«ԼՈՒՅՍ» հիմնադրամ | "LUYS" Foundation
169 subscribers
10 photos
137 links
Download Telegram
«ԼՈՒՅՍ» հիմնադրամն անդրադառնում է ՀՀ տնտեսության սոցիալ-տնտեսական զարգացումներին 2025թ. հունվար-սեպտեմբեր ամիսներին։

Այսպես՝

🔹 Տնտեսական ակտիվության աճի տեմպը վերջին ամիսներին արագանում է, սակայն աճի կառուցվածքը խնդրահարույց է։ Սեպտեմբերին ՏԱՑ-ը կազմել է 10.5%՝ օգոստոսի համեմատ արագանալով 3.0 տոկոսային կետով, իսկ հունվար-սեպտեմբեր ամիսների կուտակային ցուցանիշը կազմել է 7.6%։ Աճի արագացումը հիմնականում պայմանավորված է արդյունաբերության ոլորտի վերականգնմամբ, որտեղ ևս արձանագրվել է աճի տեմպի արագացում (սեպտեմբերին գրանցվել է 10.1% աճ, իսկ օգոստոսին՝ 5.8%)։ Միևնույն ժամանակ, եթե ուսումնասիրում ենք արդյունաբերության՝ օգոստոս ամսվա աճի կառուցվածքը, ապա պարզ է դառնում, որ այն առավելապես պայմանավորված է «հիմնական մետաղների արտադրություն» ենթաճյուղի շուրջ 77.1% աճով (որի ծավալները հունվար-օգոստոսի տվյալներով նվազել են)։ Վերջինս նախորդ տարիներին ուներ բավական բարձր աճի տեմպ` ոսկու վերաարտահանման գործարքներով պայմանավորված։ Ընթացիկ տարվա ցուցանիշները ևս պայմանավորված են ոչ կայուն գործոններով։

🔹 Արտահանման անկման տեմպը շարունակում է մնալ բավական խորը` բացասական տիրույթում։ Արտահանման անկման տեմպը հունվար-սեպտեմբեր ամիսներին կազմել է -46.8%։ Ընդ որում, վերաարտահանման հիմնական ազդեցությունները հաշվարկներից չեզոքացնելու դեպքում արտահանման աճը, թեև դառնում է դրական, սակայն մնում է շատ ցածր մակարդակում և դրսևորում է նվազման միտում՝ հունվար-օգոստոսին կազմելով 1.9%՝ հունվար-հուլիսի համեմատ նվազելով շուրջ 0.6 տոկոսային կետով։

🔹 Պետական բյուջեի ցուցանիշներն էականորեն շեղվել են պլանավորվածից։ Չնայած պետական բյուջեի եկամուտների մասով հունվար-սեպտեմբերին արձանագրվել է գերակատարում, բյուջեի ծախսային հատվածն էականորեն շեղվել է պլանից։ Մասնավորապես, բյուջեի ընդհանուր ծախսերը թերակատարվել են 13.1%-ով, որում կապիտալ ծախսերը՝ 25.9%-ով։ Այդ պայմաններում էականորեն թերակատարվել է նաև բյուջեի պակասուրդը՝ պլանավորված 462.6 մլրդ դրամի փոխարեն կազմելով 79.9 մլրդ դրամ և թերակատարվելով շուրջ 382.7 մլրդ դրամով։ Կապիտալ ծախսերը թերակատարվել են 153.8 մլրդ դրամով կամ 25.9%-ով։ Այսինքն` չնայած նախորդ տարվա համեմատ կապիտալ ծախսերի ծավալի աճին, դրանց կատարողականը շարունակում է բավական ցածր մնալ։

ℹ️ Վերլուծությունն ամբողջությամբ՝ https://shorturl.at/Tzfnc :

Նյութից օգտվելու դեպքում հղումը «ԼՈՒՅՍ» հիմնադրամին պարտադիր է։
«ԼՈՒՅՍ» հիմնադրամը վերլուծել է ՀՀ տնտեսության սոցիալ-տնտեսական զարգացումները 2025թ. հունվար-հոկտեմբեր ամիսներին։

Այսպես՝

🔹Տնտեսական ակտիվության աճի տեմպը վերջին ամիսներին արագանում է՝ հիմնականում արդյունաբերության վերականգնման արդյունքում։ Ընթացիկ տարվա հոկտեմբերին ՏԱՑ-ը կազմել է 10.1%, իսկ հունվար-հոկտեմբեր ամիսների կուտակային ցուցանիշը կազմել է 8.1%՝ նախորդ ամսվա համապատասխան ցուցանիշի համեմատ արագանալով 0.4 տոկոսային կետով: Աճի տեմպի արագացումը հիմնականում պայմանավորված է արդյունաբերության ոլորտի վերականգմամբ, որը, սակայն, ունի ոչ կայուն կառուցվածք:

🔹 Արդյունաբերության աճի տեմպը, թեև արագանում է, սակայն դրա հիմքում ընկած գործոնները մնում են անկայուն: Արդյունաբերության ոլորտի ենթաճյուղերի աճի տեմպերը էականորեն տատանվել են վերջին ամիսների ընթացքում: Այսպես, սննդամթերքի արտադրության աճը սեպտեմբերին կազմել է 20.4%, այն դեպքում, երբ օգոստոսին այդ նույն ենթաոլորտում գրանցվել էր 4.8% անկում: Ծխախոտի արտադրության աճի տեմպը ևս էականորեն արագացել է՝ օգոստոսի 17.1%-ից սեպտեմբերին հասնելով 32.4%-ի: Իսկ հիմնային մետաղների արտադրության աճի տեմպն էականորեն դանդաղել է՝ 77.1%-ից դառնալով 17.0%: Մշակող արդյունաբերության աճի կառուցվածքի այսքան տատանողական լինելը հուշում է մեկանգամյա կարճաժամկետ գործոնների առկայության և դրանց մեծ ազդեցությունների մասին: Այդ պայմաններում բարձր աճերի տեմպերը կարող են երկար չպահպանվել:

🔹 Արտահանման անկման տեմպերի բարելավումը բավական դանդաղ է ընթանում։ Արտահանման անկումը ընթացիկ տարվա հունվար-հոկտեմբերին կազմել է 44.7% և հունվար-սեպտեմբերի համեմատ բարելավվել է ընդամենը 2.0 տոկոսային կետով։ Բարելավման տեմպը բավական դանդաղ է, և եթե հաշվի առնենք նաև այն, որ վերաարտահանման հիմնական ազդեցությունները հաշվարկներից չեզոքացնելու դեպքում արտահանման աճը մնում է ցածր մակարդակում, ապա կարող ենք եզրակացնել, որ տնտեսության արտահանելի ոլորտում դեռևս պահպանվում են խորքային խնդիրները:

ℹ️ Վերլուծությունն ամբողջությամբ՝ https://shorturl.at/xrwSi:

Նյութից օգտվելու դեպքում հղումը «ԼՈՒՅՍ» հիմնադրամին պարտադիր է։
«ԼՈՒՅՍ» հիմնադրամն անդրադառնում է ՀՀ 2026թ. պետական բյուջեին։

Մաս 1 | Տնտեսական աճ, հարկեր/ՀՆԱ

🔹 Տնտեսական աճը շարունակում է դանդաղման միտում ունենալ։ 2024-2025թթ. տնտեսական աճի տեմպերը զգալիորեն ավելի ցածր են նախորդ տարիներին գրանցված բարձր ցուցանիշներից, որոնք պայմանավորված էին արտաքին դրական գործոններով՝ մարդկանց և կապիտալի ներհոսքով, ինչպես նաև վերաարտահանմամբ։ ՀՀ կառավարության կանխատեսումների համաձայն՝ ՀՀ տնտեսական աճը կկայունանա 5.4%-ի շուրջ, ինչը նաև համահունչ է այլ կառույցների կանխատեսումների հետ։

🔹 Բյուջետային ուղերձում նշվում է, որ 2021-2026թթ. աճի տեմպի պայմաններում հնարավոր է լինում ապահովել կառավարության ծրագրով սահմանված 7.0% տնտեսական աճի թիրախը, քանի որ միջին աճը կլինի 7.2%։ Մինչդեռ պետք է հիշել, որ ըստ ՀՀ կառավարության ծրագրի` բարենպաստ արտաքին միջավայրի պայմաններում թիրախը կազմում է 9.0%, իսկ 2023-2024թթ. բարձր տնտեսական աճը (որի շնորհիվ է իրականում ձևավորվում 7.2% միջին աճը) պայմանավորված էր հենց ՀՀ-ի համար դրական զարգացումներով (մարդկանց և կապիտալի ներհոսք, վերաարտահանում և այլն)։ Հետևաբար, ձևավորված տնտեսական աճը կա՛մ պետք է դիտարկել 9.0% տնտեսական աճի թիրախին համապատասխանության տեսանկյունից, կա՛մ ՀՀ փաստացի տնտեսական աճի տեմպը պետք է ճշգրտել միանգամյա արտաքին գործոնների ազդեցություններից, որից հետո միայն համեմատել 7.0% տնտեսական աճի թիրախի հետ։

🔹 Հարկեր/ՀՆԱ հարաբերակցության բարելավումը կրկին ներառված է կանխատեսումներում՝ 2026թ. ակնկալվող 0.4 տոկոսային կետ աճով, սակայն դրա իրատեսականությունը հարցականի տակ է։ 2021–2024թթ. ընթացքում հարկեր/ՀՆԱ-ի փաստացի բարելավումը կազմել է ընդամենը 0.5 տոկոսային կետ, այն դեպքում, երբ այդ տարիների բյուջեներով ու ՄԺԾԾ-ը նույնատիպ աճեր էին կանխատեսում յուրաքանչյուր տարվա համար։ Նման հավակնոտ ցուցանիշները ներառվել են նաև 2025-2026թթ. կանխատեսումներում, որոնք չիրագործվելու մեծ ռիսկ են կրում։

➡️ Շարունակելի...

ℹ️ Վերլուծությունն ամբողջությամբ՝ https://url-shortener.me/1MY9:

Նյութից օգտվելու դեպքում հղումը «ԼՈՒՅՍ» հիմնադրամին պարտադիր է։
«ԼՈՒՅՍ» հիմնադրամն անդրադառնում է ՀՀ 2026թ. պետական բյուջեին։

Մաս 2 | Բյուջեի պակասուրդ, պետական պարտք

🔹 Բյուջեի պակասուրդը մնում է բարձր մակարդակում։ 2025թ. սպասվում է ՀՆԱ-ի 5.5% պակասուրդ, որը 2026-ին կնվազի մինչև 4.5%-ի։ Չնայած պակասուրդի որոշակի նվազմանը՝ այն շարունակում է չափազանց մեծ լինել։ Հետագայում դրա նվազեցումն էլ ավելի է դժվարանալու, քանի որ, բացի ծախսային կարիքներից, պակասուրդի կրճատումը հանգեցնում է նաև տնտեսության վրա հարկաբյուջետային քաղաքականության զսպող ազդեցության ձևավորմանը՝ բացասաբար ազդելով հետագա տնտեսական աճի վրա։

🔹 Կառավարության պարտքի աճի բարձր տեմպերը չափազանց մտահոգիչ են։ 2017-ի դեկտեմբերի վերջի համեմատ 2025թ. վերջում կառավարության պարտքի աճը կկազմի 82.3%։ Իսկ 2026-ի բյուջեով ակնկալվող կառավարության պարտքի մեծությունը 2017-ի տարեվերջի մեծությանը կգերազանցի արդեն 111.2%-ով կամ շուրջ 3,321.9 մլրդ դրամով` հասնելով 6,310.3 մլրդ դրամի կամ 15,152.8 մլն ԱՄՆ դոլարի։

🔹 Պարտքի բեռին զուգահեռ աճելու են պարտքի սպասարկմանն ուղղվող ծախսերը։ 2026թ. պարտքի սպասարկման համար վճարվող տոկոսավճարները կկազմեն 419.9 մլրդ դրամ` 2025թ. բյուջեով պլանավորվածի համեմատ աճելով 6.5%-ով, իսկ 2024թ. փաստացի ցուցանիշի համեմատ՝ 33.9%-ով։ Կաճի նաև ընդհանուր ծախսերի կառուցվածքում տոկոսավճարների կշիռը՝ 2024թ. 10.6%-ից 2025թ. հասնելով 11.5%-ի, իսկ 2026թ.՝ 11.6%-ի։

🔹 Պարտք/ՀՆԱ հարաբերակցությունը ունի աճի միտում, ինչը պետական ֆինանսական կայունության տեսանկյունից մտահոգիչ է։ 2025թ. ՀՀ կառավարության պարտքը հասնելու է ՀՆԱ-ի 49.5%-ի, իսկ 2026–2027թթ. այն աճելու է մինչև 53.7%, և միայն 2028-ին սպասվում է որոշակի կայունացում։ Կանխատեսվող ժամանակահատվածում պարտքի աճող դինամիկայի պլանավորումը հանդիսանում է պարտքի կայունության վտանգների առաջացման առաջնային ախտանիշներից, ինչը բացասական ազդակ կարող է հաղորդել ներդրողներին։

➡️ Շարունակելի...

ℹ️ Վերլուծությունն ամբողջությամբ՝ https://url-shortener.me/1MY9:

Նյութից օգտվելու դեպքում հղումը «ԼՈՒՅՍ» հիմնադրամին պարտադիր է։
«ԼՈՒՅՍ» հիմնադրամն անդրադառնում է ՀՀ 2026թ. պետական բյուջեին։

Մաս 3 | Ծախսեր, բյուջեի կառուցվածք

🔹 Կապիտալ ծախսերի պլանավորումն աչքի է ընկնում անիրատեսական բարձր աճերով։ 2019-2024թթ․ կապիտալ ծախսերի միջին կատարողականը եղել է ընդամենը 87.7%, իսկ 2024-2025թթ. ինն ամիսներին՝ շուրջ 70-71%։ Այս պայմաններում ՀՆԱ-ի մոտ 6% կապիտալ ծախսերի թիրախավորումը 2026-2028թթ. համար ցանկալի, բայց ոչ իրատեսական սցենար է, և այն կարող է խաթարել ֆինանսական ծրագրավորման արժանահավատությունը։

🔹 2018թ. հետո պետական բյուջեի ամենաարագ աճող ծախսային ուղղությունը եղել է «ընդհանուր բնույթի հանրային ծառայությունները», որը հիմնականում ներառում է պարտքի սպասարկման ծախսերը և պետական կառավարման ապարատի պահպանումը։ 2026թ. այս ուղղության ծախսերը 2017թ. մակարդակի համեմատ աճել են շուրջ 3.1 անգամ՝ առաջանցիկ լինելով բոլոր մյուս ծախսերի համեմատ։ Այս միտումը բնականաբար խնդրահարույց է, քանի որ դրա հետևանքով կարող է սահմանափակվել մնացած ոլորտների ֆինանսավորման հնարավորությունները՝ հատկապես երկարաժամկետ զարգացման տեսանկյունից։ Ավելին, սա ցույց է տալիս ծախսերի ոչ համաչափ վերաբաշխում դեպի կառավարման համակարգեր՝ ճնշում առաջացնելով սոցիալական և տնտեսական առաջնահերթությունների նկատմամբ։

🔹 Պաշտպանության ծախսերը 2026թ. նվազելու են (շուրջ 15.2%-ով), ինչը հակասում է առկա աշխարհաքաղաքական իրավիճակին։ Թեև անընդհատ խոսվում է խաղաղության մասին, սակայն վերջինս չի կարող երաշխավորվել առանց ամուր պաշտպանական համակարգերի։ Այս առումով, պաշտպանության գծով ծախսերի կրճատումը մտահոգիչ է։

🔹 Առողջապահության համապարփակ ապահովագրության համակարգի ներդրումը, 2021թ. հաստատված և գործող կառավարության ծրագրով, պետք է սկսվեր 2023-ից և ամբողջությամբ ավարտվեր ու գործարկվեր 2026-ից։ Մինչդեռ 2026թ. այդ միջոցառումը դեռևս նոր պետք է մեկնարկի։

🔹 Սոցիալական ուղղությամբ իրականացվող մի շարք ծրագրեր, ներառյալ անհուսալի վարկեր ունեցող քաղաքացիներին աջակցությունը, հետվճարների տրամադրումը և այլ «փող տրամադրելու» ծրագրերը, ցուցիչ են այն բանի, որ կառավարությունը մեծացնում է քաղաքացիներին ուղղակի դրամական միջոցների փոխանցումների ծավալները՝ առանց արդյունքների հստակ չափման մեխանիզմների։ Այս ծրագրերի մասով 2026թ. էական աճեր են նախատեսվում, սակայն դրանց արդյունավետության վերաբերյալ գնահատականներ չկան։

ℹ️ Վերլուծությունն ամբողջությամբ՝ https://url-shortener.me/1MY9:

Նյութից օգտվելու դեպքում հղումը «ԼՈՒՅՍ» հիմնադրամին պարտադիր է։
«ԼՈՒՅՍ» հիմնադրամն անդրադառնում է 2025թ. առաջին 9 ամիսներին ՀՀ պետական բյուջեի կատարման հաշվետվությանը։

Մաս 1 | Տնտեսության ընդհանուր նկարագիրը, պետական բյուջեի եկամուտները և ծախսերը

🔹2025թ. 9 ամիսներին արձանագրվել է բավական բարձր տնտեսական աճ, սակայն դրա կառուցվածքը բավական խնդրահարույց է։ Աճին հիմնականում նպաստել են ծառայությունների և շինարարության ոլորտները, մինչդեռ արդյունաբերությունում անկում է՝ պայմանավորված մշակող արդյունաբերության զգալի անկմամբ։ Արտաքին ապրանքաշրջանառության անկումը նույնպես զգալի է՝ նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ 39.3%-ով պակաս։ Արտաքին առևտրի բացասական հաշվեկշիռը 2025թ. 9 ամիսներին նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ վատթարացել է 19.2%-ով` պայմանավորված ներմուծման համեմատ արտահանման ավելի մեծ անկմամբ: Արտահանումը դոլարային արտահայտությամբ նվազել է 46.8-ով, իսկ ներմուծումը՝ 33.4%-ով: Ավելին, ըստ էության տնտեսական աճը ներառական չէ։ Իրական ՀՆԱ-ի 6% աճի պայմաններում իրական աշխատավարձն աճել է ընդամենը 1.9%-ով։ Բարձր է մնում աղքատության մակարդակը։ Սպառողական և հիպոթեքային վարկերի ծավալները զգալիորեն՝ համապատասխանաբար 31.1%-ով և 30.6%-ով, աճել են, մինչդեռ բնակչության եկամուտների աճն անհամեմատ ավելի ցածր է։

🔹2025թ. 9 ամիսների ընթացքում ՀՀ պետական բյուջեն ունեցել է 2,126 մլրդ դրամ եկամուտ։ Ի տարբերություն հարկային եկամուտների և պետական տուրքերի, որոնց գծով հաջողվել է կատարել պլանը, պաշտոնական դրամաշնորհների մասով առկա է չափազանց մեծ թերակատարում` պայմանավորված նպատակային դրամաշնորհային ծրագրերի ցածր կատարողականով։ ՀՀ պետական բյուջեի այլ եկամուտներում զգալիորեն՝ 28.4%-ով աճել են իրավախախտումների համար գործադիր, դատական մարմինների կողմից կիրառվող պատժամիջոցներից ստացված մուտքերը՝ հիմնականում պայմանավորված ՀՀ ներքին գործերի նախարարության գանձումների աճով։

🔹2025թ. 9 ամիսներին պետական բյուջեի ծախսերը կազմել են 2,205 մլրդ դրամ։ Ճշտված պլանի համեմատ ծախսերի թերակատարումը 14.3% կամ 366.6 մլրդ դրամ է։ Թերակատարվել են և՛ ընթացիկ, և՛ կապիտալ ծախսերը։

🔹Տոկոսային արտահայտությամբ կապիտալ ծախսերի թերակատարումն էապես՝ 2.7 անգամ ավելի մեծ է, քան ընթացիկ ծախսերինը։ Այսինքն՝ տնտեսության վրա ծախսերի թերակատարման բացասական ազդեցությունն իրականում շատ ավելի խոր է, քան կարող է թվալ առաջին հայացքից, քանի որ պետությունն առաջին հերթին հենց կապիտալ ծախսերով է ավելացնում տնտեսական աճի պոտենցիալը։ Կապիտալ ծախսերի գծով թերակատարումը հիմնականում պայմանավորված է «ՀՀ պաշտպանության ապահովում», «Հանրակրթական և նախադպրոցական հաստատությունների հիմնում, կառուցում, բարելավում» և «Ճանապարհային ցանցի բարելավում» ծրագրերի շրջանակներում իրականացված կապիտալ ծախսերի ցածր կատարողականով:

Շարունակելի...

ℹ️ Վերլուծությունն ամբողջությամբ՝ https://shorturl.at/e4JSw:

Նյութից օգտվելու դեպքում հղումը «ԼՈՒՅՍ» հիմնադրամին պարտադիր է։
👍2
«ԼՈՒՅՍ» հիմնադրամն անդրադառնում է 2025թ. առաջին 9 ամիսներին ՀՀ պետական բյուջեի կատարման հաշվետվությանը։

Մաս 2 | Թերակատարված ծրագրերը, պետական պարտքը

🔹Պետական բյուջեի կատարման հաշվետվությունում ներկայացված բոլոր մարմիններում արձանագրվել են իրականացվող ծրագրերի գծով թերակատարումներ:

Բացարձակ մեծությամբ ամենամեծ թերակատարումը՝ 81.8 մլրդ դրամ, արձանագրվել է պաշտպանության նախարարության պատասխանատվությամբ իրականացվող «ՀՀ պաշտպանության ապահովում» ծրագրի գծով։ Տոկոսային արտահայտությամբ թերակատարումը կազմել է 15.0%։ Այս ծրագրի գծով փաստացի կատարված 456.4 մլրդ դրամ ծախսերի 65.2%-ը՝ ավելի քան 297.5 մլրդ դրամը, ուղղվել է ՀՀ պաշտպանության նախարարության շենքային պայմանների բարելավմանը, որը կատարվել է 91.1%-ով, իսկ 34.7%-ն օգտագործվել է ռազմական կարիքների բավարարման շրջանակներում, որի գծով ծախսերը կազմել են ընդամենը 158.6 մլրդ դրամ կամ պլանավորվածի 87.6%-ը։

ԿԳՄՍ նախարարության պատասխանատվությամբ իրականացվող «Հանրակրթական և նախադպրոցական հաստատությունների հիմնում, կառուցում, բարելավում» ծրագրի գծով ծախսերը 2025թ. 9 ամիսներին թերակատարվել են 33.6%-ով կամ 27.8 մլրդ դրամով: Հայտնի է, որ ընդամենը 59 դպրոցներում են ավարտվել աշխատանքները։ Այս փաստն ավելի հիմնավոր է դարձնում 300 դպրոցի և 500 մանկապարտեզի կառուցման, վերակառուցման և հիմնանորոգման թիրախի մինչև ներկայիս կառավարության գործունեության ավարտը մնացած մի քանի ամիսների ընթացքում անիրատեսականության վերաբերյալ մտահոգությունները։

Մի շարք այլ կարևորագույն ծրագրերի գծով ևս արձանագրվել են էական թերակատարումներ։ Մասնավորապես, «Ռազմարդյունաբերության համալիրի զարգացում» ծրագրի գծով թերակատարումը 95.6% է, «Զբոսաշրջության զարգացում» ծրագրի գծով՝ 83.4%, «Թվային փոխակերպման գործընթացի իրականացում» ծրագրի գծով՝ 79.4%, «Ներդրումների և արտահանման խթանում» ծրագրի գծով՝ 64.3%, «Քաղաքային զարգացում» ծրագրի գծով՝ 62.4%, «Գյուղատնտեսության խթանում» ծրագրի գծով՝ 35.7%։ Զգալիորեն՝ շուրջ 37%-ով թերակատարվել է անգամ «Ճանապարհային ցանցի բարելավում» ծրագիրը` հիմնականում պայմանավորված պետական նշանակության ավտոճանապարհների հիմնանորոգման և Հյուսիս-հարավ ճանապարհային միջանցքի զարգացման ծրագրի կատարողականով:

ՀՀ պետական բյուջեի ծախսերի շրջանակում արձանագրված շոշափելի թերակատարումները շարունակում են վկայել պետական կառավարման ցածր արդյունավետության մասին։

🔹2025թ. սեպտեմբերի 30-ի դրությամբ ՀՀ պետական պարտքը կազմել է 5,433.5 մլրդ դրամ կամ 14,195.9 մլն ԱՄՆ դոլար՝ 2024թ. տարեվերջի համեմատությամբ դրամային արտահայտությամբ աճելով 340.8 մլրդ դրամով, իսկ դոլարային արտահայտությամբ` 1,353.6 մլն ԱՄՆ դոլարով:

Պետական պարտքը ներկայիս կառավարող քաղաքական ուժի իշխանավարման ընթացքում ավելի քան կրկնակի աճել է և շարունակում է ավելանալ։ Այսպես, դոլարային արտահայտությամբ պետական պարտքի ցուցանիշը 30.09.2025թ. դրությամբ շուրջ 2.1 անգամ գերազանցում է 30.04.2018թ. դրությամբ ցուցանիշին։ Արձանագրված փաստը լուրջ մտահոգությունների տեղիք է տալիս:

ℹ️ Վերլուծությունն ամբողջությամբ՝ https://shorturl.at/e4JSw:

Նյութից օգտվելու դեպքում հղումը «ԼՈՒՅՍ» հիմնադրամին պարտադիր է։
👍1
«ԼՈՒՅՍ» հիմնադրամը ներկայացնում է Երևան քաղաքի 2026թ. բյուջեի վերլուծությունը.

Առանձնացված 3 առանցքային դրույթներից առաջինը ներկայացվում է ստորև.

🔹2026թ. Երևանի բյուջեի եկամուտները նվազելու են. նույնիսկ անշարժ գույքի գույքային հարկի և աղբահանության վճարի հաշվարկման մեթոդաբանությունների փոփոխության հաշվին ակնկալվող զգալի ավելացումը չի փոխհատուցում պաշտոնական դրամաշնորհների և պատվիրակված լիազորությունների իրականացման համար պետական բյուջեից ստացվող միջոցների կտրուկ կրճատումը։

Կանխատեսվում է, որ Երևան քաղաքի 2026թ. բյուջեի ընդհանուր եկամուտները կկազմեն 151.5 մլրդ դրամ։ Դրանք 2025-ի բյուջեով պլանավորված ցուցանիշի համեմատ նվազելու են 5.0%-ով կամ 7.9 մլրդ դրամով՝ չնայած, որ սեփական եկամուտներն աճելու են 4.7 մլրդ դրամով՝ հիմնականում պայմանավորված անշարժ գույքի գույքային հարկի և աղբահանության վճարի հաշվարկման մեթոդաբանությունների փոփոխությամբ։ Նվազման պատճառն այն է, որ 12.6 մլրդ դրամով կրճատվելու են ոչ սեփական եկամուտները (պաշտոնական դրամաշնորհների և պետության կողմից տեղական ինքնակառավարման մարմիններին պատվիրակված լիազորությունների իրականացման ծախսերի ֆինանսավորման համար պետական բյուջեից ստացվող միջոցների ընդհանուր գումարը)։ Այսինքն՝ ոչ սեփական եկամուտներից չափազանց մեծ կախվածությունն էապես սահմանափակում է արդյունավետ տեղական ինքնակառավարում իրականացնելու հնարավորությունը։

Ի դեպ, ոչ սեփական եկամուտների բաղադրիչներից առաջինի՝ պաշտոնական դրամաշնորհների պլանավորվող ծավալն արդեն մի քանի տարի շարունակ նվազում է. 2026-ի պլանավորվող ցուցանիշը 2019-ից ի վեր ամենաբարձր՝ 2021-ի հաստատված բյուջեի ցուցանիշի համեմատ պակաս է 62.7%-ով կամ 16.1 մլրդ դրամով։
Ստացվում է, որ ոչ միայն սեփական եկամուտների աճը հիմնականում ապահովվելու է պարզապես օրենսդրական փոփոխությունների շնորհիվ, այլև այն բավարար չի լինելու, որպեսզի 2026-ի ընդհանուր եկամուտները 2025-ի համեմատ չնվազեն։

ℹ️ Շարունակելի...

🔗 Վերլուծությունն ամբողջությամբ՝ https://shorturl.at/y2nz5:

Նյութից օգտվելու դեպքում հղումը «ԼՈՒՅՍ» հիմնադրամին պարտադիր է։
«ԼՈՒՅՍ» հիմնադրամը ներկայացնում է Երևան քաղաքի 2026թ. բյուջեի վերլուծությունը.

Առանձնացված 3 առանցքային դրույթներից երկրորդը ներկայացվում է ստորև.

🔹Բյուջեի ծախսերը նվազելու են, սակայն դա չի խանգարելու, որ պարգևատրումները շարունակեն «տպավորիչ» աճ գրանցել։

Երևանի 2026թ. բյուջեի ընդհանուր ծախսերը կազմելու են 156.8 մլրդ դրամ՝ 2025 թվականի համեմատ նվազելով 2.7 մլրդ դրամով կամ 1.7%-ով։ Ընթացիկ ծախսերի նվազումն ավելի զգալի է. դրանք 2025-ի համեմատ նվազելու են 7.4 մլրդ դրամով կամ 4.9%-ով։ Չնայած դրան, ընթացիկ ծախսերի բաղադրիչներից մեկի՝ պարգևատրումների, դրամական խրախուսումների և հատուկ վճարների համար 2026-ի բյուջեով հատկացվող միջոցները 2025-ի համեմատ աճելու են 73.8%-ով։ Ի դեպ, դրանք 2023-ից սկսած տարեցտարի կտրուկ ավելանում են, և 2026-ի ցուցանիշն ավելի քան 7.1 անգամ գերազանցելու է 2022-ի ցուցանիշին։ Ավելին, 2025թ. բյուջեի 9 ամիսների կատարման հաշվետվության համաձայն՝ 2025-ի տարեկան ճշտված պլանով պարգևատրումներին, դրամական խրախուսումներին և հատուկ վճարներին ուղղվող միջոցները ընթացիկ տարվա հաստատված բյուջեով պլանավորվածի համեմատ էապես՝ 2.3 անգամ ավելացվել են, չնայած որ հաստատված բյուջեի ցուցանիշը նախորդ տարվա համեմատ արդեն իսկ զգալիորեն՝ 46.1%-ով բարձր է։ Ի դեպ, 2025թ. 9 ամիսներին արդեն իսկ փաստացի ծախսվել է 1.8 անգամ ավելի շատ, քան 2025-ի հաստատված բյուջեով ամբողջ տարվա համար է նախատեսված։

Հաշվի առնելով 2026թ. բյուջեով նախատեսված կապիտալ ծախսերի մակարդակը, ինչպես նաև մի քանի տարի շարունակ կապիտալ ծախսերի թերակատարման փաստը` 2026-ին նույնպես դրանց կատարման իրատեսականությունը կասկածների տեղիք է տալիս։

ℹ️ Շարունակելի...

🔗 Վերլուծությունն ամբողջությամբ՝ https://shorturl.at/y2nz5:

Նյութից օգտվելու դեպքում հղումը «ԼՈՒՅՍ» հիմնադրամին պարտադիր է։
«ԼՈՒՅՍ» հիմնադրամը ներկայացնում է Երևան քաղաքի 2026թ. բյուջեի վերլուծությունը.

Առանձնացված առանցքային վերջին` երրորդ դրույթը ներկայացվում է ստորև.

🔹Բյուջեի ծախսերը՝ ըստ ծրագրերի ուսումնասիրության բացահայտում են քաղաքային իշխանության կողմից անարդյունավետ կառավարման հետևանքները։ Այսպես.

Բյուջետային ուղերձում նշված է, որ «Երևանի մետրոպոլիտենի ենթակառուցվածքների կառուցում» ծրագրով նախատեսվել է 2.0 մլրդ դրամ՝ «Աջափնյակ վարչական շրջանի մետրոպոլիտենի նոր կայարանի կառուցման աշխատանքների մեկնարկի իրականացման համար»։ Մինչդեռ 2025-ի բյուջեով նույնպես այս ծրագրի գծով ծախսեր էին նախատեսվել՝ 9.6 մլրդ դրամի՝ բյուջետային ուղերձում նշելով՝ «Աջափնյակ վարչական շրջանի մետրոպոլիտենի նոր կայարանի կառուցման աշխատանքների իրականացման համար»։ Այսինքն` ենթադրվում է, որ ընթացիկ տարում կառուցման աշխատանքներ չեն իրականացվել, և նախատեսվում է աշխատանքները մեկնարկել միայն 2026-ին՝ այն էլ ընթացիկ տարվա բյուջեով նախատեսվածից մի քանի անգամ պակաս միջոցներով։

Ուղերձում նշված է, որ «Նախագծային աշխատանքներ» ծրագրով նախատեսված գումարի մի մասն օգտագործվելու է «մետրոպոլիտենի՝ «Զորավար Անդրանիկ» և «Սասունցի Դավիթ» կայարանների միջանկյալ հատվածում նոր վերգետնյա կայարանի կառուցման համար .... նախագծանախահաշվային փաստաթղթեր ձեռք բերելու» համար։ Նույն նպատակով միջոցներ են հատկացվել նաև ընթացիկ տարվա՝ 2025-ի բյուջեով: Քանի որ 2025-ի բյուջեի կատարման 9 ամիսների հաշվետվությունում բացակայում է ըստ ծրագրերի ծախսերի կատարողականի մասին տեղեկատվությունը, հնարավոր չէ պարզել՝ 2026-ի բյուջեով այս ծրագրի գծով ծախսերի նախատեսման պատճառը ընթացիկ տարվա ցածր կատարողակա՞նն է, թե՞ միգուցե մետրոպոլիտենի նոր կայարանի կառուցումը (այս դեպքում իսկապես խոսքը սոսկ վերգետնյա կայարանի կառուցման մասին է) քաղաքային իշխանությունների համար այնքան բարդ գործ է, որ նախքան բուն կառուցման աշխատանքներին անցնելը պահանջում է մի քանի տարվա նախագծանախահաշվային աշխատանքներ։

«Երևան քաղաքի գլխավոր հատակագծի իրականացման վերլուծություն» ծրագրով 2026-ի բյուջեով դարձյալ միջոցներ են նախատեսվել (ճիշտ է, 2025-ի բյուջեի ցուցանիշից 2.5 անգամ պակաս)։ Չի բացառվում, որ նվազեցման պատճառն այս ծրագրի գծով տարիներ շարունակ արձանագրվող ցածր կատարողականն է։ Այսպես, 2023-ի բյուջեով ծրագրի համար նախատեսված 290.0 մլն դրամի դիմաց փաստացի արձանագրվել է 0% կատարողական, 2024-ի 250.0 մլն դրամի դիմաց կատարողականը կազմել է 0.4%։ 2025-ի բյուջեով նույնպես նախատեսվել է 250.0 մլն դրամ, որի կատարման չափն ու իրատեսականությունը կարձանագրվի 2025թ. տարեկան արդյունքներով։

🔹Բյուջետային պլանավորման ոլորտում քաղաքային իշխանությունների հմտությունների առումով առկա են հիմնավոր կասկածներ։

2018 թվականից ի վեր բոլոր տարիների համար բյուջեի հաշվեկշռի փաստացի ցուցանիշը մշտապես կտրուկ (իսկ առավել հաճախ՝ տրամագծորեն) տարբերվել է պլանայինից։ Մասնավորապես, բոլոր այդ տարիների համար պլանավորվել է պակասուրդային բյուջե, սակայն անցած 7 տարիներից միայն 2022 թվականին է փաստացի բյուջեն ունեցել պակասուրդ, այն էլ պլանավորվածից չափազանց մեծ շեղմամբ՝ փաստացի պակասուրդն ավելի քան կրկնակի մեծ է եղել։

Պլանային և փաստացի ցուցանիշների միջև զգալի շեղումները միայն պակասուրդին չեն վերաբերում: Այնպիսի տպավորություն է, որ գալիք տարվա բյուջետային ցուցանիշները պլանավորելիս քաղաքային իշխանությունները հաշվի չեն առնում նախորդ տարվա և ընթացիկ տարվա անցած ամիսների փաստացի ձևավորված ցուցանիշները, որի արդյունքում, որպես կանոն, տվյալ տարվա փաստացի ցուցանիշներն էապես շեղվում են պլանավորված ցուցանիշներից, ինչը խոսում է պլանավորման ցածր որակի մասին։


🔗 Վերլուծությունն ամբողջությամբ՝ https://shorturl.at/y2nz5:

Նյութից օգտվելու դեպքում հղումը «ԼՈՒՅՍ» հիմնադրամին պարտադիր է։
«ԼՈՒՅՍ» հիմնադրամը վերլուծել է ՀՀ տնտեսության սոցիալ-տնտեսական զարգացումները 2025թ. հունվար-նոյեմբեր ամիսներին։

Այսպես.

🔹Տնտեսական ակտիվության աճի բարձր տեմպը վերջին ամիսներին պահպանվում է։ Ընթացիկ տարվա նոյեմբերին ՏԱՑ-ը կազմել է 10.4%, իսկ հունվար-նոյեմբեր ամիսների կուտակային ցուցանիշը կազմել է 8.3%՝ նախորդ ամսվա համապատասխան ցուցանիշի համեմատ արագանալով 0.2 տոկոսային կետով: Սակայն ՏԱՑ-ի աճն ապահովող երկու կարևոր գործոններ՝ շինարարության բարձր աճի տեմպը և արդյունաբերության վերականգնումը հիմնված են անկայուն գործընթացների վրա:

🔹Արդյունաբերության աճի տեմպն արագանում է, թեև դրա հիմքում ընկած գործոններն անկայուն են: Արդյունաբերության ոլորտը սկսել է արագ վերականգնվել, և արդեն իսկ գրանցվում են դրական աճի ցուցանիշներ: Սակայն վերջին ամիսների աճը հիմնականում պայմանավորված է մշակող արդյունաբերության «հիմնային մետաղների արտադրություն» ենթաոլորտի աճով, որն ընթացիկ տարվա հոկտեմբերին ապահովել է մշակող արդյունաբերության 20.8% աճի 18.4 տոկոսային կետը: Վերջինս հիմնականում պայմանավորված է ոսկու և այլ մետաղների վերաարտահանմամբ։

🔹Տնտեսության արտահանելի հատվածի դրական զարգացումները դեռևս շատ փոքր են։ Թեև արտահանման և ներմուծման ցուցանիշները արդեն իսկ դարձել են դրական և կտրուկ արագացել են, դրանք դեռևս բավարար չեն արտաքին առևտրի վերականգնման և առողջ աճի մասին խոսելու համար: Մասնավորապես, եթե արտահանման աճը ճշգրտենք «թանկարժեք և կիսաթանկարժեք քարեր, թանկարժեք մետաղներ և դրանցից իրեր» ապրանքախմբի նպաստման չափով (չեզոքացնենք վերաարտահանման ազդեցության զգալի մասը), ապա աճը կկազմի ընդամենը 2.2%: Նմանատիպ ցածր աճ ունի նաև ներմուծման ճշգրտված ծավալը՝ 3.6%: Այդ ցուցանիշները բավական ցածր են և ցույց են տալիս, որ նշանակալի դրական զարգացումներ ոլորտում դեռևս չկան:

🔗 Վերլուծությունն ամբողջությամբ՝ https://shorturl.at/VYFGf:

Նյութից օգտվելու դեպքում հղումը «ԼՈՒՅՍ» հիմնադրամին պարտադիր է։