Tatev Hayrapetyan
3.52K subscribers
430 photos
398 videos
739 links
Պատմական գիտությունների թեկնածու, Ադրբեջանի հարցերով փորձագետ, 7֊րդ գումարման ԱԺ պատգամավոր (2019֊2021 թթ.)
Download Telegram
⚡️Ադրբեջանի Պաշտպանության նախարարը այսօր ծառայողական խորհրդակցություն է անցկացրել, որի ժամանակ «իրականացվել է ադրբեջանա-հայկական պայմանական սահմանին և ռուսական խաղաղապահ զորակազմի ժամանակավոր տեղակայման տարածքներում գործողության պայմանների ծավալուն վերլուծություն»–ասված է պաշտոնական հաղորդագրության մեջ։ Հասանովը կոնկրետ հանձնարարականներ է տվել «ստորաբաժանումների մարտական պատրաստականության բարձր մակարդակի պահպանման և ցանկացած պահի հնարավոր սադրանքը կանխելու պատրաստակամության վերաբերյալ»:

Ուշադրություն դարձրեք օգտագործված բառապաշարին: Ալիևի ասուլիսից հետո ՀՀ–Ադրբեջան սահմանը ստացել է «պայմանական» անվանումը: Իսկ կարգադրությունները՝ «սադրանքը կանխելու վերաբերյալ» Ադրբեջանի կողմից նոր սադրանքների գնալու ակնհայտ ազդակ են: Նման հայտարարություններով սովորաբար Հասանովը հանդես է գալիս հնարավոր գործողությունների գնալուց առաջ:

Պետք է մաքսիմալ զգոն լինել և ակտիվ աշխատանք տանել միջազգայինների հետ: Ադրբեջանը փորձում է սրել իրավիճակը, Ալիևի ասուլիսը դրա վառ ապացույցն է: Պետք է ակտիվորեն աշխատել դա կանխելու ուղղությամբ:
Ռուբեն Վարդանյանը իր թվիթերյան գրառման մեջ առաջարկում է Ադրբեջանին գտնել խաղաղություն ոչ թե հայերի կյանքի հաշվին, այլ հայերի համար ընդունելի։《Մենք պատրաստ ենք կառուցողական երկխոսության այն մասին, թե ինչ է նշանակում խաղաղություն հայերի և ադրբեջանցիների համար։ Բայց մենք երբեք չենք հրաժարվի մեր հայրենիքում Արցախում ապրելու արժանապատիվ, ազատ կյանքի մեր իրավունքից》,֊նշված է գրառման մեջ։

Այստեղ հետաքրքիր է ադրբեջանական տելեգրամյան ալիքներից մեկի արձագանքը, որտեղ կրկին խոստովանում են, որ իրենց պատկերացրած խաղաղությունը ոչ թե հայերի հետ է, այլ առանց հայերի։
Դա նաև Ալիևը ասաց վերջին ասուլիսի ժամանակ։
Մնում է մենք էլ դա հասկանանք ու պատրանքներ չունենանք, մեր գլխի գալիքը իմանանք ու ըստ այդմ
գործենք։
֊Ի՞նչ անենք մենք որպես հանրություն Արցախի մեր հայրենակիցներին օգնելու համար։

֊Խոսենք, թեման միշտ պահենք օրակարգում։ Եթե մարդիկ անգլերեն գիտեն, թող օգտագործեն թվիթերյան հարթակը կամ այլ հարթակներ թեման տեղ հասցնելու համար։

֊Իսկ եթե պետական քաղաքականություն լրիվ այլ է՞։

֊Կապ չունի։ Անցողիկ են Նիկոլ Փաշինյանն էլ, իր քաղաքական թիմն էլ։ Խնդիրն այն է մենք 30, 40, 50 տարի հետո կունենանք պետություն թե չէ։ Շատ հեշտ է թևաթափ լինել
նայելով իշխանությունների անգործությանը։ Շատ դժվար է այդքանով հանդերձ պայքարել, քանի որ մենք այսօր պայքարում ենք պետություն ունենալու իրավունքի համար։ Բազմաթիվ մարդիկ կյանք են դրել, որ մենք պետություն ունենանք այսօր, մենք մեզնից կախվածը պետք է անենք այս պետության շարունակականությունն ապահովելու համար։

Մանրամասները 👇

https://youtu.be/i5xbyfXagnU
Ըստ էության, Արցախի քաղաքական դաշտում բուռն խմորումներ են գնում: Ռուբեն Վարդանյանը քիչ առաջ հրապարակային հայտարարեց, որ չի պատրաստվում հրաժարական տալ, նաև ողջախոհության կոչ արեց: Ես չեմ ուզում դավադրապաշտական տեսությունների հետևից գնալ, բայց մի բան գիտեմ Վարդանյանի հրաժարականը կամ Արցախում ընթացող ներքաղաքական «գզվռտոցները» միմիայն նվեր են դառնալու Ադրբեջանի համար: Վստահեցնում եմ՝ Ալիևն այդ նվերը չի գնահատի: Ամեն զիջումից հետո նոր բան են պահանջելու: Կարևոր է, որ թե՛ Հայաստանում, թե՛ Արցախում քաղաքական հասունություն դրսևորեն, մի կողմ դնեն իրենց անձնական ամբիցիաներն ու էմոցիաները, չգնան այլ օրակարգերով և թույլ չտան քայլեր, որոնք մեծ վնաս են հասցնելու երկու հայկական պետություններին: Առանց այն էլ վերջին երեք տարվա ընթացքում կորուստների պակաս չունենք: Պատասխատվությունը դա բառ չէ, դա ընկալում է, դա աշխատանք է, կամք: Հուսամ՝ իրոք ողջախոհություն կցուցաբերենք և այս ճգնաժամից հերթական կորուստով դուրս չենք գա, որովհետև այդ կորուստները անդառնալի հետևանքներ են ունենում բոլորիս համար...
Ադրբեջանցի պատգամավորները միշտ աչքի են ընկնում հայերին ուղղված ատելության խոսքով: Այս մի մեջբերումն ուզում եմ տեղադրել, միգուցե օգնի հասկանալ, թե «խաղաղության» մասին ինչ պատկերացումներ ունեն հարևան երկրում: Սա հատված է անցած տարվա սեպտեմբերին տեղի ունեցած հարցազրույցից:

Սեպտեմբերի 4-ին Ադրբեջանի խորհրդարանի պատգամավոր Ֆազաիլ Աղամալըն, պատասխանելով  լրագրողի այն հարցին՝ «Ի՞նչ եք կարծում, ներկայիս պայմաններում հայերը, Ադրբեջանի օրենքներն ընդունելով, կապրե՞ն մեր հողերում», նշել է․

«Հայերն այս հողերում չեն մնալու։ Հայերը կգաղթեն, կգնան Ղարաբաղից։ Այս գաղթը արդեն սկսվել է։ Մինչև 50 տարեկան հայերի բացարձակ մեծամասնությունը կգաղթի, կգնա առաջիկա 1 տարվա ընթացքում։ Լավագույն դեպքում Ղարաբաղում կմնան տարեց մարդիկ։ Նման պարագայում խաղաղապահներն էլ Ղարաբաղում մնալու կամ լրացուցիչ դիրքեր կառուցելու կարիք չեն ունենա։ Հայաստանը ցանկանում է դուրս գալ Ռուսաստանի ազդեցությունից և ուղղություն վերցնել դեպի Արևմուտք։ Եթե հայերը ուղղություն վերցնեն դեպի Արևմուտք, գաղթելու են Ֆրանսիա կամ Ամերիկա։  Բնակվելու են աշխարհի առանձին-առանձին վայրերում։ Այսպիսով, Հայաստանը գործնականում մնալու է առանց հայերի։ Իսկ մենք կվերադառնանք մեր պատմական հողերը՝ առանց փամփուշտ արձակելու ու շեհիդ (նահատակ) տալու»։

Մեկնաբանության կարիք, կարծում եմ չկա, հուսամ որոշ հետևություններ կանենք...
Եվ մինչ Ադրբեջանում ամենաբարձր մակարդակով «Արևմտյան Ադրբեջան» են կոչում ՀՀ ներկայիս տարածքը և նոր հավակնություններով հանդես գալիս, ՀՀ ԱԳՆ–ն անգամ հայտարարություն չի անում Բաքվի հայկական ջարդերի 33-րդ տարելիցի վերաբերյալ: Թեև նման հայտարարություն անցած տարի եղել էր: Եթե մեր իշխանություններին թվում է, որ լռելով, Բաքվին «չնեղացնելով» կանխելու են էսկալացիան, ուրեմն իրենք ոչինչ չեն հասկանում Ադրբեջանի քաղաքականությունից:

Էսկալացիան կանխում են տեղում պատրաստվելով, բանակի մարտունակությունը բարձրացնելով, հանրության մեջ դիմադրողականություն զարգացնելով, մի խոսքով՝ պատերազմի պատրաստ լինելով, որ հակառակորդդ իմանա, որ չի մարսելու ագրեսիան: Իսկ սեփական պատմությունը անտեսելով, դրա մասին լռելով ու կենսական իրավունքներից հրաժարվելով՝ միմիայն մեծացնելու ենք Բաքվի ախորժակը, օգնելու նոր պատմական կեղծարարություններով լցնել դաշտը և հարցականի տակ ենք դնելու հայոց պետականությունը:

Մեկ–մեկ Ալիևի ելույթները կարդացեք, միգուցե օգնի հասկանալ, թե ինչ է մտածում հակառակորդը:
Լավ է, որ ԵՄ–ն շարունակում է իր դիտորդական առաքելությունը ՀՀ–ում և այդ նպատակով ավելի երկարաժամկետ առաքելություն է ուղարկում: Բայց փաստենք, դա ընդամենը քաղաքացիական առաքելություն է և չի ապահովագրում մեզ պատերազմից կամ նոր էսկալացիաներից: Դա լրացուցիչ զսպիչ գործոն է, ինչը բնավ չի նշանակում, որ դրա առկայության պայմաններում անգամ Ալիևը չի կարող գնալ նոր բախման: Ալիևը կգնա բախման, երբ աշխարհաքաղաքական իրավիճակը դա թույլ տա, ինչպես եղավ 2020 թ. պատերազմի ժամանակ:

Ադրբեջանը պատրաստվում է պատերազմի և դա չի թաքցնում: Նիկոլ Փաշինյանը թող հասկանա, որ եթե Ադրբեջանը գնա հերթական ագրեսիայի, նա իրավունք չունի գա ԱԺ ամբիոնի մոտ ու հայտարարի, որ չհասցրեց զենք ձեռքբերել կամ մտածում էր, որ ԵՄ առաքելությունը դա կզսպի: Ինչպես դա անում էր նաև անցած տարվա սեպտեմբերին: Այդ հայտնի մանիպուլատիվ «տրյուկները» չեն անցնելու: Պետք է պատրաստվել պատերազմի՝ դա զսպելու համար:

Եթե ուզում ենք երկարաժամկետ առումով զսպել Բաքվին, պետք է կառուցենք մարտունակ, ժամանակակից բանակ ու դիմադրողականություն ունեցող ուժեղ հանրություն: Մնացածը օժանդակող գործոններ են, բայց մեր պետությունը պաշտպանողը միմիայն մենք ենք, մեր փոխարեն դա ոչ ոք չի անելու:
Իրանի ԱԳՆ նախարար Աբդոլահիանը այցով գտնվում է Անկարայում: Նա հանդիպում է ունեցել Թուրքիայի նախագահ Էրդողանի հետ: Հանդիպմանը ներկա է գտնվել նաև Թուրքիայի ԱԳՆ նախարար Չավուշօղլուն: Նշվում է, որ օրակարգային հարցերից է եղել Սիրիայում ստեղծված իրավիճակը: Վստահ եմ, որ քննարկվել են նաև այլ հարցեր:
- Այս օրերին ի՞նչ տրամադրություններ են առկա Ադրբեջանում:

- Ադրբեջանական մեդիա դաշտում շատ ակտիվ քննարկում են Արցախի ներքաղաքական զարգացումները: Բազմաթիվ հաղորդումներ և հարցազրույցներ են կազմակերպվում այդ թեմայով: Ստացվում է, որ ավտորիտար երկրում լուսաբանում են Արցախի ներքաղաքական զարգացումները՝ ներքաղաքական պայքարի լույսի ներքո: Անկախ իրենց կամքից՝ նրանք ցույց են տալիս, թե որքան տարբեր են Արցախն ու Ադրբեջանը: Ակնհայտ է, որ իրենց երազանքը արտահերթ ընտրություններն են Արցախում, որի անցկացում իրենք թույլ չեն տա, անգամ եթե պետք լինի` կգնան ռազմական ճանապարհով, դա կանխելու համար: Ալիևի վերջին ասուլիսը փաստեց, որ Ադրբեջանը հետքայլ չի պատրաստվում անել, ավելին՝ գնալով սեղմելու է օղակը: Պետք է դրան պատրաստ լինել: Ադրբեջանը շատ պարզ խոսում է իր պլանների մասին: Որևէ բան չի թաքցնում: Մեզ մնում է խելացի վարվել և պատրաստվել: Բայց դա, ցավոք, մենք չենք կարողանում անել: Ամեն ինչ իներցիայի վրա է, ամեն նախաձեռնությունը անհատական է: Իշխանությունները և նաև ընդդիմությունը անհամարժեք են ստեղծված իրավիճակին:

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այս հասցեով՝ : https://hraparak.am/post/b5eecdeb66de3a8eaffc4dcc1189ef0b

 © 2008 - 2021 «Հրապարակ օրաթերթ»
This media is not supported in your browser
VIEW IN TELEGRAM
Այսօր խաղաղապահների միջնորդությամբ Հայաստանում մնացած քսան երեխա վերադարձել են Արցախ՝ իրենց ծնողների մոտ: Ադրբեջանական քարոզչադաշտն արդեն սկսել է շահարկել այս թեման: Բայց ի գիտություն ասեմ, որ նախ սրանով նրանք ապացուցում են, որ ճանապարհը փակ է: Երկրորդ, իրենք այս ցուրտ եղանակին երեխաներին մի քանի ժամ պահել են միջանցքի տարածքում՝ որպես հոգեբանական ճնշման միջոց:

Ես ենթադրում եմ, որ «ակտիվիստները» համաձայն հրահանգի՝ նախատեսել էին նույնիսկ ներս չթողնել նրանց, բայց վախեցել են մեծ աղմուկից՝ շրջափակված Արցախ՝ առանց գազի ու էլեկտրաէներգիայի, հիմա էլ երեխաներին թույլ չեն տալիս ներս անցնել՝ թեև նախնական պայմանավորվածություն է եղել դրա վերաբերյալ: Սա երևի Ալիևը համարել է նոր աղմուկի հիմք: Դրանից խուսափելու համար էլ երեխաներին ներս են թողել, բայց իհարկե, հոգեբանական ծանր ճնշման ենթարկելուց հետո միայն...

Հ.Գ Տեսանյութում երևում է, որ փորձում են երեխաներին խոսեցնել, նրանց դեմքին են պահում կամերաները, իսկ դրա իրավունքը նրանք չունեին: Փորձել են շոու անել այս ամենից` չհասկանալով, որ դա իրենց դեմ է ուղղվելու։
Որպես կանոն, ես աշխատում եմ շատ քիչ անդրադառնալ ՔՊ պատգամավորներին, իշխանական ներկայացուցիչներին և նրանց ապազգային մտքերին, քանի որ իմ հետազոտության թեման Ադրբեջանն է: Բայց քանի որ նրանց հակապետական ելույթները դառնում են ադրբեջանական քարոզչադաշտի մաս, ապա երբեմն հարկադրված եմ խոսել դրանց մասին: Վերջերս ՔՊ–ական մի պատգամավոր այնքան հեռուն է գնացել, որ արդեն արդարացնում է Բաքվի ագրեսիան Արցախի դեմ ու կոչ է անում հարմարվել: Նրան թվում է, թե դրանով միայն Արցախին կամ այնտեղ ապրող հայերին է վնասում, այնքան գիտակցում չկա, որ դրանով ուղղակի Բաքվին հրավիրում են հարձակվել մեզ վրա, հարց «լուծել» պատերազմով, հետո մենք դրան կհարմարվենք: Ես մի քանի անգամ հեգնանքով ասել եմ, ՔՊ պատգամավորները մրցում են «Հեյդար Ալիևի» մրցանակի համար: Արդեն տպավորություն է, որ դա իրական մրցույթ է: Ուզո՞ւմ եք Բաքվի շահը սպասարկել, քավ լիցի, ազատ եք, միայն թե դա մի՛ արեք ՀՀ քաղաքացու կողմից վճարվող հարկերով, տեղափոխվեք Բաքու, դարձեք Ադրբեջանի քաղաքացի, մասնակցե՛ք «բաց ու թափանցիկ» ընտրություններին և գնացեք Մեջլիսում նստեք: Այնտեղ լավ քարոզչություն կանեք Ադրբեջանի օգտին: Թե չէ որքանո՞վ է ազնիվ նստել ՀՀ ԱԺ–ում ու խրախուսել Բաքվին՝ ՀՀ–ի կամ Արցախի դեմ նոր ագրեսիայի գնալ:

Նիկոլ Փաշինյանը վերջերս Արցախի իշխանություններին հորդորում էր զգույշ խոսել, թող նախ ինքն իրեն ու իր սեփական պատգամավորներին նման կոչ անի: Ի վերջո, այսօր 120,000 մարդ պատանդ է, որ դուք զիջման չգնաք հերթական անգամ: Փոխարենը առավոտից երեկո ներողություն խնդրեք ու աջակցություն հայտնեք Արցախում ապրող հայերին, զբաղված եք նրանց վնասելով: Արցախում ապրող հայը ոչնչով տարբեր չէ Սյունիքում, Գեղարքունիքում կամ Երևանում ապրող հայից: Դուք իրավունք չունեք նման կերպ խոսել այնտեղ ապրող մարդկանց մասին, որոնք այսօր անմարդկային ճնշման են ենթարկվում: Չե՞ք կարող օգնել, գոնե ձեր անճարությունը լուռ կուլ տվեք ու մի խոսե՛ք: Հերի՛ք է վնասեք մեր պետությանը ու մեզ բոլորիս:
Գեղարքունիքի զորամասում տեղի ունեցած ողբերգական դեպքը, որը 15 զինծառայողի մահվան պատճառ է դարձել, եկավ փաստելու, որ իշխանություններն ունակ չեն ապահովել մեր սահմանը պահողների անվտանգությունը իրենց իսկ զորամասում։ Ու՞ր է հրամանատարությունը, ու՞ր են անվտանգության կանոնները, ու՞ր եք դուք, ինչպե՞ս կարելի է նման անփութություն թույլ տալ։ Այս ի՞նչ իրավիճակ է, որքան խայտառակ ու ցուրտ, որ զինվորները նման քայլի գնան տաքանալու համար։ Սա է՞ ձեր պահած բանակը։ Այս ծանր ու բարդ իրավիճակում, էսկալացիայի վերսկսման վտանգի պայմաններում ձեր զգոնությունը պետք է հազարապատիկ առավել լինի։ Մի քանի հոգի կպատժվեն, կհեռացվեն, բայց իրական պատասխանատուները կշարունակեն իրենց հանցավոր անգործությունը, որի հետևանքները օր օրի անդառնալի են դառնում։

Ցավակցում եմ զոհվածների ընտանիքներին ու հարազատներին։ Ապաքինում
եմ մաղթում վիրավորներին։
Եվրոպական Խորհրդարանը Լեռնային Ղարաբաղում շրջափակման հումանիտար հետևանքների վերաբերյալ բանաձև է ընդունել: Բանաձևի տեքստը թարգմանել եմ հայերեն՝

A. Հաշվի առնելով, որ Լեռնային Ղարաբաղը Հայաստանին և արտաքին աշխարհին կապող միակ ճանապարհը ՝ Լաչինի միջանցքը, 2022 թվականի դեկտեմբերի 12-ից արգելափակվել է Ադրբեջանից ինքնահռչակ բնապահպանների կողմից, ինչը խաթարել է առաջին անհրաժեշտության ապրանքների և ծառայությունների, այդ թվում ՝ պարենի, վառելիքի և դեղորայքի հասանելիությունը Լեռնային Ղարաբաղում ապրող 120,000 մարդու համար ՝ փաստացի նրանց դնելով շրջափակման մեջ;

B. Հաշվի առնելով, որ շրջափակումը հանգեցրել է լուրջ հումանիտար ճգնաժամի, որն էապես ազդել է բնակչության առավել խոցելի խմբերի վրա, ինչպես նաև ծանր հիվանդ հիվանդների փոխանցումը գործնականում անհնար է, քանի որ այս իրավիճակի արդյունքում մեկ մարդ Է զոհվել, բացի այդ՝ հարյուրավոր ընտանիքներ մնում են բաժանված;

C. Հաշվի առնելով, որ այս հումանիտար ճգնաժամն էլ ավելի է խորացել Ադրբեջանի կողմից Լեռնային Ղարաբաղ բնական գազի մատակարարումների խախտման պատճառով, ինչի արդյունքում տները, հիվանդանոցներն ու դպրոցները մնացել են առանց ջեռուցման;

D. Հաշվի առնելով, որ աջակցելով Լաչինի միջանցքի շրջափակմանը ՝ Ադրբեջանը խախտում է 2020 թվականի նոյեմբերի 9-ի հրադադարի եռակողմ հայտարարության վերաբերյալ իր միջազգային պարտավորությունները, որով Ադրբեջանը պետք է երաշխավորի միջանցքով երկու ուղղություններով տեղաշարժվող մարդկանց, տրանսպորտային միջոցների և բեռների անվտանգությունը;

E. Հաշվի առնելով, որ Լաչինի միջանցքի օգտագործման խոչընդոտները խոչընդոտում են Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղ գործընթացին և խաթարում միջազգային վստահությունը;

Եվրոպական Խորհրդարանը՝

1. Ափսոսանք է հայտնում Լաչինի միջանցքի շրջափակման եւ Լեռնային Ղարաբաղի հակամարտության ողբերգական հումանիտար հետևանքների կապակցությամբ;

2. Կոչ է անում Ադրբեջանին հարգել և իրականացնել 2020 թվականի նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարությունը և անհապաղ վերաբացել Լաչինի միջանցքը  ապահովելու համար ազատ տեղաշարժը և հիմնական ապրանքների ու ծառայությունների հասանելիությունը՝ դրանով իսկ երաշխավորելով տարածաշրջանի անվտանգությունն ու բնակիչների ապրուստի միջոցները;

3. Ընդգծում է համապարփակ խաղաղության համաձայնագրի անհրաժեշտությունը, որը պետք է երաշխավորի Լեռնային Ղարաբաղի հայ բնակչության իրավունքներն ու անվտանգությունը, կոչ է անում Ադրբեջանին պաշտպանել Լեռնային Ղարաբաղում բնակվող հայերի իրավունքները և զերծ մնալ իր սադրիչ հռետորաբանությունից, որով հայերի նկատմամբ խտրականության կոչ է անում և դրդում հայերին լքել Լեռնային Ղարաբաղը;

4. Կոչ է անում Ադրբեջանին զերծ մնալ Հայաստանի և Լեռնային Ղարաբաղի միջև տրանսպորտային, էներգետիկ և կոմունիկացիոն կապերի հետագա գործունեության խափանումից;

5. Խստորեն դատապարտում է Ադրբեջանի կողմից Մարդու իրավունքների պաշտպանների և քաղաքացիական հասարակության կազմակերպություններին որպես քավության նոխազ օգտագործելու գործելաոճը և կոչ է անում ԵՄ–ի ու անդամ պետությունների ներկայացուցչություններին աջակցել նրանց աշխատանքին;

6. Դատապարտում է ռուս «խաղաղապահների» անգործությունը, գտնում է, որ անհրաժեշտ է շտապ բանակցություններ վարել նրանց ՄԱԿ-ի մանդատով ԵԱՀԿ միջազգային խաղաղապահներով փոխարինելու շուրջ;

7. Կոչ է անում միջազգային կազմակերպություններին անարգել մուտք գործել Լեռնային Ղարաբաղ՝ իրավիճակը գնահատելու և անհրաժեշտ մարդասիրական օգնություն ցուցաբերելու համար;

8. Կոչ է անում ՄԱԿ կամ ԵԱՀԿ փաստահավաք առաքելություն ուղարկել Լաչինի միջանցք ՝ տեղերում հումանիտար իրավիճակը գնահատելու համար;

9. Կոչ է անում անհապաղ վերսկսել առանց նախապայմանների Հելսինկյան եզրափակիչ ակտի սկզբունքների վրա հիմնված բանակցությունները;

10. Կոչ է անում ԵՄ-ին ակտիվ մասնակցություն ունենալ և ապահովել, որ Լեռնային Ղարաբաղի բնակիչներն այլևս Բաքվի ակտիվության, Ռուսաստանի ապակառուցողական դերի և Մինսկի խմբի անգործության պատանդը չլինեն;

11. Հանձնարարում է խորհրդարանի նախագահին այս բանաձևն ուղարկել Հայաստանին, Ադրբեջանին և միջազգային ինստիտուտներին։

Շատ լավ շեշտադրումներով բանաձև է, մնում է պնդել որոշ կետերի իրականացման վրա:

https://www.europarl.europa.eu/doceo/document/RC-9-2023-0075_EN.html
Ալիևը Դավոսի տնտեսական ֆորումի շրջանակներում ընթացող պանելային քննարկման ժամանակ իր ելույթում կրկին մեղադրեց Հայաստանին «Խաղաղության պայմանագիր» չստորագրելու և խաղաղությանը խոչընդոտելու մեջ: Նրա խոսքով, Վրաստանի վարչապետն առաջարկել է եռակողմ համագործակցության ձևաչափ, և Հայաստանը դա մերժել է: Պանելային քննարկման ժամանակ խոսվում էր Հարավային Կովկասում երկարաժամկետ խաղաղության հաստատման մասին, և Ադրբեջանը փորձ արեց Հայաստանին մեղադրել նման խաղաղությանը վտանգ ստեղծելու մեջ: Պանելային քննարկմանը ներկա էր նաև Վրաստանի վարչապետը։
Երեկ Ադրբեջանի ԳՇ պետը այցելել է օկուպացված Քարվաճառ և Լաչին՝ ստուգելու տեղի զորամասերի մարտական պատրաստության մակարդակը:  «ԳՇ պետը լսել է օպերատիվ իրավիճակի և մարտական հերթապահության կազմակերպման վերաբերյալ զեկույցներ, տվել համապատասխան հանձնարարականներ ՝ հնարավոր սադրանքները ժամանակին և վճռական կերպով կասեցնելու ուղղությամբ»,–նշված է հաղորդագրության մեջ:

Հիշեցնեմ նաև, որ հունվարի 14-ին Ադրբեջանի ՊՆ ղեկավարը ծառայողական խորհրդակցություն էր կազմակերպել, որի շրջանակներում Հասանովը կոնկրետ հանձնարարականներ էր տվել «ստորաբաժանումների մարտական պատրաստականության բարձր մակարդակի պահպանման և ցանկացած պահի հնարավոր սադրանքը կանխելու պատրաստակամության վերաբերյալ»:

Նման հայտարարությամբ նա հանդես էր եկել 2022 թ. հուլիսի 30-ին (երեք օր անց հարձակվեցին Լաչինի միջանցքի ուղղությամբ ու փոխեցին երթուղին), սեպտեմբերի 10–ին (2 օր անց նրանք հարձակվեցին ՀՀ–ի վրա), նոյեմբերի 5-ին և այս տարվա հունվարի 14-ին:

Այս զարգացումների ու հայտարարությունների ֆոնին կարդում ես իշխանականների ձևակերպումները ՀՀ ՊՆ 15 զինծառայողի ողբերգական մահվան կապակցությամբ և ևս մեկ անգամ համոզվում ես, թե որքան անհամարժեք ենք մեր առջև ծառացած սպառնալիքների հանդեպ: Ես չեմ կարող հասկանալ, թե ինչպես կարելի է այսպես արժեզրկել մարդկանց մեջ պայքարը, կռիվը, այսքան անտարբեր լինել, նման վերաբերմունք ձևավորել բանակի հանդեպ: Այսպես բանակ չեն պահում, այսպես բանակ քանդում են, իսկ դա այն բանակն է, որը միակ իրական ուժն է՝ հակառակորդից եկող սպառնալիքներին դիմակայելու համար:
Կովկասի մահմեդականների վարչության նախագահ, Շեյխ ուլ իսլամ Ալլահշուքյուր Փաշազադեն խիստ սրտնեղել է, որ Երևանն ու Թեհրանը հռչակվել են քույր քաղաքներ: «Իմ վերաբերմունքը դրան բացասական է: Իրանը մեծ սխալ է գործում իսլամի պատմության մեջ, և դա անթույլատրելի է: Մենք նրանց եղբայր ենք կոչել, սակայն համոզվեցինք, որ նրանք այլ եղբայրներ ունեն, մենք նրանց համար խորթ ենք: Հուսով եմ՝ Իրանը կհասկանա իր սխալը, նրանք մեր դեմ քայլեր չպետք է անեն»:

Փաշազադեն զգուշորեն մոռանում է, թե Ադրբեջանը ինչ քայլեր է արել Իրանի դեմ: Ինչպես է Իսրայելին հարմարավետ տեղավորել Իրանի քթի տակ: Ինչպես է սպառնում ՀՀ–Իրան սահմանին: Ադրբեջանի հակաիրանական քայլերի մասին մանրամասն կարող եք կարդալ այստեղ 👇

https://hy.armradio.am/2023/01/17/%d5%ab%d5%9e%d5%b6%d5%b9-%d5%a1%d6%80%d5%aa%d5%a5-%d5%ab%d5%bd%d6%80%d5%a1%d5%b5%d5%a5%d5%ac%d5%ab-%d5%bc%d5%a1%d5%a6%d5%b4%d5%a1%d5%af%d5%a1%d5%b6-%d6%85%d5%aa%d5%a1%d5%b6%d5%a4%d5%a1%d5%af%d5%b8/
Ինչու՞ Արցախում ընտրվեց դիմադրության ուղին և ի՞նչ նշանակություն ունի դա Հայաստանի Հանրապետության համար:

Այս և այլ հարցերի մասին՝ Շաքե Իսայանի հետ իմ հարցազրույցում

https://www.youtube.com/watch?v=Bjt4TjsCtiM
Մի ադրբեջանցի պատգամավոր իր հարցազրույցներից մեկում ասել էր` 《մեր խնդիրը հայ ժողովրդին բարոյահոգեբանական առումով ոչնչացնելն է》։ Զինվորների ողբերգական մահվան հարցի համատեքստում ևս մեկ անգամ համոզվեցի, որ մեր ժողովրդին բարոյահոգեբանական առումով ոչնչացնելու հարցում առաջամարտիկ են ՀՀ իշխանությունն ու խոհրդարանական ընդդիմությունը, նրանց հարող լրատվականներն ու ֆեյքերը...
Տարրական ապրումակցում չկա, քաղաքական ամբիցիաները սպանել են ամեն ինչ։
Հ.Գ Այդ խայտառակ վիդեոն ամենաշատը ադրբեջանական տելեգրամ ալիքներն են տարածում։
Փաշինյանի վարած քաղաքականության հետ կապված մի անեկդոտ կա: Ասում են՝ ինչպե՞ս ես արել, որ իրավիճակն այնքան վատ է, որ մարդիկ մտածում էլ ավելի վատ այլևս հնարավոր չէ, նա ի պատասխան ասում է՝ դուք ինձ թերագնահատում եք:

Այս և այլ հարցերի մասին Կարպիս Փաշոյանի հետ իմ հարցազրույցում՝

https://www.youtube.com/watch?v=bRVfdC-I-nE&t=1051s
Արցախի պետնախարար Ռուբեն Վարդանյանը հարցազրույց է տվել BBC Hard Talk–ին: Հիշեցնեմ, որ նման հարցազրույցներ ՀՀ պաշտոնյաներից ունեցել են Զոհրապ Մնացականյանը և Նիկոլ Փաշինյանը: Չեմ հիշում դեպք, որ Արցախից որևէ պաշտոնյա հարցազրույց ունենա այս հաղորդման շրջանակներում: Չեմ տեսել նաև, որ ադրբեջանցի պաշտոնյա հյուրընկալվի այս հաղորդմանը: Իսկապես բարդ ձևաչափ է, հնչող սուր, ոչ հաճելի հարցեր և պատասխանելու շատ քիչ ժամանակ:

Ոչ զարմանալիորեն, հարցազրույցի մասին առաջինը գրել են ադրբեջանական աղբյուրները: Հարցազրույցը դեռ չի տեղադրվել BBC–ի յութուբյան ալիքում: Ադրբեջանական աղբյուրների հաղորդմամբ՝ Վարդանյանը խոսել է բլոկադայի, դրա հետևանքով ստեղծված հումանիտար ճգնաժամի մասին: Վարդանյանը նշել է, որ Արցախում հայերն ապրում են հազարամյակներով: Նա նշել է, վերջին 35 տարիներին հայերը համառ պայքար են մղում անկախության ճանաչման համար: Նշել է, որ Արցախը երբեք չի եղել ներկայիս Ադրբեջանի մաս: Արցախը Ադրբեջանական ԽՍՀ–ից դուրս է եկել բոլոր իրավական կարգավորումների համաձայն: Նա խոսել է Արցախի ու Ադրբեջանի քաղաքական համակարգերի տարբերությունից և շեշտել, որ եթե Արցախում արդեն չորս ղեկավար է փոխվել, ապա Ադրբեջանում տասնամյակներով նույն ընտանիքն է ղեկավարում երկիրը: Կրկին շեշտել է, որ պատրաստ են բանակցությունների, պատրաստ են ապրել որպես հարևաններ, բայց չեն լինի Ադրբեջանի մաս: Նա նշել է նաև միջազգային հանրությունից եկող օգնության մասին: Հնչել են հարցեր նրա անձի հետ կապված, ինչպես նաև՝ Հայաստանի և Ռուսաստանի հետ ունեցած հարաբերությունների մասին: Հարցազրույցի վերջում Վարդանյանը ասել է, որ անկախ նրանից կզբաղեցնի պաշտոն, թե չէ, ինքը կմնա Արցախում, քանի որ եկել է Արցախ՝ մարդկանց կողքին լինելու և այս փորձությունները միասին հաղթահարելու նպատակով:

Կարծում եմ այս հարցազրույցը և հնչած մտքերը շատ կարևոր են Արցախի շրջափակման ու դրա հետևանքով ստեղծված իրավիճակի ներկայացման առումով: Վստահ եմ, որ հարցազրույցը շուտով հասանելի կլինի յութուբյան ալիքով: Բայց քանի որ սա շատ է նյարդայնացրել ադրբեջանական կողմին, առաջինը նրանք են գրել ու հրապարակել հարցազրույցի բովանդակությունը: