսկվան առաջարկում է եվրոպական անվտանգության նոր ճարտարապետության մշակման բազմակողմ գործընթաց սկսել, բայց լսում է միայն «մենք Սառը պատերազմում պարտվածների հետ հավասար հիմունքներով երկխոսություն չենք վարում»։ Եվ նորից ռեալպոլիտիկի կանոնները՝ ուզում ես լսված լինել՝ ստիպիր, ուզում ես հավասար լինել՝ հասիր։ Երկխոսության կոչը չի աշխատում, աշխատում է միայն վախ ներշնչող ուժը։ Սա է ռեալպոլիտիկում սեփական նպատակներին հասնելու ուղին, և դա բոլորը գիտեն։ Նույն եվրաատլանտյան աշխարհն Ուկրաինայի վրա հստակ աշխարհաքաղաքական գնապիտակ է կախել Այլապես ինչպե՞ս բացատրել այն, որ չեն շտապում կռվել նման «թանկ ու արժեքավոր» գործընկերոջ համար, որին տասնամյակներ շարունակ տեղ են խոստանում ընտանեկան սեղանի շուրջ, բայց միշտ պահում են ծառաների և հյուրերի սենյակում։ Ռուսաստանն անմիջապես իր ընտանիքում այս սեղանի շուրջ տեղ առաջարկեց, բայց Ուկրաինային ավելի հարազատ է եվրասեղանի ոսկյա սպասքը։ Սա կարելի է հասկանալ և ընդունել, բայց ոչ մշտական սպառնալիքներն ու հակադրությունները։ Ոչ մի անձնական բան, զուտ աշխարհաքաղաքականություն։

Այս ճգնաժամը պետք է դաս լինի այն երկրների համար, որոնք գերադասում են ամեն գնով այլ թիմերի մաս կազմել՝ իրենց աշխատանքով, խելքով, պրագմատիզմով և ռացիոնալությամբ սեփական անկախ պետությունը կառուցելու փոխարեն։ Այդ մասին Նախագահ Ջորջ Վաշինգտոնն ասել է. «Ազգը, որը վերաբերվում է մեկ այլ ազգի սովորական ատելությամբ կամ սովորական բարությամբ, ինչ-որ չափով ստրուկ է: Այդպիսի ժողովուրդը ստրուկ է իր թշնամության կամ իր բարի զգացմունքների, երկուսից մեկն էլ բավական է, որ նրան հեռացնի իր պարտքից և շահերից»։

Հ․Գ․ Ռուսաստանի և Ուկրաինայի միջև պատերազմ չկա և չի կարող լինել, քանի որ պատերազմը երկու կայացած և իրենց հզորությամբ և հնարավորություններով մոտավորապես հավասարազոր սուբյեկտների առճակատում է։ Ուստի այն, ինչ հիմա կատարվում է, ավելի ճիշտ է անվանել Ռուսաստանի կողմից իր աշխարհաքաղաքական ծայրամասային մարմինների նկատմամբ վերահսկողության վերականգնում։

In Russian
In English
Պատմությունն աշխարհաքաղաքական գործընթացների ամենաազնիվ վկան է։ Ցավոք, նրա մեկնաբանությունը հաճախ սուբյեկտիվ և խեղաթյուրված է լինում: Յուրաքանչյուրը հրավիրում է իր վկաներին, որոնց ցուցմունքները պետք է սպառիչ լինեն ատենակալների համար: Դա նորմալ է, քանի որ այդ «դատական» գործընթացում բոլորի նպատակը հաղթանակն է։ Ընդ որում, ցանկացած գնով հաղթանակը, ոչ թե արդարությունը։ Ցավոք, մենք ապրում ենք գլոբալ ջունգլիներում, որտեղ ճշմարտության և արդարության կատեգորիաները վաղուց կորել են ցինիզմի, պրագմատիզմի և երկակի ստանդարտների մացառուտներում: Այնուամենայնիվ, սև ու սպիտակ ընկալումից ազատվելու համար պետք է փորձել գտնել պատասխաններ։

Ո՞վ է ճիշտ: Այս հարցը կիսել է ողջ աշխարհը, որի զգալի մասը համակրում է Ուկրաինային։ Բայց այս հարցն ինքնին մանիպուլյացիա է և բոլորին սև ու սպիտակ ընտրության առջև է կանգնեցնում, այսինքն՝ ցանկացած ուղղությամբ ցանկացած պատասխան արժեք չի ունենա։ Ավելի արդար են մյուս հարցերը՝ ինչո՞ւ դա տեղի ունեցավ, և արդյո՞ք կարելի էր դրանից խուսափել: Պարզ է, որ այս ամենը բարդ է և պահանջում է նվազագույն ռեֆլեքսիա և թեմայի մեջ խորամուխ լինել, բայց հիշեք՝ մենք օբյեկտիվ պատասխաններ ենք փնտրում խիտ ջունգլիներում։ Սա հոգնեցուցիչ է և երբեմն կարող է գլխացավեր առաջացնել։ Բայց՝ արժե:

Այսպիսով, նշենք երկու կարևոր փաստ, իսկ եզրակացություններն ու գնահատականները թողնենք ատենալակների դատին։

Փաստ 1. ԽՍՀՄ-ի փլուզումից հետո անկախ Ռուսաստանը որդեգրեց եվրաատլանտյան ինտեգրման կուրս։ Մոսկվան իրեն չէր հակադրում Արևմուտքին՝ աջակցելով նրա բազմաթիվ ձեռնարկումներին և նույնիսկ համակերպվելով նրա միակողմանի թշնամական գործողությունների հետ։ Բավական է հիշել Հարավսլավիայի ցուցադրական արյունալի մասնատումը։ Արևմտյան աշխարհը պետք է հասկանար, որ Ռուսաստանին իր ընտանիք ընդունելու պատմական շանս էր ընձեռնվել՝ այդպիսով մեկընդմիշտ փակելով Եվրոպայում պատերազմների պատմությունը։ Ռուսաստանին պետք էր ընդունել հատուկ պայմաններով և վերաբերվել որպես հավասարի։ Չի կարելի նրան ներկայացնել նույն պահանջները, ինչ Ռումինիային, Խորվաթիային, Մերձբալթյան երկրներին։ Ինչո՞ւ։ Միգուցե, թեկուզ և միայն այն պատճառով, որ այն կայսրության առանցքն է, որը երկու անգամ փրկեց Եվրոպան ուզուրպացիայից և ուժային մեկ կենտրոնին ենթարկվելուց ի դեմս Նապոլեոնյան Ֆրանսիայի և Հիտլերյան Գերմանիայի։ Իրականությունն այն է, որ հենց Ռուսաստանն իր հաղթանակներով ստեղծեց այն պայմանները, որոնցում աճեց և զարգացավ այն, ինչն այսօր Բրյուսելը հպարտորեն անվանում է լիբերալ ժողովրդավարություն: Ռազմավարական բնույթի հիմնարար որոշումներ կայացնելու փոխարեն՝ Արևմուտքը որոշեց Մոսկվային ցույց տալ պարտվողի տեղը, ով նախ պետք է կատարի իր տնային աշխատանքը։ Եվ հետո նրան կգնահատի ընտրյալների հանձնաժողովը, որի անդամների մեծ մասը որպես պետություն ողջ են շնորհիվ նրա, որ Ռուսաստանը ժամանակին հաղթել է նրանց ստրկացնողներին: Արդա՞ր է։ Թող ամեն մեկն ինքը որոշի։ Սակայն երկրորդ տարբերակն ի սկզբանե պարզ էր՝ Ռուսաստանը եվրոպական համակարգից դուրս ինքնաբերաբար ընկալվում է որպես մշտական սպառնալիք եվրոպական համակարգի համար: Այլ տարբերակ ի բնե գոյություն չունի։

Փաստ 2. Որոշումներն ունեն հետևանքներ։ Պոպուլիզմի դարաշրջանում մարդիկ սովոր են, որ իրենց հայտարարություններն ու գործողությունները ոչնչով սահմանափակված չեն։ Դա այն է, ինչ այսօր համարում են խոսքի ազատություն։ Իրականում ցանկացած ազատություն ունի իր սահմանները՝ այն ավարտվում է այնտեղ, որտեղ սկսվում է ուրիշի ազատությունը: Ինչու՞ չպետք է անվտանգության պարագայում նույնը լինի: Մի՞թե արդար չէ, որ մեկի անվտանգությունն ավարտվում է այնտեղ, որտեղ սկսվում է մյուսինը։ Ներկայիս ճգնաժամի պարագայում Արևմուտքն ավելի քան 20 տարի անտեսել է եվրոպական անվտանգության միասնական համակարգ ստեղծելու խնդրանքները։ Արդյո՞ք մշտապես հարձրակումների ենթարկված սուբյեկտն ունի իր անվտանգության մասին հոգալու իրավունք։ Թե՞ դա պարանոյա է։ Կամ երկու համաշխարհային պատերազմներում ավելի քան 30 միլիոն մարդ կորցրած երկրի պատմական հիշողությու՞նը: Հետաքրքիր է, թե ինչ կզգային եվրոպական երկրները, եթե Ռուսաստանի ՌԱՀ-ը տեղակայվեր իրենց սահմանների շուրջ։ Արդյո՞ք նրանք Մոսկվայից անվտանգության երաշխիքներ պահաջելու իրավունք կունենային։

Ռուսաստանի սխալը նույնպես պարզ է՝ նա պարտվել է «սրտերի ու մտքերի» համար պատերազմում և չի ստեղծել ազդեցության անհրաժեշտ գործիքներ։ Մնացել է hard power-ը, բայց առանց soft power-ի այն արդեն չի աշխատում։

In Russian
In English
Ներկա ճգնաժամը, բոլոր նախորդների նման, միաբևեռ համակարգի առաջացրած խնդիրների ախտանիշ է։ Չնայած տարակարծություններին, Երկրորդ աշխարհամարտից հետո խաղի կանոնները սահմանած երկբևեռ համակարգը զուտ հիմնական ուժային կենտրոնների միջև պայմանավորվածությունների արդյունք չէր: Դրա հիմքում դարերի ընթացքում ձևավորված և ամրապնդված սկզբունքներ էին՝ ինքնիշխանության՝ Վեստֆալյան համակարգից (Երեսնամյա պատերազմից հետո, 1648թ․), և ուժերի հավասարակշռության՝ Վիեննայի համակարգից (Նապոլեոնյան պատերազմներից հետո, 1815թ․)։ Ինքնիշխանությունն ամենևին չէր հորդորում հարգել միմյանց տարածքային ամբողջականությունը, այլ կոչ էր անում չմիջամտել միմյանց ներքին գործերին։ Ուժերի հավասարակշռությունը ենթադրում էր մեծ տերությունների կոլեկտիվ պատասխանատվությունը խաղաղության և անվտանգության համար։

Առաջին աշխարհամարտը զուտ կարմիր գծերը հատելու հետևանք չէր։ Այն մեկ կենտրոնի (Կայզերական Գերմանիա, մինչ այդ՝ Նապոլեոնյան Ֆրանսիա) միջազգային հարաբերությունների (ՄՀ) ավանդական հիմքերը հանդիսացող սկզբունքները ոչնչացնելու հերթական փորձն էր։ Թվում էր՝ հաղթողները պետք է դասեր քաղեին, բայց նոր Վերսալ-Վաշինգտոնյան համակարգը (խաղի կանոններն Առաջին աշխարհամարտից հետո) կառուցվեց ոչ թե ինքնիշխանության և ուժերի հավասարակշռության սկզբունքների, այլ պարտվածներին ճնշելու և նվաստացնելու գաղափարների վրա, ինչը փաստացի կանխորոշեց դրա փլուզումը։

Երկրորդ աշխարհամարտից հետո ձևավորված Յալթա-Պոտսդամյան համակարգը (ՅՊՀ), որոշ չափով նորոգեց երկու հիմնարար սկզբունքները։ Բայց դրան նպաստեց ոչ այնքան նոր աշխարհ կառուցելու ռացիոնալ ցանկությունը, որքան երկու գերտերությունների կողմից միջուկային զենքի տիրապետելը, ինչը ձևավորեց փոխզսպման ճարտարապետությունը։ Գծվեցին կարմիր գծեր, բոլոր կողմերն հասկացան «կարելիի» և «անկարելիի» սահմանը, պատասխանատվության ողջ բեռը, ինչից որակապես շահեց ռազմավարական որոշումների կայացման գործընթացը։ 1953 թ․ Բեռլինյան և 1962 թ․ Կարիբյան ճգնաժամերը թույլ տվեցին ԱՄՆ-ի և ԽՍՀՄ-ի կողմից զսպման մշակույթը հասցնել սկզբունքորեն այլ մակարդակի։ ՅՊՀ-ի փլուզումը հանգեցրեց մեկ խաղացողի մենաշնորհին, որը սկսեց ինքնիշխանության և ուժերի հավասարակշռության սկզբունքների միակողմանի ապամոնտաժումը։

Հարավսլավիայի ռմբակոծումը և դրա մասնատումն էթնոկրոնական սուբյեկտների ազդարարեց Եվրոպայում հետպատերազմյան սահմանների անխախտելիության և ազդեցության ոլորտների բաժանման մասին հիմնարար համաձայնությունների ավարտը՝ ուղի բացելով անսահման ուժի սկզբունքի գերակայության համար, որը որոշել է ՄՀ զարգացման վեկտորը վերջին 30 տարիներին։ ԱՄՆ-ը պետք է հասկանար, որ միակողմանի ուժը չափազանց վտանգավոր է և ժամանակավոր։ Հարցն այն է, թե որքան շուտ այլ խաղացողները կկուտակեն անհրաժեշտ ուժեր մենաշնորհային հեգեմոնիան վիճարկելու համար։ Դժվար է չհամաձայնել, որ տնտեսության մեջ մենաշնորհը վատ է, և որ այն արգելակ է զարգացման և բարգավաճման համար։ Միջազգային հարցերում ևս նույնն է՝ առողջ մթնոլորտ և կանխատեսելիություն կարող է լինել միայն ուժերի հավասարակշռության սկզբունքի վրա հիմնված մրցակցային միջավայրում։

Հեգեմոն մոնոպոլիստի կողմից 20 տարի շարունակ առանց հետևանքների ուժի միակողմանի կիրառումը բերեց մի իրավիճակի, երբ անհրաժեշտ ուժեր կուտակող խաղացողները սկսեցին պատրաստվել առանց կանոնների պատերազմների։ Արտաքին քաղաքական մենաշնորհը ոչնչացնելու ցանկությունը բնական է, գերիշխանությունից ազատվելու ձգտումը բոլոր կենդանի էակների բնույթն է։

Խնդիրների արմատն առանձին երկրներում չէ, այլ նրանում, որ 90-ականներին սկսվեց մեկ համակարգի փլուզման գործընթաց, և չկար մեկ այլ ՝ ավելի հավասարակշռված համակարգ կառուցելու ցանկություն։ ՄՀ համակարգերի էվոլյուցիան, ինչպես և մարդկային սերունդների, պետք է լինի առաջընթացի ուղղությամբ, այլապես աշխարհին սպասում է քաոս: Այս ամբողջ ճգնաժամի մեջ մի բան է տարօրինակ՝ հեգեմոնի զարմանքը, որ այլ խաղացողները ցանկանում են ճնշել իր գերիշխանությունը, և այդ խաղացողների զարմանքը, որ մոնոպոլիստը դիմադրում է դրան։

Հետևաբար, «ե՞րբ այս ամենը կավարտվի» հարցը ճիշտ չէ։ Կարելի է առժամանակ վերացնել ախտանիշները, բայց դրանք կկրկնվեն։ Ճիշտ հարցն է՝ «ինչպե՞ս բուժել այս համակարգային հիվանդությունը, արդյո՞ք դա հնարավոր է»։

Կոնֆլիկտները, պատերազմներն ու ճգնաժամերը պատմության շարժիչ ուժն են , անհրաժեշտ կլիներ մարտահրավեր նետել դրան։ Բայց ինչպե՞ս: Երկրների ու ժողովուրդների քաղաքական կա՞մքը։ Էլիտաների ռացիոնալությո՞ւնը։ Հարցերը շատ են։

In Rus
In Eng
Իսրայելի վարչապետ Նաֆթալի Բենեթը մեկնում է Մոսկվա, Եվրոպա, շփվում Միացյալ Նահանգների առաջնորդի հետ։ Նա փորձում է փոխըմբռնման կամուրջներ կառուցել հիմնական ուժային կենտրոնների միջև` ներկայիս ճգնաժամը կարգավորելու համար։ Ավելին, ոչ թե նա է այս նախաձեռնությամբ հանդես եկել, այլ նրան խնդրել են այդ մասին։ Իսկ ավելի ստույգ՝ ոչ թե անձամբ նրան են խնդրել, այլ Իսրայելի Պետությանը, որն այնքան լուրջ միջազգային կշիռ ու հեղինակություն ունի, որ բոլոր կողմերը միայն ողջունել են այս որոշումը։ Բայց ճանաչումն ինքնին ոչինչ է Իսրայելի նման ծայրահեղ ռացիոնալ և պրագմատիկ երկրի համար, որի համար առաջին և միակ տեղում իր քաղաքացիների և հրեական Սփյուռքի շահերի պաշտպանությունն է։ Կասկած չկա, որ Ռուսաստանի և Ուկրաինայի հրեաները (սովորական մարդկանցից մինչև խոշոր գործարարներ) հուսալի պաշտպանության ներքո են, քանի որ դա այն նվազագույնն է, որն Իսրայելի Պետությունը պահանջում է իր ծառայությունների դիմաց։

Իսկ ինչո՞վ է այս ամբողջ ժամանակ զբաղված Հայաստանի ղեկավարությունը։ Ուժային բոլոր կենտրոնների ղեկավարությունների հետ ամենաբարձր մակարդակով քննարկվե՞լ է հայ համայնքների դրությունը։ Արդյո՞ք պաշտոնական Երևանը նախապատրաստել է էթնիկ հայերի շահերի պաշտպանությանն ուղղված միջոցառումների համալիր (գոնե քաղաքացիություն ստանալու պարզեցված ընթացակարգ): Արդյո՞ք մշակվել է տուրբուլենտ աշխարհում իրենց գտնել փորձող հայերի զանգվածային և մասնագիտական հայրենադարձության ռազմավարական ճանապարհային քարտեզ: Ըստ ամենայնի, Սիրիայի դեպքը ոչինչ չի սովորեցրել, և դժվար թե համայնքների հայության ճակատագիրն առաջնահերթություն լինի ներկայիս իշխանությունների և նրանց «ընդդիմադիր» գործընկերների համար։ Հանուն պարկեշտության գոնե կարելի էր Անվտանգության խորհրդի նիստ հրավիրել՝ ժամանակավոր զբոսաշրջային հոսքերին լայն բացված գրպաններով սպասելու փոխարեն։ Ինչու՞ Հայաստանը չի կարող լինել Իսրայելի նման՝ սա հարց է, որ հավերժ հուզում է հայերին։ Պատասխանը պարզ է՝ տարբեր արժեքներ և առաջնահերթություններ:

Ի՞նչ ռազմավարական մտածողության մասին կարող է խոսք լինել, եթե բառացիորեն վերջերս տեղի էլիտաները հասան նախագահ Արմեն Սարգսյանի հրաժարականին։ Նրան ուղղված հարցերը, իհարկե, շատ են, բայց կա մեկ անվիճելի փաստ՝ նման ճգնաժամային իրավիճակում, ունենալով հեղինակություն և
ճանաչում ամբողջ աշխարհում, նա կարող էր արդյունավետորեն հասնել անհրաժեշտ արդյունքների հայ համայնքների շահերի պաշտպանության գործում։ Նա նաև կարող էր միջնորդ դառնալ ներկայիս հակամարտության կարգավորման հարցում, ինչը լայն հեռանկարներ և հնարավորություններ կբացեր հայկական պետության համար։ Սակայն, ինչպես տեսնում ենք, այնտեղ նման քաղաքական գործիչներ պետք չեն, չէ՞ որ Տեր Աստվածն ինքն է անտեսանելի վահան սփռել Հայաստանի վրա, որը կպաշտպանի նրան ամեն կողմից մոտեցող հրեշավոր սպառնալիքներից։

In Russian
In English
Մելոսյան երկխոսություն

Մելոս՝ կղզի Կիկլադյան արշիպելագի հարավ-արևմուտքում։ Ըստ Թուկիդիդեսի՝ Պելոպոնեսյան պատերազմի ժամանակ (մ․թ․ա․ 431-404 թթ․) Մելոսը չեզոքություն էր պահպանում։

Աթենացիներ - «Չէ՞ որ մենք չենք ցանկանում ձեր նկատմամբ այնպիսի տիրապետություն հաստատել, որը ձեզ համար տանջալի կլիներ։ Ընդհակառակը, մենք ձեր փրկությունն ենք ուզում հանուն փոխադարձ շահի»։

Մելոսացիներ - «Բայց ինչպե՞ս կարող է ստրկությունը մեզ համար նույնքան օգտակար լինել, որքան ձեզ համար տիրակալությունը»։

Աթենացիներ - «Որովհետև ձեզ համար ավելի ձեռնտու է դառնալ մեր հպատակները, քան ենթարկվել դաժանագույն արհավիրքների։ Իսկ մենք կշահենք, քանի որ ստիպված չենք լինի ձեզ ոչնչացնել»։

Մելոսացիներ - «Արդյո՞ք դուք չեք համաձայնի, որ մենք մնանք չեզոք, լինենք ոչ թե թշնամի, այլ բարեկամ, բայց չմիանանք դաշինքներից որևէ մեկին։ (Աթենական ծովային միությունը և Պելոպոնեսյան քաղաքների միությունը՝ Սպարտայի գլխավորությամբ)։ Մեծագույն ստորություն և վախկոտություն կլիներ չփորձել փրկության բոլոր միջոցները՝ նախքան ստրկության հանձնվելը»։

Աթենացիներ - «Դուք անզոր եք, և ձեր գոյությունը մազից է կախված, մի´ ենթարկեք ձեզ նման վտանգի, մի´ կրկնեք մարդկանց մեծամասնության սխալները, ովքեր անտեսելով իրական հույսերը, ընտրում են պատրանքները և դիմում գուշակությունների, մոգությունների և նման խաբեական միջոցների, որոնք իրենց հավատացողներին տանում են կործանման»։

Մելոսացիներ - «Մենք դեռ հավատում ենք, որ աստվածները բարեգութ կլինեն մեր հանդեպ, քանի որ մենք բարեպաշտորեն դիմակայում ենք ձեզ՝ անարդար վարվողներին»։

Աթենացիներ - «Աստվածների ողորմածությունը, հուսով ենք, մեզ ևս չի լքի․․․Բայց աստվածներին մենք հավատում ենք, իսկ մարդկանց դեպքում փորձից գիտենք, որ նրանք բնական անհրաժեշտությունից ելնելով իշխում են այնտեղ, որտեղ դրա համար ուժ ունեն։ Այդ օրենքը մենք չենք սահմանել, և ոչ էլ առաջինն ենք կիրառել։ Մենք ընդամենը ժառանգել ենք այն և պահպանել բոլոր ժամանակների համար։ Այսպիսով, դատելով ձեր որոշումներից, դուք միակ մարդիկ եք, ում համար ապագան ավելի պարզորոշ է, քան ներկան, որը ձեր աչքերի առջև է, և դուք աներևույթն ընդունում եք արդեն իսկ որպես իրողություն, քանզի դա ձեզ համար ցանկալի է։ Ամբողջովին հանձնվելով լակեդեմոնացիների հանդեպ հավատին և ճակատագրին՝ դուք ամեն ինչ վտանգի ենթարկեցիք, բայց դուք կկորցնեք ամենը»։

Քաղաքի պաշարումից հետո մելոսացիները ստիպված եղան հանձնվել աթենացիներին, ովքեր գաղութացրեցին կղզին։

Եզրակացություններ

✓ Ազատությունն ի ծնե չի տրվում և ազգերի ու պետությունների համար բնական իրավունք չէ։ Այն բարձրագույն արժեք է, որին պետք է արժանանալ և ամենակարևորը՝ մշտապես պաշտպանել։

✓ Ազատությունը պաշտպանել կարող են միայն ուժեղ ազգերը և պետությունները, ուժեղ կարող են լինել միայն պատասխանատու ազգերը և պետությունները, իսկ պատասխանատու՝ բացառապես այն ազգերն ու պետությունները, ովքեր գիտակցում են կայացրած որոշումների հետևանքները։

✓ Պետության և ազգի ուժը բոլոր ժամանակներում եղել է գաղափարախոսական, քաղաքական և ամենագլխավորը՝ տնտեսական այնպիսի հզորություն ստեղծելու ունակությունը, որը թույլ կտա հաղթահարել կայացրած որոշումների հետևանքները։

✓ Սառնասրտությունը և ռացիոնալությունը ազգերի և պետությունների համար հաղթանակի ուղեկիցներն են, զգացմունքայնությունն ու պոպուլիզմը՝ պարտության։

In Russian
In English
Թուրքիան և Ադրբեջանը, զգալով Ռուսաստանի զբաղվածությունը, Արցախի և Հայաստանի դեմ իրականացնելու են տարբեր ինտենսիվության պարբերական սադրանքներ։ Նպատակը Անդրկովկասում լարվածության օջախներ ստեղծելու շանտաժի միջոցով Մոսկվայից լրացուցիչ զիջումներ ստանալն է՝ Երևանի նկատմամբ ճնշում գործադրելով։ Հաշվի առնելով Ռուսաստանի դեմ լայնածավալ պատժամիջոցներն ու սահմանափակումները՝ Բաքվի և Անկարայի աշխարհատնտեսական դերը բազմակի անգամ աճում է։ Կարճաժամկետ հեռանկարում (մինչև երկարաժամկետ լուծումներ գտնելը) թուրք-ադրբեջանական գործոնը դառնում է առնվազն ռուսական պարենային անվտանգության կարևոր տարր։

Հաշվի առնելով ռուսական նավթի և գազի արտահանման ԱՄՆ-ի արգելքը՝ Ադրբեջանը (Իրանի հետ միասին) կոլեկտիվ Արևմուտքի կողմից կդիտվի որպես ռուսական էներգետիկ կախվածությունից ազատվելու երկարաժամկետ ռազմավարություն կառուցելու կարևոր դերակատար: Թուրքիան իր հերթին խաղալու է լոգիստիկայի և աշխարհագրության գործոնների վրա։ Սա ստեղծում է այնպիսի կոնֆիգուրացիա, որտեղ Արևմուտքի առաջատար դերակատարները նույնպես աչք կփակեն հայկական հարցի լուծման թուրք-ադրբեջանական տարբերակի վրա՝ Հայաստան հանած Արցախ հանած Սյունիքի նկատմամբ դե ֆակտո վերահսկողությունը՝ այն դե յուրե պահպանելով Երևանի ինքնիշխանության ներքո։ Մոսկվայի նկատմամբ ճնշումը և Ռուսաստանի զսպման ռազմավարությունը հարաբերականորեն մեղմ կլինեն, քանի դեռ Բաքուն և Անկարան չեն հասկացել, թե ինչպիսի հանգուցալուծում կստանա ներկայիս ճգնաժամը։

In Russian
In English
Ճակատագրի հեգնանք: Արարատ անունով նախարարը ժպիտը դեմքին փակում է հայկական հարցը: Աստված, ով Նոյին ուղարկեց դեպի Արարատ լեռը և հնարավորություն տվեց Հայաստանին լինել առաջին քրիստոնյա պետությունը, փայլուն հումորի զգացում ունի։

In Russian
In English
Հայաստանն արագացված տեմպերով փորձում է խաղաղության պայմանագիր կնքել Ադրբեջանի հետ և դիվանագիտական հարաբերություններ հաստատել Թուրքիայի հետ։ Երևանում կարծում են, որ այդ քայլերը կարող են դառնալ Անդրկովկասում վերջնական խաղաղություն հաստատելու կանխարգելիչ միջոցներ։ Իրականում Բաքուն և Անկարան ռազմահոգեբանական ճնշման միջոցով փորձում են հայկական կողմին ստիպել ընդունել այնպիսի պայմաններ, որոնք որևէ աղերս չունեն խաղաղության և կայունության հետ։ Մեծ քաղաքականության մեջ խաղաղությունը չափազանց փխրուն սուբստանցիա է և հիմնված է ուժերի հավասարակշռության սկզբունքի վրա։ Բաքվի և Անկարայի հետ Երևանի խաղաղությունը կարող է հաստատվել միայն խորքային հակամարտության հիմքում ընկած հիմնարար հետևանքների հաղթահարումից հետո։

Արդյո՞ք նրանք պատրաստ են դրան։ Տարակուսելի է։ Ադրբեջանի և Թուրքիայի ներկայիս իշխանությունները Արցախի դեմ (Լեռնային Ղարաբաղի Հանրապետություն) վերջին ագրեսիայի ժամանակ ակնառու կերպով ցույց տվեցին, որ իրենց հեռահար նպատակը չի փոխվել ՝ նսեմացնել այն ամենն, ինչը կապված է հայկականության և հայկական քաղաքակրթության հետ։ Ներկայիս կոնֆիգուրացիան ուժերի հարաբերակցության մասին չէ (առանց ուժեղ Հայաստանի տարածաշրջանում ուժերի հարաբերակցություն չի կարող լինել), որում կարող էր օբյեկտիվորեն արժեքավոր բան ծնվել։ Ընդհակառակը, այն հայկական «էլիտաների» իսկապես մանկական միամտության հերթական դրսևորման մասին, ովքեր վստահորեն և հավատարմորեն երկիրն ու ժողովրդին դեպի անդունդն են տանում են։ Հնարավոր է, որ վերջին անգամը նրա պատմության մեջ։

In Russian
In English
Ներկայիս ճգնաժամը, չնայած իր անհերքելի ողբերգականությանը, ինչ-որ իմաստով պատմության բաց դաս է, որն ընթանում է իրական ժամանակում։ Սա հատկապես վերաբերում է Հայաստանին և հայկական աշխարհին։ Իսկ որո՞նք են այդ կոնկրետ դասերը:

Հայաստանի համար

Անվտանգության արտաքին երաշխիքներ այլևս գոյություն չունեն։ Փրկության միակ ճանապարհը պոպուլիզմից ու իմիտացիոն գործունեությունից ազգաշինության ու պետականաշինության անցնելն է։ Փոքր երկրների ֆիզիկական գոյատևման խնդիրն ուղղակիորեն կապված է նրա հետ, թե որքան արագ կիրականացվի այնտեղ ապրող մարդկանցով սահմանափակ ֆիզիկական տարածքն անդրազգային ցանցային պետության փոխակերպելու գործընթացը։

➢Այդ անցումն ապահովելու համար անհրաժեշտ է համաշխարհային հայկական ռեսուրսների հրատապ գույքագրում , որի հիման վրա պետք է մշակվեն քաղաքական, կառավարչական, տնտեսական, սոցիալական, գիտակրթական և ռազմատեխնիկական զարգացման կենսունակ և մրցունակ մոդելների կառուցման ճանապարհային քարտեզներ։

➢Չափազանց կարևոր է արգացված տեմպերով գոնե միջանկյալ պետական ինքնության ձևավորումը։ Գոյատևման համար միջնաժամկետ հեռանկարում հայկական կողմը պետք է որոշի իր ռազմավարական ֆունկցիոնալը և իր դերը տարածաշրջանային և գլոբալ ձևաչափերում։ Հակառակ դեպքում կա երկու տարբերակ՝ Հայաստանի համար այդ ֆունկցիոնալը կորոշեն այլ արտաքին ուժեր Թուրքիան և Ադրբեջանը, որոնց գլոբալ խաղացողները կվերապահեն տարածաշրջանի «վերահսկողների» դերը։ Բացառված չէ նաև Հայաստանի ապամոնտաժման տարբերակը ներկայիս ձևաչափով (աշխարհաքաղաքական տարածքային եզրահատում):

➢Պետք է գործարկել բաց դռների և հավասար հնարավորությունների քաղաքականություն ամբողջ աշխարհի հայկական համայնքների ներկայացուցիչների համար։ Առաջին հերթին անհրաժեշտ է ապահովել մեխանիզմներ, որոնք թույլ կտան պրոֆեսիոնալ և ականավոր հայերին մասնակցել երկրի հասարակական-քաղաքական, տնտեսական, գիտակրթական գործունեությանը։

Հայկական աշխարհի համար

➢Ավանդական «ախպարական» համայնքային վիճակից անցում դեպի ինստիտուցիոնալ Սփյուռք։ Դրա համար անհրաժեշտ է հրաժարվել կուսակցական սկզբունքով արհեստական բաժանումներից և սկսել հայկական պետականության հետ խիստ սինխրոնիզացված միաձույլ կառույցների ձևավորման տեխնիկական գործընթաց։

➢Հայկական բիզնես էլիտաները պետք է կենտրոնանան իրապես անկախ հայկական պետականության ստեղծման առաքելության վրա, որը ճգնաժամային իրավիճակում իրենց համար կարող է դառնալ օրինական փրկանավակ։ Այսօր կարելի է տեսնել, թե ինչպես է Իսրայելը հյուրընկալում հրեական ծագումով ռուս խոշոր գործարարներին և նրանց տալիս զարգանալու հնարավորություն՝ հաղթահարելով բոլոր արգելքներն ու խոչընդոտները։ Դա հնարավոր դարձավ շնորհիվ այդ թվում նրա, որ ժամանակին այդ բիզնես էլիտաներն ակտիվորեն մասնակցում էին Իսրայելի Պետության հզորացմանը և անմասն չէին հրեական պետության և աշխարհի հրեաների համար ռազմավարական նշանակություն ունեցող գործընթացներից։

➢1915-1923թթ․ Հայոց ցեղասպանության միջազգային ճանաչման թեման պետք է փոխվի թե՛ ձևով, թե՛ բովանդակությամբ։ Օսմանյան կայսրությունում և Թուրքիայում տեղի ունեցած իրադարձությունները միայն մեկ դրվագ էին հայկական քաղաքակրթության ոչնչացման խնդրի շրջանակներում։ Ժամանակակից Թուրքիան չի հրաժարվում այդ խնդրից, և նրան է միացել Ադրբեջանը։ Ուստի, ռազմավարական նպատակահարմարության տեսակետից՝ անհրաժեշտ է առաջ մղել նոր օրակարգ, այն է՝ մեկ «փաթեթի» մեջ միավորել Թուրքիայի ու Ադրբեջանի կողմից հայ ժողովրդի դեմ գործած բոլոր պատմական ու ժամանակակից հանցագործությունները ։ Սկզբունքորեն կարևոր է, որ նման օրակարգը բխի հայկական պետականությունից և նպատակաուղղված լինի հայ ժողովրդի անվտանգության ապահովման միանգամայն կոնկրետ խնդիրների լուծմանը։

In Russian
In English